People in need չեխական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը գործում է փետրվարից: Նպատակն է` վերադարձող միգրանտներին ինտեգրել հասարակությանը, բարձրացնել նրանց իրավագիտակցության մակարդակը: Կենտրոնը համագործակցում է Ֆրանսիայի, Գերմանիայի դեսպանատների, արտգործնախարարության հետ:
Երեւանի միգրացիոն տեղեկատվական կենտրոնի համակարգող Ամալյա Գրիգորյանը նկատում է, որ շուտով կլինեն հանդիպումներ հյուպատոսների հետ` կանխելու ոչ օրինական միգրանտների հոսքը: Կենտրոնի աշխատակիցներն առաջին հերթին միգրանտներին տրամադրում են տեղեկատվություն ՌԴ կամ ԵՄ երկրների օրենսդրության վերաբերյալ, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան: Պրոբլեմների դեպքում էլ գործում է թեժ գիծ, որի միջոցով կենտրոնի աշխատակիցներն արդեն կարողացել են օգնել մի շարք միգրանտների: Օրինակ, ավելի քան 17 տարի Ռուսաստանում ապրող հայ քաղաքացու անձնագիրը փոխված չէր, եւ նա ընտանիքի անդամների հետ իրավունք չուներ վերադառնալու Հայաստան: Հայ քաղաքացին զանգահարել է թեժ գիծ, համապատասխան միջոցառումներից հետո նրան հայրենիք վերադարձի իրավունք է ընձեռվել:
Կենտրոնը վերադարձած միգրանտների համար պատրաստել է դասընթացներ, մասնավորապես` հաշվապահություն: Գործում են նաեւ բիզնես նախագծեր այն միգրանտների համար, ովքեր Հայաստանում ցանկանում են սեփական գործը հիմնել: 1.800.000 դրամի սահմաններում վարկը հիմնականում ներառում է գործիքների, սարքավորումների տրամադրում:
Միգրացիոն տեղեկատվական կենտրոններ են գործում մայրաքաղաքում եւ չորս մարզերում` Գեղարքունիք, Շիրակ, Կոտայք եւ Տավուշ: «Յուրաքանչյուր շահառուի անհատական մոտեցում ենք ցուցաբերում, որպեսզի վստահության կամուրջ ստեղծվի: Քչերը գիտեն մեր մասին, քչերն են հավատում, որ իրենց խնդիրներով մտահոգվողներ կան, բայց երբ իմանում են, որ մեկին օգնել ենք, անպայման դիմում են, զանգահարում, ցանկություն հայտնում մասնակցելու դասընթացներին», նկատում է Ամալյա Գրիգորյանը:
Կենտրոնին դիմողների հիմնական խնդիրը վերադարձի կազմակերպման հարցերն են: Ընդհանուր թվով 61 հավաքական միգրանտի եւ 48 վերադարձածի տրվել է խորհրդատվություն:
Ծրագրի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գալուստ Նանյանն էլ նկատեց, որ փոքրիկ վերլուծություն են կատարել ու հիմնական երկիրը, որտեղ կա միգրանտների հսկայական հոսք եւ վերադարձ` Ռուսաստանի Դաշնությունն է:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ