Սկսվեց Հայաստանի տնտեսության համար 2009-ի օգոստոսից
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում տնտեսական անկումը կազմեց 18,4 տոկոս: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած այս ցուցանիշը վկայում է, որ մեր երկրի այս տնտեսական անկումը դադարել է խորանալ եւ անգամ չնչինՙ 0,1 տոկոսով, կրճատվել է (հունվար-հուլիսին տնտեսական անկումը 18,5 տոկոս էր): Որ մայիս ամսից Հայաստանի տնտեսությունը յուրաքանչյուր նախորդ ամսվա դիմաց նկատելի աճ էր արձանագրում, եւ որ դա մի քանի ամիս հետո բերելու էր տնտեսական անկման կանգ առնելուն, բազմիցս ենք նշել: Այդուհանդերձ, մեր երկրի տնտեսական անկման հնարավոր ամիսներ նշել էինք սեպտեմբեր-հոկտեմբերը: Մինչդեռ դա տեղի ունեցավ օգոստոսին, ինչը, բացի ինքնին դրական լինելուց, հատկանշական է նաեւ այլ առումով: Ինչի՞ մասին է խոսքը:
Այս տարվա հունվարին Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) նվազել է 0,7 տոկոսով, հունվար-փետրվարինՙ 3,7 տոկոսով, հունվար-մարտինՙ 6,1 տոկոսով, հունվար-ապրիլինՙ 9,7 տոկոսով, հունվար-մայիսինՙ 15,7 տոկոսով, հունվար-հունիսինՙ 16,3 տոկոսով, հունվար-հուլիսինՙ 18,5 տոկոսով եւ վերջապես հունվար-օգոստոսինՙ 18,4 տոկոսով: Այս տվյալները համադրենք 2008-ի նույն ժամանակահատվածի հետ, երբ գրանցվել էր տնտեսական բարձր աճ, որն առավելագույնի է հասել հուլիսինՙ կազմելովՙ 10,6 տոկոս: 2008-ի հունվար-օգոստոսին եւ հունվար-սեպտեմբերին այդ աճը 10,3 տոկոս էր, հոկտեմբերից արդեն ճգնաժամը հարվածեց նաեւ մեր տնտեսությանը եւ տնտեսական աճի տեմպը սկսեց նվազել: Այսինքն, տնտեսական անկման ցուցանիշը Հայաստանում ավելի խորն էր նախորդ տարվա բարձր աճի ֆոնի վրա: Հետեւաբար, կարելի էր հուսալ, որ լավագույն դեպքում սկսած հոկտեմբերից, տնտեսական անկումն այս տարի կսկսի կրճատվել: Սակայն այն, որ դա տեղի ունեցավ արդեն օգոստոսին, հատկանշական էր այն առումով, որ դա համադրվում է նախորդ տարվա հունվար-օգոստոսի բարձր տնտեսական աճի հետ: Ի՞նչ է դա նշանակում:
Դա նշանակում է, որ մեր տնտեսությունն այս պահին, որքան էլ ոմանց դա արտասովոր թվա, գտնվում է արագ տեմպերով աճելու փուլում: Իհարկե, դա տեղի է ունենում նույնքան էլ արագ տեմպերով անկումից հետո, որը սկսվեց անցյալ տարվա հոկտեմբերից եւ տեւեց մինչեւ այս տարվա ապրիլը, երբ յուրաքանչյուր ամիս նախորդ ամսվա նկատմամբ տնտեսական զգալի անկում էր արձանագրում: Սակայն մայիսից արդեն սկսվեց հակառակ գործընթացըՙ ապրիլի նկատմամբ արձանագրվեցՙ 15,6 տոկոս աճ, հունիսին արդեն մայիսի նկատմամբ գրանցվեց ռեկորդայինՙ 39,7 տոկոս աճ, հուլիսին հունիսի նկատմամբ ունեցանք 6,3 տոկոս աճ եւ օգոստոսին հուլիսի նկատմամբՙ 15,8 տոկոս աճ:
Տնտեսական արագ զարգացման ներկա փուլի համար, բնականաբար, բարենպաստ միջավայր է ապահովում աշխարհում եւ մեր հիմնական գործընկեր երկրներում ճգնաժամի հաղթահարման եւ անկումից դուրս գալու գործընթացը: Սակայն դա անհրաժեշտ, բայց բավարար պայման չէր, որպեսզի մենք եւս դուրս գայինք ճգնաժամից: 7-8 տարի տնտեսական երկնիշ աճ ունեցող երկրի համար միջազգային ֆինանսատնտեսական աննախադեպ ճգնաժամի հարվածը հաղթահարելու համար կառավարությունը պետք է դիմեր եւ դիմեց աննախադեպ միջոցառումներիՙ հատկապես տնտեսության այն ճյուղերում, որոնք առավել մեծ մասնաբաժին են ապահովում ՀՆԱ-ում եւ որոնք առավել մեծ կորուստներ էին կրել ճգնաժամից: Խոսքը շինարարության, արդյունաբերության, ինչպես նաեւ փոքր ու միջին բիզնեսի մասին է:
Բացի արտերկրից միջոցներ ներգրավելուց, սպառման ծավալների անկումը կանխելուց, սոցիալական ծախսերը պահպանելուց, Հայաստանի կառավարությունը դիմեց այնպիսի քայլերի, որոնց մասին պատկերացնել հնարավոր չէր ընդամենը մի քանի ամիս առաջ, եւ որոնց զգալի մասը անընդունելի էր ոչ ճգնաժամային պայմաններում:
Մասնավորապես, ամենամեծ անկում ունեցած ճյուղիՙ շինարարության համար առաջարկվեց բյուջետային երաշխիքների տրամադրման մեխանիզմը, աղետի գոտում սկսվեց մեծածավալ բնակարանային շինարարություն, ճանապարհաշինական ծրագրերի համար զգալի միջոցներ հատկացվեցին արտերկրի դոնորներից եւ պետական բյուջեից: Արդյունքում, դարձյալ մայիսից սկսած այս ճյուղը ամսեամիս սկսեց նկատելի աճ արձանագրել, թեեւ դեռեւս հեռու է նախորդ տարվա ծավալներին հասնելու համար:
Արդյունաբերությանը եւ հատկապես հանքարդյունաբերական խոշոր կոմբինատներին նույնպես տրամադրվեցին խոշոր վարկեր, որոնք օգնեցին նրանցՙ դիմակայելու ճգնաժամին: Արդյունաբերության այլ ճյուղերում, փոքր ու միջին ձեռնարկություններում, լավագույն բիզնես առաջարկներ ներկայացնողներին վարկեր տրամադրվեցին անգամ պետական բյուջեից, ինչպես նաեւ որոշ հարկային արտոնություններ եւ հստակեցումներ արվեցին առանձին ճյուղերի համար: Այստեղ, սակայն, հարկ է նշել, որ ձեռնարկված միջոցառումները դեռ նկատելի արդյունք չեն տվել եւ արդյունաբերության մեջ չկա հստակ ու կայուն ընթացիկ աճ: Օրինակՙ օգոստոսին հուլիսի համեմատ արձանագրվել էր 4,5 տոկոս անկում, իսկ հուլիսին հունիսի համեմատՙ 5,9 տոկոս աճ: Մի խոսքով, արդյունաբերության մեջ դեռ տատանումները շարունակվում են:
Այնուամենայնիվ, այս պահի համար կարող ենք փաստել, որ Հայաստանի տնտեսությունը սկսել է շուրջ 11 ամիս տեւած ճգնաժամից դուրս գալու փուլը: Միաժամանակ հարկ է նշել, որ տնտեսական ու քաղաքական տարատեսակ ցնցումներին դիմակայելու եւ կայուն զարգացում ունենալու համար անհրաժեշտ է ոչ միայն սոսկ ընթացիկ աճ ապահովել, այլեւ դիվերսիֆիկացնել մեր տնտեսությունը, բարձրացնել նրա դիմադրողականությունն ու մրցունակությունը:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ