«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#164, 2009-09-12 | #165, 2009-09-15 | #166, 2009-09-16


ԱՐՏՈՆՅԱԼ ՎԱՐԿԵՐ ԿՍՏԱՆԱՆ ՆԱԵՎ ԳԻՆԵԳՈՐԾԱԿԱՆ ՓՈՔՐ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այս տարի Արցախում սպասվում է մինչեւ 15 հազար տոննա բերք: Գինեհումքի մթերումը պատշաճ կազմակերպելու խնդիրներին նվիրված խորհրդակցությունում, ինչպես տեղեկացնում են կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Արա Հարությունյանը խնդիր է դրել ոլորտի պատասխանատուների առաջ` չլինի չիրացված բերք, եւ խաղողարտադրողները ստանան արժանի փոխհատուցում:

Խորհրդակցությանը ներկա մթերող ընկերությունների ներկայացուցիչները հայտնել են, որ իրենք խաղողի գինեհումք կընդունեն մեկ կիլոգրամը 100 դրամի սահմաններում: Ըստ նրանց ներկայացրած տեղեկությունների` մթերման հնարավորությունները բավարար չեն սպասվող ամբողջ բերքը մթերելու համար, եւ վարչապետը գյուղնախարար Արմո Ծատրյանին հանձնարարել է ուսումնասիրել ու գրանցել նաեւ հանրապետությունում գինեգործությամբ զբաղվող փոքր արտադրությունները: Նրանք եւս արտոնյալ վարկերի տեսքով ֆինանսական աջակցություն կստանան: Վարկերը կտրվեն 6 տոկոս դրույքաչափով` եռամյա մարման ժամկետով: Միեւնույն ժամանակ, խաղողի իրացման համար բանակացություններ կտարվեն հայաստանյան ընկերությունների հետ, որպեսզի նրանց նույնպես ընդգրկեն մթերման կամպանիայում:

Վարչապետ Արա Հարությունյանը իրավասու կառույցներին նաեւ հանձնարարել է պարբերաբար տեղեկություններ հավաքել խաղողի բերքահավաքի ու մթերման ընթացքի մասին: Շեշտելով, որ կառավարությունը շահագրգռված է փոքր ընկերությունների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու գործում, նա տնային պայմաններում արտադրվող գինին ակցիզային հարկից ազատելու վերաբերյալ օրենսդրական փոփոխություններ նախապատրաստելու հանձնարարական է տվել:

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4