«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#162, 2009-09-10 | #163, 2009-09-11 | #164, 2009-09-12


ԱՐԵՎԱԴԱՇՏԸ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՆՈՒՄ Է

Օազիս` անապատում

Անկեղծ ասած, երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում կարող է այդպիսի գյուղ լինել: Գյուղ, որտեղ չկա դպրոց, որեւէ ուսումնական կենտրոն, նույնիսկ խմելու ջուրը մարդիկ դույլերով են գնել, մի խոսքով, գյուղ` բառիս բուն իմաստովՙ անապատում:

Խոսքը Արմավիրի մարզի Արեւադաշտ գյուղի մասին է, որտեղ սեպտեմբերի 10-ը հիշարժան օր դարձավ:

Արգենտինահայ գործարար-բարերար Էռնանդո Էռնեկյանի ջանքերով այդ օրը գյուղում բացվեց ժամանակի չափանիշներին համապտասխան մանկապարտեզ, որտեղ շուրջ 300 տնտեսություն ունեցող գյուղի 35 երեխաներ են հաճախելու: Մանկապարտեզն ունի խաղահրապարակներ, ծաղկանոցներ, մանուկներն ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով, կահույքով, խաղալիքներով: Հիգիենայի վիճակը գերազանց է` մաքուր, կոկիկ լվացարաններ, օճառներ եւ այլն:

Ինչպես տեղեկացանք, մանկապարտեզն ապահովելու է 13 հաստիքային աշխատատեղեր: Էռնեկյանի ֆինանսավորմամբ լուծվել է նաեւ մանկապարտեզը խմելու ջրով ապահովելու հարցը: Հորատվել է 165 մ խորությամբ հոր, կառուցվել պոմպակայան եւ ջրի ֆիլտրման կայան` ժամում 5000 լիտր ֆիլտրելու հնարավորությամբ: Սա մասամբ լուծում է նաեւ Արեւադաշտի թիվ մեկ` խմելու ջրի խնդիրը:

Պարոն Էռնեկյանը նվիրատվություն էր արել նաեւ Արմավիրի բժշկական կենտրոնին` նոր, ամբողջովին ԱՄՆ-ում սարքավորված շտապօգնության մեքենա` բոլոր անհրաժեշտ սարքավորումներով ու պարագաներով: Այս մեքենան ունի բարձր անցողունակություն եւ կարող է օգտագործվել ինչպես քաղաքում, այնպես էլ ոչ բարվոք ճանապարհներ ունեցող բնակավայրերի հիվանդներին օգնություն ցուցաբերելու համար:

Արարողությանն իր բարձր մասնակցությունն էր բերել Վեհափառ հայրապետը: Նա օրհնեց մանկապարտեզի բացումը եւ մասնավորապես ասաց, որ ինքը ճանաչում է Էռնեկյանին որպես իսկական հայորդու:

Ներկա էին նաեւ ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը, առողջապահության նախարար Հ. Քուշկյանը եւ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ըստ որի` «սփյուռքի միակ նպատակը պիտի լինի զարգացնել հայրենիքը, ինչն այսօր տեսանելի է»:

Պարոն Ղահրամանյանը Էռնեկյանին պարգեւատրեց Արմավիրի «Պատվավոր քաղաքացի» կոչումով եւ ասաց. «Բոլոր սյուռքահայերը պետք է օրինակ վերցնեն պարոն էռնեկյանից»:

Արեւադաշտի գյուղապետից տեղեկացանք , որ գյուղի բնակչության 74 տոկոսը հայեր են, 26 տոկոսը` եզդիներ, եւ զբաղվածության հիմնական տեսակը հողագործությունն ու անասնապահությունն են: Նա հույս հայտնեց, որ նորակառույց մանկապարտեզը մանուկներին անվճար կընդունի, քանզի գյուղի սոցիալական վիճակը խիստ ծանր է:

Մանկապարտեզը, որը ստեղծվել է ի հիշատակ Էռնեկյանի ծնողների` Փանոս Էռնեկյանի եւ Սուրբինա Բագրատունու, հիրավի օազիս է հիշեցնում անապատի մեջ:

Հ. ԱՖՅԱՆ

Հ.Գ. Արեւադաշտ գյուղի սոցիալ-տնտեսական իրավիճակը գրեթե անմխիթար է: Նույնիսկ գյուղապետարանի շենքը կիսակառույց է: Չնայած գյուղապետն ասաց, որ համայնքն ունի բժիշկ, որը գյուղում չի բնակվում, գյուղացիներից ոմանք «Ազգ»-ին ասացին, որ որեւէ բժիշկ այս կողմերում, չեն տեսել: Գրեթե բոլոր տներն անմխիթար վիճակում են:

Արեւադաշտում խնդիրները դեռ շատ են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4