«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2009-09-12 | #165, 2009-09-15 | #166, 2009-09-16


ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ «ՀԱՇՏԵՑՈՒՄԸ» ՀՐԱՊՈՒՐԵԼ Է ՆԱԵՎ ԱՄՆ-Ի ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Անկախ հայերի նկատմամբ նրանց ընդգծված թշնամական դիրքորոշումից

«Հաշտեցման» այս գործընթացը լայն արձագանք է գտել Արեւմուտքում: Գործընթացին աջակցում են նաեւ Արեւմուտքում գործող թուրքական միություններն ու կազմակերպությունները: Հատկանշական է, որ թուրքական պետական կառույցների անմիջական վերահսկողության տակ գտնվող այս կազմակերպությունները, անկախ պաշտոնական կայքէջերում մատնանշված առաջադրանքից եւ հիմնադրման նպատակից, իրենց ողջ կարողությունը կենտրոնացնում են «հայերի ցեղասպանության անհիմն պնդումների դեմ» պայքարի եւ սփյուռքահայության «հակաթուրքական» գործունեությունը չեզոքացնելու վրա, որդեգրելով ընդգծված թշնամական դիրքորոշում հայերի եւ Հայաստանի նկատմամբ:

Այս կազմակերպությունների մեջ առանցքային դիրք ունեն Ամերիկայի թուրքական միությունների համագումարըՙ ATAA-ն, Ամերիկայի թուրքական միությունների ֆեդերացիանՙ FTAA-ն, ինչպես նաեւ Թուրքական ֆորումըՙ TF-նՙ այն առումով, որ սրանք հայերի եւ Հայաստանի նկատմամբ իրենց թշնամանքն արտահայտելիս անցնում են լկտիության տեսանելի եւ անտեսանելի բոլոր սահմանները:

Դրանում համոզվելու համար բավական է նշել Նեւզաթ Նեզիհ Շիշմանի Թուրքական ֆորումի պաշտոնական կայքէջում դեռեւս 2008-ի հունիսի 23-ին տեղադրված հոդվածը: Հոդվածի նախաբանում բառացի նշվում է. «Աշխարհում թերեւս ոչ մի ժողովուրդ թուրքերին, քրդերին, մահմեդականներին, Մերձավոր եւ Միջին Արեւելքի ժողովուրդներին այնքան մեծ վնաս չի պատճառել, որքան հայերը: 1903-1919 թթ. հայերն Անատոլիայում եւ Կովկասում սպանելով 1 մլն 850 հազար թուրքի, քրդի, չեչենի, վրացու եւ չերքեզի, լիարժեք ցեղասպանություն են իրականացրել: Աշխարհի հայաբնակ բազմաթիվ քաղաքներում նրանք սպանել են թուրք դիվանագետներին: Մենքՙ սկսած Սիդնեյից, վերջացրած Բուրգասով, Լոս Անջելեսով, Վիեննայով, Լիսաբոնով եւ Փարիզով, գիտենք, ճանաչում ենք այս մարդասպաններին եւ սպանություններում նրանց քաջալերողներին»:

Հայերի եւ Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ում գործող թուրքական միությունների թշնամական դիրքորոշումը մնում է նույնը: Այսինքնՙ նրանք դա չեն վերանայում: Պարզապես Հայաստան-Թուրքիա «հաշտեցման» ներկա փուլում վերանայվում է թշնամանքի արտահայտման նպատակահարմարությունը: Այսպիսով, այս միություններն սկսում են սատարել «հաշտեցմանը»: Հայաստան-Թուրքիա «հաշտեցմանը» սատարողների մեջ էլ, ըստ երեւույթին, առանձնանում է դեռեւս 2007-ին Վաշինգտոնում հիմնադրված Ամերիկայի թուրքական կոալիցիանՙ TCA-ն:

Այս կազմակերպությունը սեպտեմբերի 14-ի հաղորդագրությամբ ողջունել է Հայաստան-Թուրքիա դիվանագիտական հարաբերությունների հաստատման եւ երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունների հրապարակումը, հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը նպաստելու պատրաստակամություն է հայտնել, միաժամանակ կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսինՙ պահանջելով լիարժեք աջակցություն հայ-թուրքական հաշտեցման գործընթացին, նաեւՙ կառուցողական դերակատարության դրսեւորում ԱՄՆ-ի հայերի եւ թուրքերի միջեւ երկխոսության հաստատման գործում:

Նշելով այդ մասին, թուրքական մասնավոր TGRT հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Ամերիկայի թուրքական կոալիցիան հաղորդագրությամբ անդրադարձել է նաեւ 1915-ի իրադարձություններին, ընդգծելով համատեղ վշտի ու ողբերգության բնութագրումը պատմաբանների եւ այլ մասնագետների հայեցողությանը թողնելու այսպես կոչված անհրաժեշտությունը: Միաժամանակ միությունը հայտարարել է, որ պատրաստ է կրթաթոշակ նշանակել ամերիկահայ 100 ուսանողների, որոնք ցանկություն կհայտնեն բարձրագույն ուսում ստանալու Թուրքիայի եւ «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» համալսարաններում:

Հ. ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4