«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2009-09-17 | #168, 2009-09-18 | #169, 2009-09-19


ՏԱՐԵՎԵՐՋԻՆ ԿԼԻՆԻ ԱՎԵԼԻ ՓՈՔՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

Ըստ ֆինանսների փոխնախարարիՙ պայմանավորված կառավարության հակաճգնաժամային քայլերի արդյունքով

Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները երեկ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը: Նա նախ համադրեց աշխարհի տարբեր երկրների կառավարությունների իրականացրած հակաճգնաժամային քաղաքականությունը Հայաստանում իրականացվողի հետ: Դրանցից առաջինը` կառավարությունները փորձում են ընդլայնողական քաղաքականություն վարել դրամային գործիքներով: Հայաստանում նույնպես դա արվում էՙ մեր երկիրը պարտք է վերցրել պետական բյուջեի պակասորդը լրացնելու համար:

Հաջորդ ուղղությունը սոցիալական ծախսերի ավելացումն է: Վարդան Արամյանը շեշտեց, որ 18,5 տոկոս անկման պարագայում Հայաստանը սոցիալական ծախսեր ընդհանարապես չի կրճատել եւ դրա համար հատկացրել է 172 մլրդ դրամՙ նախորդ տարվա 150 մլրդ դրամի փոխարեն: Հակաճգնաժամային մյուս ուղղությունը համակարգաստեղծ ընկերություններին եւ փոքր ու միջին բիզնեսին աջակցելն է: Հայաստանի կառավարությունը խոշորՙ ավելի քան 40 մլն դոլարի աջակցություն է ցույց տվել մեր լեռնահանքային երեք խոշոր կոմբինատներին եւ օպերատիվ շտաբի միջոցով աջակցել ավելի քան 40 փոքր եւ միջին ձեռնարկությունների:

Ֆինանսների փոխնախարարը հիշատակեց նաեւ, որ աշխարհի շատ երկրների կառավարություններ հետ են գնում ֆինանսական շուկայի թունավոր ակտիվները: Հայաստանում այդ խնդիրը չկա: Կան նաեւ հարկերի պարզեցման, հարկերի նվազեցման ճանապարհնեերը: Վերջինս, սակայն, փոքր եւ բաց տնտեսություն ունեցող երկրների համար վտանգավոր է կիրառել: Հայաստանի կառավարությունն արդեն 58 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարողներին ազատել է ավելացված արժեքի հարկից, եկամտահարկի եւ շահութահարկի վճարումների հաշվետվությունը դարձրել է տարեկան մեկ անգամ, ժանակավորապես արգելել է տեսչական ստուգումները մինչեւ 70 մլն դոլար շրջանառություն ունեցողների մոտ եւ այլն:

Անդրադառնալով կառավարությանը քննադատող տեսակետներից մեկին, ըստ որի կառավարությունը պետք է ավելի շատ պահանջարկը, այլ ոչ թե առաջարկը խթանի, փոխնախարարը նշեց, որ դա կարող է բերել գործազրկության եւ տնտեսական անկման խորացման: Բացի այդ, կառավարությունն արդեն խթանում է պահանջարկը, կատարելով սոցիալական մեծ ծախսեր եւ խոշոր գումարներ հատկացնելով հիպոթեկային հիմնադրամին:

Պատասխանելով երկրի տնտեսական հետագա իրավիճակի վերաբերյալ հարցերին, Վարդան Արամյանը կարծիք հայտնեց, որ տարեվերջին կլինի ավելի փոքր տնտեսական անկում: Դա, ըստ նրա, հիմնականում պայմանավորված կլինի կառավարության ձեռնարկած հակաճգնաժամային միջոցառումների արդյունքներով, որոնց մուլտիպլիկատիվ էֆեկտն ամբողջությամբ կդրսեւորվի հետագա տարիներին, երբ տնտեսությունն ամբողջությամբ կլանի խոշոր վարկային միջոցները:

Շինարարության ոլորտին աջակցելու վերաբերյալ հարցի առնչությամբ, Վարդան Արամյանը նշեց, որ այդ օժանդակությունը կարճաժամկետ գործիք է, քանի որ այդ ոլորտում շահութաբերությունը նվազում է, եւ կառավարությունը առաջիկա 1-2 տարվա համար օժանդակում է կառուցապատողներին: «Ազգի» հարցին, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ կառավարությունը օժանդակեր իրացման գոտիների բնակիչներին նրանց փոխհատուցում տրամադրելով եւ աշխուժացնելով անշարժ գույքի շուկան, այն պայմանով, որ կառուցապատողները հետագայում վերադարձնեն պետությանը այդ գումարները, Վարդան Արամյանը պատասխանեց, որ այդ քայլի իրականացման համար բյուջեի հնարավորությունները սահամանափակ են:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4