Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչությունը հայտարարություն է տարածել, որը վերաբերում է 2009-ի օգոստոսի 31-ին Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ նախաստորագրված փաստաթղթին:
Հայտարարության մեջ նշվում է, որ հայ եւ թուրք ժողովուրդների հարաբերության եւ նորանկախ ՀՀ-ի համար պատմականորեն հատկանշական իրադարձություն է այն, որը ծանրակշիռ անդրադարձ պետք է ունենա Հայաստանի Հանրապետության եւ աշխարհասփյուռ հայության համար:
«Մեր ժողովուրդը, հայրենիքի եւ սփյուռքի մեջ, սպասումով եւ մտահոգությամբ է հետեւում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոն զարգացման շուրջը տեղի ունեցող բանակցություններին», նշված է հաղորդագրության մեջ:
Հաղորդագրության մեջ նաեւ նշվում է. «Մեր կարծիքովՙ Հայաստանը, իր աշխարհաքաղաքական մարտահրավերներից ելնելով, պարտավոր է դրական եւ անկեղծ կեցվածք ընդունել Թուրքիայի հետ բանակցություններ նախաձեռնելու ուղղությամբ: Այս ամենը բխում է ազգային անվտանգության պահանջներից, նաեւ երկրի տնտեսության զարգացման համար կենսական նշանակություն ունեցող հաղորդակցության միջոցների ապահովումից: Այս քաղաքականությունը, սակայն, չի կարող իրականացվել ի հաշիվ հայ ժողովրդի պատմական իրավունքների»:
Հայաստան-Թուրքիա բանակցությունների ընթացքում մշակված նախագծերը, ըստ ՀԲԸՄ-ի, ուղղակի թե անուղղակի կերպով անդրադառնալու են Ցեղասպանությանը եւ մեր հողային պահանջներին:
ՀԲԸՄ-ն վստահ է նաեւ, որ Հայաստանի համար Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատելը գործնականում դժվար է. «Մենք հավատում ենք , որ մեր իշխանությունները կիսում են մեր մտահոգությունները, կապված Թուրքիայի կողմից շարունակվող հակահայկական քաղաքականության հետ եւ կիսում են թուրքական անկեղծության հանդեպ մեր ունեցած կասկածները: Մենք գնահատում ենք ՀՀ նախաձեռնությունը եւ մեր աջակցությունը կցուցաբերենք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ բարիդրացիական հարաբերությունների հաստաման ջանքերին եւ հայ ժողովրդի պատմական պահանջների եւ իրավունքների պահպանմանը»:
(Հայտարարության ամբողջական բնագրին կարելի է ծանոթանալ «Ազգ»-ի կայքէջում):
Ն. Մ.