«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#165, 2009-09-15 | #166, 2009-09-16 | #167, 2009-09-17


ԹԵՆԻՍ` ՊԱՏԻ ՀԵՏ

Երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հարց ուղղեց ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք անձամբ արտաքին գործերի նախարարը ունենալ հանդիպումներ հայաստանյան քաղաքական, նաեւ հասարակական կազմակերպությունների հետ` օգոստոսի 31-ին նախաստորագրված փաստաթղթի քննարկումներ անելու համար: Երկրորդ հարցին` ծանո՞թ է արտաքին գործերի նախարարությունը արձանագրություններում փոփոխություններ կատարելու Դաշնակցության առաջարկին եւ կա՞ արդյոք ընթացակարգ, թե ինչպես կարելի է քննարկել հնարավոր փոփոխությունները: Կա՞ որեւէ ինֆորմացիա, ի՞նչ առաջարկություններ , փոփոխություններ են արվում թուրքական տարբեր քաղաքական ուժերի կողմից: Արդյոք արտաքին գործերի նախարարությունը որեւէ քայլ ձեռնարկել է մինչեւ հիմա այն հարցի հետ կապված, որ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանին թույլ չեն տալիս հատել վրացական սահմանը:

Այս հարցերի շարանին Էդվարդ Նալբանդյանը հետեւյալ կերպ պատասխանեց. «Ես պատրաստ եմ քննարկումների, դրանք արվում են եւ նախատեսված են: Ինչ վերաբերում է փոփոխություններին, դուք պետք է իմանաք, որ որեւէ երկրում չեք կարող երեւակայել, որ բանակցությունները վարվում են խորհրդարանների միջեւ, մյուս կողմից էլ պատգամավորների կողմից առաջարկվող փոփոխություններով: Այդ դեպքում ոչ մի բանակցություն եզրակացության չի գա, եւ ինչ-որ բանի չենք հասնի: Մենք ունենք ներկայացված, փոխստորագրված արձանագրություններ: Դա ներկայացվել է ուսումնասիրման, քննարկման, որպեսզի իրազեկվի հանրությունը եւ նաեւ` համապատասխանաբար պատրաստ լինի կարծիք հայտնել պատգամավորներին, որոնք հնարավորություն կունենան արտահայտելու իրենց կարծիքըՙ վավերացման ժամանակ: Դրա համար նախատեսված է վավերացման գործընթաց, որի ընթացքում Աժ-ն կարտահայտի իր կարծիքը»:

Ինչ վերաբերում է Շիրակ Թորոսյանին, ապա Նալբանդյանը տեղեկացրեց, որ այդ եւ այլ հարցեր քննարկվում են պարբերաբար վրացական կողմի հետ, ինչպես վերջերս Վրաստանի ԱԳ նախարար Վաշաձեի այցելության ժամանակ. «Ես չեմ կարծում, որ կա որեւէ հարց, որ չկարողանանք Վրաստանի հետ լուծել բանակցությունների միջոցով: Բոլոր հարցերը պետք է փորձենք լուծել բանակցությունների եւ երկխոսության միջոցով»:

Շարունակելով իր հարցադրումներըՙ Վահան Հովհաննիսյանը նկատեց. «Այսինքնՙ այն վեց շաբաթը, որը քննարկումների համար էր, պարզվում է, որ ոչ թե քննարկումների համար էր, այլ իրազեկման: Սրանք բոլորովին այլ բաներ են: Փաստորեն քննարկումՙ ենթադրում է փոփոխությունների հնարավորություն: Այս դեպքում հարց է առաջանում` իսկ մեր արտգործնախարարությունը ինքը որեւէ առաջարկություն չունի՞ այս փաստաթղթերի բարեփոխման ուղղությամբ, թե՞ համարում է, որ դրանք իդեալական են»:

«Ինչ վերաբերում է Դաշնակցության ներկայացրած փոփոխություններին կամ առաջարկներին, այո՛, արտգործնախարարությունը տեղյակ է փոփոխություններին», ասաց Է. Նալբանդյանը` շարունակելով. «ՀՀ ԱԳՆ-ի կողմից նախաստորագրված փաստաթղթերի վերաբերյալ փոփոխության ինչ առաջարկ որ կա, ես կարծում եմ, մի փոքր տարօրինակ է, որովհետեւ մենք վարել ենք Թուրքիայի հետ բանակցություններ, եւ նախաստորագրումից հետո նախաստորագրված առաջարկները, որ պետք է փոխել` պատկերացրեք, որ դա թենիս է պատի հետ: Եթե առաջարկություններ ենք անում այս կողմից, ապա առաջարկություններ կան այն կողմից: Հարցը այնպես չէ, որ ինչ ասում ենք, իրենք պետք է ընդունեն: Այդ բանակցությունների ժամանակ բազմաթիվ առաջարկներ են եղել թուրքական կողմից, որոնք չեն ընդունվել: Եվ մենք եկել ենք այս փաստաթղթին, որը համապատասխան ներկայացվել է հանրային քննարկմանը»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4