«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#168, 2009-09-18 | #169, 2009-09-19 | #170, 2009-09-23


ՎՐԱՍՏԱՆԸ ԱՄՆ-ԻՆ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԿՈՎԿԱՍ

Վրաց վերլուծաբանները լայն թափով սկսել են քննարկել հակահրթիռային համակարգի տեղադրման ԱՄՆ-ի նախագծի փոփոխումը:

Այսպես, քաղաքագետ Ս. Ցինցաձեն գտնում է, որ եթե այս համակարգը փոխի իր հասցեն եւ տեղադրվի Կովկասում, ապա «Ռուսաստանը այստեղ այլեւս չի կարողանա իրականացնել իր սադրանքները, քանի որ դրանք արդեն ուղղված կլինեն անմիջականորեն ԱՄՆ-ի դեմ»: Քաղաքագետի խոսքերով` Վաշինգտոնի այս քայլը կապված է Ռուսաստանի հակառակ գործողությունների համակարգի հետ, եւ նույնիսկ հիմա, երբ ԱՄՆ-ը Մոսկվային է առաջարկում «վերալիցքավորել» երկկողմ հարաբերությունները, Կրեմլը շարունակում է իր պլանների իրականացումը: «Այս պարագայում Սպիտակ տունը պետք է իրականացնի կտրուկ քայլեր», հավելում է վրաց քաղաքագետը:

Այլ վերլուծաբանների կարծիքով նույնպես հակահրթիռային համակարգի տեղակայման հնարավոր վայրեր են նշվում Գաբալը` Ադրբեջանում, ինչպես նաեւՙ Թուրքիայի տարածքը: Վերջինս համարվում է շատ շահեկան, քանի որ «կմոտեցնի Թուրքիային ու ԱՄՆ-ին, եւ Անկարան ամերիկյան քաղաքականություն կիրականացնի տարածաշրջանում», կարծում են վրացիները:

Թ. Շարաշինիձեն նշում է. «Սրանից կշահի ամբողջ Կովկասը, քանի որ Թուրքիան «մեծ խաղացող» է ոչ միայն տարածաշրջանային, այլեւ գլոբալ քաղաքականության մեջ»:

Մի քանի օր առաջ ԱՄՆ-ի նախագահ Օբաման հայտարարեց հակահրթիռային համակարգի տեղակայման պլաններում փոփոխություններ կատարելու իր մտադրության մասին, ըստ նրա` դա պայմանավորված է Պենտագոնի տվյալներով, թե Իրանի միջուկային ծրագիրը դանդաղ է զարգանում: Ըստ այդմ Օբաման պաշտպանության նախարարությանը տվել է 60 օր ժամանակ` հարցն ուսումնասիրելու: Պատասխանը հիմա էլ պատրաստ է. «Իրանը հեռու է մեծ հեռավորության հրթիռներ ստեղծելուց, սակայն մոտ է փոքր եւ միջին տրամաչափի հրթիռներից», հայտարարում են ամերիկացի պաշտոնյաները:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4