Թուրքական «Միլիեթ» թերթին հայտարարել է Էդուարդ Շարմազանովը
Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների հրապարակումը բուռն հակազդեցություն է առաջ բերել ինչպես մեր հանրապետությունում, այնպես էլ սփյուռքում: Ընդդիմադիրները դրանք որակում են թուրքերին արված միակողմանի զիջում եւ նախագահ Սերժ Սարգսյանի իշխանություններին մեղադրում են Կարսի պայմանագրի, Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցերում Թուրքիայի տեսակետներին տուրք տալու մեջ:
Հատկանշական է, որ թուրքական ընդդիմությունն էլ Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունների գլխավորությամբ վարչապետ Էրդողանին եւ նրա կառավարությանն է մեղադրում, թե այդ նույն հարցերում, որդեգրելով հայամետ դիրքորոշում, միակողմանի զիջումներ է արել Հայաստանին, դավաճանելով ինչպես «եղբայրական» Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի ազգային շահերին:
Այլ կերպ, զույգ արձանագրությունների հրապարակման առնչությամբ նախանձելի չէ նաեւ վարչապետ Էրդողանի կառավարության վիճակը: Թուրքական մամուլը նույնպես ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի հետ «հաշտեցման» գործընթացի շուրջ Թուրքիայում ծավալվող զարգացումները, ուշադիր հետեւում է հայկական սփյուռքի զարգացումներին, ավելին, ունենալով հնարավորություն, լրագրողներ է գործուղում Հայաստան, որպեսզի թուրք հասարակությանն իրազեկի արձանագրությունների հայկական արձագանքների մասին եւ շոշափի հայկական կողմի տրամադրությունները:
Այս ամենի առումով, պատահական չէր «Միլիեթի» երեկվա համարում «Մենք լավատես ենք, նույն կամքն ակնկալում ենք վարչապետ Էրդողանի կառավարությունից» վերնագրով հրապարակված հոդվածը, որին հետեւելու են այլ հոդվածներ, ինչպես, ասենք, «Ո՞րն է ընդդիմության զայրույթի պատճառը, ինչո՞ւ Դաշնակցականները նսեմացված են համարում Հայաստանը» վերնագրով 2-րդ հոդվածը, որն այսօր լույս է տեսնելու: Համենայն դեպս, նախորդ հոդվածում «Միլիեթը», վկայակոչելով Ազգային ժողովում «Հանրապետական» կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովին, գրում է, որ արձանագրությունների վավերացման հարցում հայաստանյան իշխանություններին հուսադրում է իշխող կուսակցությունների մեծամասնությունը խորհրդարանում, ապա եւ շարունակում. «Շարմազանովին հանդիպեցինք «Հանրապետականի» կենտրոնական վարչությունում: Նա ասաց. «Մենք խորհրդարանում մեծամասնություն ենք կազմում, հետեւաբար լավատես ենք, քաղաքական այդ նույն կամքն ակնկալում ենք վարչապետ Էրդողանի կուսակցությունից: Հայաստանը հետեւելու է ժամանակացույցին»:
Երբ փորձեցինք մանրամասնել արձանագրությունները, Շարմազանովը նշեց, որ դրանց որոշ դրույթներ տեղիք են տալիս տարաբնույթ մեկնաբանությունների, սակայն հակառակ հայկական եւ թուրքական հասարակություններում տիրող կարծիքի, պատմական խնդիրների ենթահանձնաժողովում Ցեղասպանության հարցը չի դրվելու քննարկման, սահմանների ճանաչումը չի ենթադրում, որ իրենք հրաժարվելու են հետայսու Արեւելյան Անատոլիան որպես Արեւմտյան Հայաստան բնութագրելուց, եւ երբեւէ չեն դադարեցնելու Ցեղասպանության պնդումները:
«Ենթահանձնաժողովը չի կարող վիճարկել Ցեղասպանությունը»
Ահա թե այս հարցի առնչությամբ ինչ ասաց Շարմազանովը. «Ցեղասպանությունն իրողություն է, ենթակա չէ վիճարկման: Ոչ ոք չի կարող կասկածի տակ դնել մարդկության դեմ կատարված այս հանցագործությունը»:
«Աղրի դաղըՙ Արարատն է»
Նա շարունակեց. «Դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո, ինչ խոսք, պետք է ճանաչվի Թուրքիայի հետ ընդհանուր սահմանը: Սակայն Վանը, Մուշը, Իգդիրը հայերի համար միշտ էլ մնալու են որպես Արեւմտյան Հայաստան: Ինչպես Կոստանդնուպոլիսը հույնի համար չի կարող Ստամբուլ դառնալ, այնպես էլ Արեւմտյան Հայաստանը չի դառնա Արեւելյան Անատոլիա: Հայկական սփյուռքը կարող է հակադրվել արձանագրություններին, դա նրանց իրավունքն է: Մենք հանդիպելու եւ բացատրելու ենք սփյուռքի ներկայացուցիչներին, որ արձանագրությունները բխում են Հայաստանի, նաեւ Թուրքիայի շահերից»:
Ղարաբաղի առնչությամբ «միջազգային իրավունքի» ընդգծում
Շարմազանովը կարծիք հայտնեց. «Հայ-թուրքական հարաբերությունները չի կարելի պայմանավորել 3-րդ երկրի վերաբերմունքով: Ղարաբաղի հակամարտության հարցում Հայաստանը ելնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելությունից: Մենք ուզում ենք, որ հակամարտությունը լուծվի միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»:
Թուրքիան, նախաստորագրելով երկու շաբաթ առաջ հրապարակված արձանագրությունները, Հայաստանի հետ տարիների վաղեմություն ունեցող հիմնախնդիրները լուծելու եւ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ պատմական քայլ կատարեց: Հայաստանն արդեն տարիներ շարունակ «առանց նախապայմանի դիվանագիտական հարաբերություններ հաստատելու» կոչ էր անում Թուրքիային: Արձանագրությունների հրապարակումը, բացի Թուրքիայից, բուռն քննարկումների տեղիք տվեց նաեւ Հայաստանում: Որքան էլ հայկական կառավարությունը Թուրքիայի հետ նախաստորագրված արձանագրությունները փորձի որպես «դիվանագիտական հաղթանակ» ներկայացնել հասարակությանը, ընդդիմությունը կատաղի հակադրվում էՙ պատճառաբանելով, թե արձանագրության առանձին դրույթներ «ի վնաս Հայաստանի» են: Ծանոթ տեսարան է դեռեւս Թուրքիայից»:
Այնուհետեւ «Միլիեթը» գրում է, որ պատմական հարցերի ենթահանձնաժողովում «Ցեղասպանության» հարցի քննարկման կանխավարկածը ընդդիմադիր Հայ հեղափոխական եւ «Ժառանգություն» կուսակցությունների հետ զայրացրել է նաեւ հայ հասարակության լայն շրջանակներին, որքան էլ նրանք կողմ լինեն Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը:
Հ. ՉԱՔՐՅԱՆ