«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2009-09-19 | #170, 2009-09-23 | #171, 2009-09-24


«ՎԱՂ ԹԵ ՈՒՇ ԱՇԽԱՐՀԸ «ԹՔԵԼՈՒ» Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՎՐԱ»

«Եզդիները ողջունում են հայ-թուրքական հաշտեցման գործընթացները, ես սա ասում եմ ոչ միայն Հայաստանի, այլեւ աշխարհում սփռված եզդիների անունից». երեկ հայտարարեց Աշխարհի եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանը :

Թամոյանը շատ կարեւորեց բոլոր հարեւանների հետ Հայաստանի բարեդրացիական հարաբերությունների հաստատումը. «Հարեւանների հետ վատ հարաբերություն ունենալը բարոյական եւ գեղեցիկ չէ, ուստի մենք ողջունում ենք հայ-թուրքական սահմանի բացումը»:

Ըստ Թամոյանիՙ անիմաստ է պահանջել ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանի հրաժարականը. «Բոլորս պետք է լեզու գտնենք իշխանությունների հետ եւ սատար լինենք նրան: Թող նախագահ Սարգսյանը մեկնի Թուրքիա, դրանից հետո կնայենք զարգացումներին, եթե թուրքերը շարունակեն նման քաղաքականությունը` ինչ-որ նախապայմաններ առաջադրելով, ապա մենք պետք է դիմենք միջազգային տարբեր ատյաններ` ցույց տալու համար, որ Թուրքիան խախտում է պայմանավորվածությունները, նա խաբեբա է, առանց այն էլ բոլորը գիտեն, որ Հայաստանը առաջինն է ձեռք մեկնել Թուրքիային` հաշտեցման համար: Եվ նաեւ մի բան ասեմ. աշխարհը վաղ թե ուշ «թքելու» է Թուրքիայի վրա, եւ մեզ վախենալ ամենեւին պետք չէ»:

Հայ-թուրքական սահմանի բացումը, Թամոյանի կարծիքով, ձեռնտու է ե՛ւ հայերին, ե՛ւ եզդիներին, մանավանդ Թուրքիայում ապրող եզդիներին, որոնց թիվը 10000 է: «Միայն թուրքերին ձեռ չի տալիս սահմանի բացումը, քանի որ սահմանի բացումից հետո հնարավոր առեւտրից ավելի շատ շահելու են թուրքաբնակ քրդերը», նկատեց բանախոսը:

Թամոյանը հանդես եկավ Դաշնակցությանն ուղղված կոչով, որով խնդրեց ՀՅԴ-ին չպառակտել հայ ազգը, դադարեցնել նստացույցն ու հացադուլը եւ միանալ նախագահին, կազմել մեկ ճակատ, հետո արդեն սպասել զարգացումներին:

Եզդիների միության նախագահը, այնուամենայնիվ, շեշտեց, որ Թուրքիան անպայման պետք է ընդունի Հայոց ցեղասպանության փաստը. «Ես չեմ ընդունում արձանագրության այն կետը, ըստ որի Հայաստանը պետք է ճանաչի Թուրքիայի տարածքային ամբողջականությունը, բայց չէ՞ որ դա Արեւմտյան Հայաստանն է` պատմական հայկական տարածք: Իսկ ի՞նչ է նշանակում պատմական հանձնաժողովների ստեղծումը, դա հիմարություն է: Ո՞վ չգիտի, որ թուրքերը կոտորել են հայերին: Մեր կողմից չեն ընդունվում նաեւ Թուրքիայի այն հայտարարությունները, թե սահմանը կբացվի միայն Ղարաբաղի ճակատագիրը որոշելուց հետո, քանի որ Ղարաբաղը հայկական տարածք է, եւ այդ պահանջը պարզապես զավեշտալի է»:

Ցեղասպանության հետ կապված բանախոսը շեշտեց, որ Եղեռնի ժամանակ կոտորվել են, հայերից բացի, 500000 եզդիներ եւ խորհուրդ տվեց չմոռանալ. «Եթե մի հանցագործ չի ընդունում իր հանցանքը, ուրեմն այդպես էլ շարունակելու է»:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4