«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#167, 2009-09-17 | #168, 2009-09-18 | #169, 2009-09-19


ԴՐԱՄԻ ԱՐԺԵԶՐԿՈՒՄԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ Է ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԳՈՐԾՈՆՆԵՐՈՎ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում ազգային արժույթիՙ դրամի մոտ երկու ամիս առաջ վերսկսված սահուն արժեզրկումը սկսեց ավելի արագանալ: Եթե հունիսի կեսերին-հուլիսին դրամը սկսեց արժեւորվելՙ 1 դոլարի դիմաց 370 դրամի սահմանում գտնվող փոխարժեքից իջնելով մինչեւ 358-360 դրամի, ապա հուլիսի երկրորդ կեսից դոլարը սկսեց հետ գրավել իր կորցրած դիրքերը: Չնայած Հայաստան մուտք գործած խոշորՙ մոտ 2 մլրդ դոլար վարկային միջոցների առկայության, ինչը պետք է, որ հանգեցներ դոլարի արժեզրկմանը մեր երկրում, սկսվեց հակառակ գործընթացը: Ինչպես արդեն նշեցինք, վերջին օրերին այդ գործընթացն արագացավ, 1 դոլարը հասավ 380-384 դրամ միջակայքին: Այս երեւույթը պայմանավորված էր ինչպես օբյեկտիվ, բայց հիմնականում սուբյեկտիվ գործոններով:

Օբյեկտիվ գործոնը, թերեւս, Կենտրոնական բանկի կողմից, տնտեսության ակտիվացման խթանման նպատակով, ընդլայնողական քաղաքականության անցկացումն էՙ վերաֆինանսավորման տոկոսադրույքների շարունակական իջեցնելու միջոցով: Այն չնայած դեռեւս այդքան հզոր գործիք չէ, բայց իր ազդեցությունն ունենում է փոխարժեքի ձեւավորման եւ տվյալ դեպքում դրամի արժեզրկման վրա: Սակայն վերջին օրերի դրամի արագացող արժեզրկման հիմնական պատճառներն ավելի շուտ սուբյեկտիվ են, եթե չասենքՙ արհեստականորեն հրահրված:

Արտարժույթի ամենօրյա առքուվաճառքի ցուցանիշները մարտի 3-ից հետո գտնվել են ցածր մակարդակի վրա եւ օրական կազմում են մի քանի հարյուր հազար դոլարից մինչեւ 1-2 մլն դոլար: Անցյալ շաբաթվա ընթացքում, սակայն, եղավ 2 օր, երբ օրական գնվեց շուրջ 30 մլն դոլար: Բորսայում կատարված գործարքների մասին հաղորդագրությունից երեւում էր, որ այն ձեռք էր բերել մեկ գնորդ: Բորսայական շուկայում բարձրացող գինն անմիջապես արտացոլվեց մանրածախ շուկայումՙ բարձրացնելով դոլարի արժեքը: Նման դեպքերում սովորաբար սկսվում են խուճապային տրամադրություններ բնակչության մի հատվածի մեջ, որը նետվում է դոլար ձեռք բերելու, վախենալով դրա ավելի թանկացումից: Դա տեղի ունեցավ նաեւ անցած օրերին, ինչն էլ հենց բորսայում խոշորածավալ դոլար ձեռք բերողի նպատակն էր, որը սկսեց գնած դոլարն ավելի թանկ գնով վաճառել մանրածախ շուկայում: Փաստորեն, հերթական անգամ մեր արժութային շուկայում արձանագրվեց սպեկուլյատիվ երեւույթ: Հարց է առաջանում, իսկ ինչո՞վ է զբաղված Կենտրոնական բանկը:

Կենտրոնական բանկի ղեկավարները բազմիցս հայտարարել են, որ իրենք կմիջամտեն կտրուկ տատանումներ թույլ չտալու համար եւ վերջին օրերի դրամի արժեզրկման տեմպի արագացումը, ամենայն հավանականությամբ, այդպիսին չեն դիտարկում: Ավելին, վերջին երկու ամսվա ընթացքում ԿԲ-ն բորսայում դոլար էր վաճառում թանկ գնով, ինչը կարճաժամկետ առումով գուցե արդարացված է նրա համար, բայց երկարաժամկետ առումով լուրջ վտանգներ է պարունակում: Մասնավորապես, ավելի է ուժգնանում դոլարիզացիան:

Դրամի նկատմամբ վստահությունն ամրապնդելու 4 տարվա ջանքերից հետո, որն, ի դեպ, իրականացնում էր ներկայիս վարչապետ, այն ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը, մարտի 3-ին նախորդած եւ հաջորդած ժամանակաշրջանները ի դերեւ հանեցին այդ ջանքերը: Ինչպես բնակչության, այնպես էլ գործարարների մի զգալի մասը, անկախ նրանիցՙ անհրաժե՞շտ է առօրյա գործունեության մեջ դոլարով գործարքներ կատարել, թե՞ ոչ, սկսեցին դարձյալ զանգվածաբար ապավինել ամերիկյան արտարժույթին: Վերջին օրերի փոփոխություններն ավելացրեցին անվստահությունը դրամի նկատմամբ:

Հարկ է նկատի ունենալ, սակայն, որ աշխարհում ու նաեւ Հայաստանում տնտեսական զարգացմանը զուգահեռ անխուսափելիորեն թուլանալու է դոլարը: Դարձյալ գալու է մի պահ, ինչպես դա եղավ սկսած 2004-ից, երբ դոլարը սկսելու է արժեզրկվել եւ հերթական անգամ այն զանգվածաբար ձեռք բերած մարդիկ իրենց խաբված են զգալու: Որպեսզի դա տեղի չունենա, փոխարժեքի այս կամ այն տատանման ժամանակ նրանց խորհուրդ կտայինք առանց մտածելու չնետվել դոլար գնելու: Իսկ Կենտրոնական բանկն էլ պետք է վերադառնա դրամի նկատմամբ վստահությունը բարձրացնելու քաղաքականությանը, ինչն այս օրերին կարծես թե մոռացված է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4