Միջազգային ճգնաժամային խմբի ուշադրության կենտրոնում
Երեկ այդ մասին կայքէջում նշել էր «Եվրոնյուզի» թուրքական տարբերակըՙ հրապարակելով Միջազգային ճգնաժամային խմբի փորձագետ Հյուկ Պոպի «Թուրքիան եւ Հայաստանը երդվեցին ապաքինել անցյալի վերքերը» վերնագրով հոդվածը:
Հոդվածում Պոպը գրում է. «Թուրքիայի եւ Հայաստանի ղեկավարները պետական գործչին արժանավայել համարձակ քայլ կատարեցին: Եթե դա հաջողությամբ պսակվի, երկու կողմերն էլ կշահեն: Հայաստանը կթոթափի պաշարվածության եւ մեկուսացվածության զգացումը: Նրա առջեւ կբացվի դեպի Եվրոպա տանող առեւտրական եւ հոգեբանական դուռը: Նա հետամուտ կլինի պաշտպանելու Թուրքիայում բնակվող տասնյակ հազարավոր հայերի շահերը, ձեռք կբերի էլեկտրաէներգիայի ավելցուկն արտահանելու հնարավորություն, նրա համար մատչելի կդառնան հայկական մշակույթի եւ կրոնի համար կարեւոր նշանակություն ունեցող այն կենտրոնները, որոնք Թուրքիայի տարածքում են»:
Այնուհետեւ հոդվածագիրը շարունակում է. «Ձեռքբերումները կարեւոր են նաեւ Թուրքիայի համար: Հայաստանի հետ հաշտեցման դեպքում Թուրքիան Արեւմուտքի եւ Եվրոպայի դաշնակիցներին կապացուցի, որ հետաքրքրվում է Հայկական հարցով, հնարավորություն կստանա Հարավային Կովկասի երեք հանրապետությունների հետ համագործակցությունը ծառայեցնելու տարածաշրջանի կայունությանն ու բարեկեցությանը: Եվ վերջապես, Հայաստանի կողմից նրա սահմանների ճանաչման պայմաններում նա բավարարված կզգա: Օգոստոսի 31-ին արձանագրությունների հրապարակմամբ կատարված այս քայլը սպասվում էր դեռեւս ապրիլին: Սակայն Թուրքիան հետ կանգնեց: Նրա վարանման պատճառն Ադրբեջանի ճնշումներն էին, ինչպես նաեւ ընդդիմության բացասական վերաբերմունքը Հայաստանի հետ համագործակցությանը:
Միաժամանակ Թուրքիան, միանալով Ադրբեջանին, սկսել էր հակահայաստանյան դիրքորոշում դրսեւորել: Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման հարցի վերստին մուտքը օրակարգ կարելի է համարել ուղեգիծը փոխելու Թուրքիայի պատրաստակամության ազդանշան»:
Հ. Չ.