«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2009-09-10 | #163, 2009-09-11 | #164, 2009-09-12


ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆ ԱՌԱՎԵԼ ՀԵՏԱՔՐՔՐԱԿԱՆ ԿԴԱՌՆԱ

Փաստում է տրանսպորտի եւ կապի նախարարը

Իրան-Հայաստան երկաթուղին ավելի հետաքրքրական կդառնա հայ-թուրքական սահմանի բացման դեպքում, քանի որ շնորհիվ այդ երկաթուղու Եվրոպայից դեպի ասիական տարածաշրջան, մինչեւ Չինաստան եւ հակառակ ուղղությամբ, հնարավոր կլինի բեռներ տեղափոխել երկաթուղովՙ անցնելով Հայաստանի եւ Թուրքիայի տարածքներով: Այս կարծիքը երեկ հայտնեց տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Կառավարությունում հրավիրված նախարարի մամուլի ասուլիսը, սակայն, հիմնականում առնչվում էր ճանապարհաշինության ոլորտում կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին:

Տրանսպորտի եւ կապի նախարարը հայտնեց, որ 2009-ի ընթացքում իրականացվում եւ իրականացվելու են մի շարք ծրագրեր, որոնք կարեւոր նշանակություն ունեն եւ կրում են հակաճգնաժամային բնույթ: Դրանցից առաջինը պետական բյուջեով նախատեսված 186 կմ ճանապարհների եւ 6 կամուրջների նորոգումն է, որի համար հատկացվել է 8,3 մլրդ դրամ:

Երկրորդ ծրագիրն իրականացվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) մոտ 65 մլն դոլար վարկով, որով նախատեսվում է նորոգել 227կմ ավտոճանապարհներ: Դրանց մոտ կեսըՙ 110 կմ-ը կնորոգվի այս տարի, մյուս կեսըՙ 2010-ին: Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ կկառուցվի 100 կմ ճանապարհ եւ եւս 36 մլն դոլար կտրամադրվի 160 կմ ճանապարհների հիմնանորոգման համար:

Գուրգեն Սարգսյանն առանձնացրեց ռազմավարական նշանակություն ունեցող Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունըՙ հայտնելով, որ այդ նախագիծն իրականացվում է Ասիական զարգացման բանկի հետ համատեղ, եւ եթե ամեն ինչ ընթանա բնականոն հունով, ապա եկող տարվա ապրիլից կսկսվի այդ ճանապարհի Երեւան-Գյումրի հատվածի շինարարությունը: Ֆինանսավորման երրորդ մասնաբաժինը կկազմի 500-700 մլն դոլար, որը տրամադրելու է դարձյալ ԱԶԲ-ն:

Ասիական զարգացման բանկի հետ համատեղ նախատեսվող հաջորդ խոշոր նախագիծը մեր պետության համար ռազմավարական հայտարարված Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումն է: Բանկը դրամաշնորհ է տրամադրելու տեխնիկատնտեսական հիմնավորման համար: Դրա մշակումը կտեւի 6-7 ամիս, որից հետո արդեն կսկսվեն նախագծա-նախահաշվային աշխատանքները: Նախարարը տեղեկացրեց, որ այս ծրագրի առնչությամբ գործում է երեք երկրներիՙ Հայաստանի, Իրանի եւ Ռուսաստանի տրանսպորտի նախարարների ղեկավարած հանձնաժողովը, եւ ստեղծվել է հատուկ պետական ընկերություն:

Գյուղական ճանապարհների շինարարության մեկ այլ ծրագրի ֆինանսավորման նպատակով ներկայումս բանակցություններ են տարվում Ճապոնական զարգացման բանկի հետ, որոնք, հավանաբար, կավարտվեն այս տարվա դեկտեմբերին: Խոսքը 70-100 մլն դոլարի ծրագրի մասին, որով առաջիկա 2-3 տարվա ընթացքում կվերակագնվեն գյուղերը հիմնական մայրուղուն կապող ճանապարհները:

Լրատվամիջոցներից մեկում ավտոկայարանների իրավիճակի մասին բերված տեղեկություններին վերաբերող հարցին պատասխանելով, Գուրգեն Սարգսյանն ամբողջությամբ հերքեց դրանք, ավելացնելով, որ բոլոր խոշոր կայարանների տնօրենները շարունակում են աշխատել:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4