«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2009-09-19 | #170, 2009-09-23 | #171, 2009-09-24


ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-ԻՑ ԿԱՐԳԱԶԱՆՑ ՀԵՏԻՈՏՆԵՐԸ ԿՏՈՒԳԱՆՎԵՆ

Հոկտեմբերի 1-ից հետիոտների նկատմամբ խիստ գործողություններ են իրականացվելու, կարգազանցները նախ կնախազգուշացվեն, ապա կհրավիրվեն բաժին, երեք ժամ կմնան այնտեղ` մինչեւ անձի հաստատումը, ապա կտուգանվեն 3000 դրամով, հետո միայն բաց կթողնվեն. այս իդիլիան երեկ ներկայացրեց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը: 100 տոկոսով համաձայնելով պարոն գնդապետի հետ առ այն, որ մեր հետիոտնը մեծ մասամբ կարգազանց է, եւ նրա արյան մեջ չի մտած բոլոր դեպքերում անցուղիներով անցնելը, միաժամանակ ուշադրություն հրավիրենք այն հանգամանքի վրա, որ Երեւանի փողոցներում նախ տաքսիներն ու երթուղայիններն այնքան շատ են, որ կարելի է հանգիստ ասել` մեքենաները կերան մարդկանց: Երկրորդ` մեծ թվով լուսացույցներ չեն աշխատում, մասնավոր մեքենաները կայանում են ուր պատահի, հաճախ հետիոտնը մեքենաների կուտակումների պատճառով չի կարողանում իրեն հարկավոր կանգառը մուտք գործել եւ այլն: Միայն եթե պարոն գնդապետը հայացք գցի Տիգրան Մեծի պողոտայի` «Երեւան սիթի» խանութի եւ հայտնի «Ֆիրդուսնոցի» հատվածին, ուր մեքենաները կայանում են մի քանի շարք, հաստատ կմտածի, որ փողոցային երթեւեկության կանոնների հարցը պետք է դրվի համալիր, եւ ոչ թե միայն պետք է կենտրոնանալ հետիոտնի վրա:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4