«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2009-09-19 | #170, 2009-09-23 | #171, 2009-09-24


ԱԲԽԱԶԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԱԼԻՈՒՄ

Շրջանում աբխազական անձնագրերի շուտափույթ հանձնումը ընտրական խնդիրնե՞ր է լուծում

Սեպտեմբերի 1-4-ը Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտը այցելություն էր կազմակերպել Աբխազիա` «Լրագրողների համակովկասյան ցանց» ծրագրի շրջանակներում ծանոթանալու Աբխազիայում սպասվող նախագահական ընտրությունների հնարավոր մասնակիցների մոտեցումներին ու Աբխազիայի եւ Վրաստանի սահմանին գտնվող Գալի շրջանի բնակչության քվեարկության խնդիրներին:

«Ազգն» արդեն ներկայացրել է որոշ տպավորություններ ու տեղեկություններ Աբխազիայի իրավիճակի եւ հատկապես վրացաբնակ Գալիի շրջանում տիրող տրամադրությունների մասին: Ներկայացնում ենք նաեւ Ադրբեջանի, Հայաստանի, Հյուսիսային եւ Հարավային Օսիաների, Դաղստանի, նաեւ Աբխազիայի լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախապատրաստված հանդիպումների ընթացքում մատուցված տեղեկատվությունը ընտրական գործընթացների նախնական խմորումների մասին:

Այցելությունը համաձայնեցված էր Աբխազիայի եւ Վրաստանի համապատասխան իրավասու մարմինների հետ, ուստի, ինչպես այլ դեպքերում, այն չի կարող համարվել «Վրաստանի պետական սահմանի անօրինական հատում», որը քրեորեն պատժելի է, ինչն, ի դեպ, Հայաստանի քաղաքացիների մի զգալի մասի համար սեփական փորձով է ցուցադրվել` ի դեմս դատական գործընթացների ու որպես մեղմացված մոտեցում կիրառված մեծ տուգանքների:

Ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են երկրի ներկայիս նախագահ Սերգեյ Բաղապշը, նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան, նաեւ «Տնտեսական զարգացման» կուսակցության նախագահ, ներկայումս Աբխազիայի խորհրդարանի անդամ, գործարար Բեսլան Բուտբան:

Բուտբայի սեփականությունն է Աբխազիայի պետական հեռուստաընկերությանը որոշ առումով հակակշռող միակ հեռուստաալիքը` «Աբազա»-ն: Վերջինին, թերեւս ընդդիմադիր կեցվածքի ու սպասվող ընտրական գործընթացներում դերակատարման նվազեցման նկատառումներով, չի տրամադրվում Աբխազիայի ողջ տարածքում հեռարձարկվելու արտոնագիր:

Նախորդ նախագահական ընտրություններին մասնակցած եւ 4-րդ տեղը զբաղեցրած ներկայիս արտգործնախարար Սերգեյ Շամբան հայտարարել է, որ չի պատրաստվում մասնակցել ընտրություններին:

Տա՞լ աբխազական անձնագիր Գալիի վրացիներին, թե՞ ոչ

Դեկտեմբերի 12-ին Աբխազիայում սպասվում են 1994 թվականից նախագահի ինստիտուտի հիմնադրմամբ անցկացվելիք 4-րդ նախագահական ընտրությունները, ու չնայած աշխարհը, բացի Ռուսաստանից, Նիկարագուայից ու Վենեսուելայից, չի ճանաչել Աբխազիայի անկախությունը, հետեւաբար որեւէ կերպ վերաբերմունք չունի աբխազական ընտրությունների հանդեպ, այնուամենայնիվ, նախագահական ընտրությունների առնչությամբ քաղաքական կրքերն Աբխազիայում լարված են:

Դեռեւս չմեկնարկած քարոզարշավից դուրս թեկնածուների պայքարն արդեն ակնհայտ է. ամենայն հավանականությամբ կրկին ծանրակշիռ հակադրության մեջ կհայտնվեն ներկա եւ նախկին իշխանությունների ներկայացուցիչները: Ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին արդեն հայտնել է ներկայիս նախագահ Սերգեյ Բաղապշը, ինչպես նաեւ, դեռեւս մի քանի ամիս առաջ, Աբխազիայի փոխնախագահ Ռաուլ Խաջիմբան:

2004-ին, երբ աբխազական նախագահական ընտրությունները ճգնաժամի են հանգեցնում, հիմնական թեկնածուներ Խաջիմբան եւ Բաղապշը համաձայնության եկան` փոխնախագահ եւ նախագահ տարբերակով աշխատանքին, սակայն Խաջիմբան մնաց որպես ընդդիմություն, թեեւ Բաղապշի հետ աշխատեց մոտ չորս տարի ու միայն վերջերս հեռացավ փոխնախագահի պաշտոնից:

Սակայն ներկա դրությամբ Աբխազիայում ընտրական գործընթացին առնչվող ամենասուր հարցը, որ քննարկվում է տարբեր մակարդակներում ու տարբեր մեկնաբանություններով, ընտրությունների անցկացումն է միայն աբխազական անձնագրերով:

Սա հետաքրքրական հանգամանք է, ըստ միջազգային կազմակերպությունների գնահատականների, Գալիի շրջան վերադարձած վրացի փախստականների 35 հազար թվաքանակից մոտ տասը հազարը կարող են ընտրական իրավունքի լինել, եթե ոչ ավելին, քանի որ շրջանի բնակչությունը մեծ մասամբ մեծահասակ մարդիկ են:

Ընտրելու տարիքի փախստականների այսպիսի թվաքանակը էական ազդեցություն կարող է ունենալ ընտրությունների արդյունքների վրա, ուստի հասկանալի է, որ կրքերը բորբոքվում են հատկապես այս շրջանի բնակչության քվեարկության առնչությամբ, այնպիսի իրադրության պարագայում, երբ Գալիի շրջանի բնակչության միայն մոտ 3000-ն ունի աբխազական անձնագիր, մնացյալի մոտ Խորհրդային Միության կարմիր անձնագրերն են կամ անձնագրին փոխարինող փաստաթղթեր:

Մարդասիրական ծրագրերի կենտրոնը ներկայացնող փորձագետ Լիանա Կվարչելիայի ներկայացմամբ, դեռեւս 2004-ի ընտրություններում հարցականի տակ որեւէ կերպ չէր դրվում Գալիի շրջանի բնակչության քվեարկության հարցը` որեւէ տեսակի փաստաթղթով: Սակայն ընտրություններից հետո այդ հարցը բարձրացվեց, թե ինչ փաստաթղթերով եւ ում օգտին են քվեարկել Գալիի շրջանի բնակիչները:

Ներկա դրությամբ քվեարկել հնարավոր կլինի միայն աբխազական անձնագրերով, իսկ աբխազական քաղաքացիություն օրենքով կարող է ստանալ անձը, որ Աբխազիայի համար վատագույն տարիներին` 94-99-ին ապրել է Աբխազիայում: 2005 թվականին ընդունված քաղաքացիության օրենքով հետադարձ ժամկետներ սահմանվեցին աբխազական քաղաքացիություն ստանալու ու անձնագրեր ձեռք բերելու համար:

Խորհրդարանականները դեռեւս հուլիսին փորձեցին փոխել իրավիճակը` քաղաքացիության օրենքում փոփոխություններ մտցնելու տարբերակով` քաղաքացիություն ստանալու հնարավորություն տալու մինչեւ 2005-ը Գալիի շրջան վերադարձածներին, որպեսզի աբխազական անձնագիր ստանան:

Օրինագիծը զարմանալի արագությամբ, մեկօրյա աշխատանքով անցավ խորհրդարանական երեք ընթերցումն էլ, սակայն Աբխազիայի նախագահ Բաղապշն այն չստորագրեց, այլ վերադարձրեց խորհրդարան` վերամշակման, ստեղծվեց փորձագիտական խումբ:

Վերջինիս դերակատարությունը շատ հետաքրքրական է, քանի որ, ըստ էության, պետք է մտածել մի տարբերակ, որով Գալիի շրջանի վրացի-մեգրելներին հնարավոր կլինի տարբերակել` աբխազական անձնագիր տալ-չտալու համար: Իսկ թե ինչպե՞ս պիտի փորձագիտական խումբը որոշի, թե Գալիի շրջանի որ բնակիչն է բարեկամաբար տրամադրված Աբխազիայի հանդեպ, որը` ոչ, թերեւս անլուծելի հարց կմնա:

Մինչեւ ընտրություններ շատ ժամանակ չի մնացել, եւ Կվարչելիայի խոսքերով, իրադրությունն այնպիսին է, որ մի կողմից անցանկալի է աբխազական անձնագրերի արագ հանձնումը Գալիի շրջանում, մյուս կողմից էլ այդ մարդկանց քվեարկելու իրավունքի պաշտպանության հարցն է:

Մեկ այլ խնդիր էլ այն է, որ Գալիի շրջանում առանձնապես չեն շտապում վերցնել աբխազական անձնագրերը, որոնց հետ, ի դեպ, համադրելի է միայն Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունը` արդեն իսկ առկա համաձայնությամբ ու երկքաղաքացիություն ունենալու հնարավորությամբ: Ստացվում է, որ առանց աբխազական անձնագրի Գալիի շրջանի բնակիչները չեն կարող քվեարկել:

Եթե ցանկություն կա մասնակցելու Աբխազիայի ընտրություններին, ստիպված են դրա համար ստանալ աբխազական քաղաքացիություն, որը չի կարող երկքաղաքացիության մոտեցմամբ համատեղվել Վրաստանի քաղաքացիության հետ, քանի որ վերջինիս սահմանադրությունը դա չի նախատեսում:

Աբխազիայի քաղաքական շրջանակներում, սակայն, շատերն են պնդում, թե Գալիի շրջանի բնակչության մի զգալի մասը Վրաստանից Աբխազիա եւ հակառակն անցնում է Խորհրդային Միության անձնագրերով, բայց ունի նաեւ վրացական անձնագիր:

Այդպիսին են նաեւ 2004-ի նախագահական ընտրություններում ներկայիս նախագահ Սերգեյ Բաղապշի հիմնական հակառակորդ Ռաուլ Խաջիմբայի մոտեցումն ու գնահատականը: Խաջիմբայի խոսքերով, Գալիի շրջանի բնակչության (միջազգային կազմակերպությունների գնահատմամբ` 35 հզ. իսկ այլ գնահատումներով` մինչեւ 50-60 հազար մարդ) 90 տոկոսը Վրաստանի քաղաքացիություն ունեն:

Աբխազական անձնագրերի շուտափույթ հանձնումն էլ մինչեւ ընտրությունները Խաջիմբան եւ իր համակիրները գնահատում են որպես իշխանությունների կողմից ընտրողների թվաքանակի հարցի լուծման ձեւ:

Ընդդիմությունը մտահոգ է ընտրական հնարավոր կեղծիքների իրականացման հավանականությամբ, եւ, Խաջիմբայի մատուցմամբ, հնարավոր է անխդրահարույց ընտրություններ անցկացնել, եթե «կողմերը համաձայնեն ընտրությունների գնալ առանց կեղծելու մտադրության»:

Բացի այդ, նախորդ ընտրական փորձին Խաջիմբան այլեւս համաձայն չէ: Նրա խոսքերով, այլեւս հնարավոր չէ համատեղ աշխատանք ներկայիս իշխանության ներկայացուցիչների հետ, որոնց Խաջիմբան մեղադրում է Աբխազիայի հողերը, ժողովրդի հարստությունները վաճառելու եւ այլ հարցերում:

Օրինագիծը հանուն Գալիի բնակիչների շահերի՞ է

Իշխանամետ «Միասնական Աբխազիա» կուսակցության ներկայացուցիչներ Դաուր Տարբան եւ Նատալյա Կայունը գտնում են, որ հիշատակված օրինագիծն ուղղակի սխալ է ընկալվել: Նրանց հավաստմամբ, Գալիի շրջանում անձնագրեր պիտի տրվեն որոշակի ընթացակարգով, ոչ բոլորին եւ ոչ միանգամից:

Ըստ Դաուր Տարբայի եւ Նատալյա Կայունի, Գալիի շրջանում անձնագրերի բաժանման հետ կապված որեւէ խնդիր, ինչպես նաեւ խնդրահարույց վիճակ քաղաքացիության օրենքում փոփոխությունների առնչությամբ չկա: Պարզապես ընդդիմությունը, ելնելով նախընտրական վիճակից ու քաղաքականության բնույթից, շահարկում է անձնագրերի բաժանման հարցը, բերում տվյալներ, թե Գալիում օրական մինչեւ 500 անձնագիր է բաժանվում:

Այդ թիվը շրջանառության մեջ առկա է, սակայն ոչ թե մեկ օրում այդքան անձնագիր հանձնելու առումով, այլ այն պատճառով, որ անձնագրերի ստացման գործընթացում փաստաթղթային կուտակումներ են լինում, եւ շատ ավելի երկար ժամանակահատվածի, այլ ոչ մեկ օրվա ընթացքում, Գալիի շրջան է տարվել ու հանձնվել մի քանի հարյուր անձնագիր:

Իշխանամետ կուսակցության ղեկավարներն ընդունում են, որ աբխազական քաղաքացիության տրամադրման հարցում որոշ շտապողականություն է դրսեւորվել, որը լավ բանի չի բերում, սակայն շեշտում են նաեւ, որ դա արվել է Գալիի շրջանի բնակիչների իրավունքների պաշտպանության նկատառումով:

Գալիի Օչամչիրի շրջանի գյուղերից մեկում ապրող 70-ն անց տարեց ամուսինների համար աբխազական անձնագիրը կլինի երրորդ փաստաթուղթը, քանի որ հանուն ազնվության ասում են, որ ունեն ինչպես խորհրդային նմուշի, այնպես էլ վրացական քաղաքացիության անձնագիր:

Ցանկություն կա վերցնելու նաեւ աբխազական անձնագիրը, սակայն, պարզվում է, այս մարդկանց պարագայում, որոնց անունները հասկանալի պատճառով նշել չենք կարող, անձնագիր չեն տրամադրում: Տարեց կնոջից եւ նրա ամուսնուց գումար են պահանջել` աբխազական անձնագիր տրամադրելու համար, ավելին, նրանց մի քանի անգամ շրջկենտրոն են կանչել ու ձեռնունայն վերադարձրել:

Մյուս կողմից, Գալիի մեծահասակ այս բնակիչները Վրաստան գնալ չեն ուզւոմ, քանի որ որեւէ կերպ իրենց կյանքն այնտեղ չեն պատկերացնում:

Վրաստանում չի կարող ապրել նաեւ դպրոցահասակ երեխային գրկած Վրաստանի ու Աբխազիայի սահմանն անցնող կինը, որի ձեռքին Խորհրդային Միության կարմիր անձնագիրն է: Ու աբխազական անձնագիր էլ չի ցանկանում ունենալ, ոչ էլ վրացական:

Միայն խաղաղ ու հանգիստ կյանք է ուզում, ուզում է աշխատանք ունենալ ու երեխաներին մեծացնել, սահմանից այս կողմ ու այն կողմ հարազատներին ազատ այցելել ու չզգալ այն ջրբաժանը, որ քաշված է աբխազ ու վրացի ժողովուրդների միջեւ, որ, եթե հավատալու լինենք վերջերս հրաժարական տված Աբխազիայի անվտանգության քարտուղար Ստանիսլավ Լակոբայի կանխատեսումներին, 2010-2011 թվականներից կարող է «խուլ փակված» սահման դառնալ, քանի որ այդ ընթացքում կավարտվի աբխազական սահմանի երկայնքով անցակետերի ու պաշտպանական շինությունների կառուցումը:

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Սուխում-Երեւան


Նկար 1. Աբխազիայի նախկին փոխնախագահ Ռաուլ Խաջինբան իր օգնականների հետ

Նկար 2. Նատալյա Կայուն եւ Դաուր Տարբա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4