«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#169, 2009-09-19 | #170, 2009-09-23 | #171, 2009-09-24


ԻՆՉԻ՞ ԵՆ ԸՆԴՈՒՆԱԿ ՄԵՐ ԲԻԶՆԵՍՄԵՆՆԵՐԸ` ԲՅՈՒՋԵ ՔԻՉ ՀԱՐԿ ՄՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Երեկ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց հերթական վերահսկողությունների արդյունքների մասին:

Մինչ հրավիրված ասուլիսը Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում ներկայացվեցին 5 զեկույցներՙ պետական տարբեր մարմիններում իրականացված ուսումնասիրությունների վերաբերյալ: Զեկույցներն արդյունքներ են հրապարակել ֆինանսների, արդարադատության, սպորտի եւ երիտասարդության նախարարությունների, քաղավիացիայի վարչության, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի աջակցության սոցհիմնադրամի իրականացրած աշխատանքների վերաբերյալ:

Իշխան Զաքարյանը նախ անդրադարձավ կազինոներին եւ մատնանշեց այն չարաշահումները, որոնք տեղ են գտել խաղատներում, որպեսզի բյուջե քիչ հարկ մուծեն: Իշխան Զաքարյանը պատմեց, թե ինչ է պարզվել ֆինանսների նախարարությանը վերահսկելուց:

Նա տեղեկացրեց, որ ֆինանսների նախարարությունը արտոնագրեր է տրամադրում կազինոների սեղանիկների համար: Պարզվել է, որ նախորդ տարի տրամադրվել է 102 սեղանիկի արտոնագիր, որոնցից միայն 42-ի համար է բյուջե վճարվել հաստատագրված վճարը, որն ամեն սեղանիկի համար կազմում է ամսական 4 միլիոն դրամ: Մյուս 60 սեղանիկի պարագայում տերերը ներկայացրել են, թե իբր այդ սեղանիկները չեն աշխատում: Իշխան Զաքարյանն ասում է, որ կա կոռուպցիոն լուրջ վտանգ եւ դա օրենքի փոփոխությամբ լուծելու անհրաժեշտություն:

Ըստ Իշխան Զաքարյանի, պետք է օրենք ընդունել, որ արտոնագիր ստացած սեղանիկը վճարի հաստատագրված 4 միլիոն ամսական վճարը, անկախ նրանիցՙ աշխատում է, թե ոչ: Այսինքնՙ ստացար արտոնագիր, վճարիր:

Իշխան Զաքարյանը կազինոների աշխատանքում մեկ այլ խախտում է մատնանշում: Նրա մատուցմամբ` կազինոները խաղային ավտոմատների ներկրումը պետք է արձանագրեն ֆինանսների նախարարությունում, նշելով, թե որտեղից եւ ինչ ավտոմատ են ներկրել: Ըստ խաղային ավտոմատների համար սահմանված միջազգային կանոնի, ավտոմատը պետք է հետ տա իր վրա խաղացած գումարի 86 տոկոսը: Սակայն, Զաքարյանի խոսքերով, պարզվում է, որ Հայաստանի կազինոների ավտոմատների մի մասը հետ է տալիս խաղացած փողի ընդամենը 5-10 տոկոսը: Իշխան Զաքարյանն ասում է, որ ամենայն հավանականությամբ այդ մեքենաները ցույց են տալիս, թե իբր ներկրել են եւ դրանք համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին, սակայն իրականում ներկրում են միայն, այսպես ասած, ուղեղը, վերածրագրավորում եւ «համապատասխանեցնում տեղի պայմաններին» եւ այստեղ էլ արտադրում են խաղային ավտոմատների պատյանը: Արդյունքը լինում է այն, որ խաղային ավտոմատը, որ իբր պետք է հետ տա իր վրա խաղացած գումարի 86 տոկոսը, հետ է տալիս ընդամենը 5-10 տոկոսը:

Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության ուսումնասիրությունից հետո Վերահսկիչ պալատը պարզել է, որ Հայաստանում ավիաընկերությունները գրանցվում են անվճար: Իշխան Զաքարյանն ասում է, որ Հայաստանի քաղաքավիացիայի վարչությունը Հայաստանում գրանցել է 12 ընկերություն, որոնցից 9 գործունեություն են ծավալել Հայաստանից դուրս: Ըստ Իշխան Զաքարյանի` օրինակ, եթե նրանցից որեւէ մեկը գրանցվեր Արաբական Միացյալ Էմիրություններում, ապա դրա համար կվճարեր ավելի քան 320 միլիոն դրամին համարժեք գումար, իսկ Լոնդոնում գրանցվելու դեպքում այդ գումարը կլիներ 1 միլիարդ դրամից ավելի:

Իսկ Հայաստանում գրանցված 12 ընկերություններից դրսում գործող 9 ընկերություն 2008 թվականին Հայաստանի բյուջե վճարել են ընդամենը 37 միլիոն դրամ համախառն հարկեր, այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստանում գործող «ԱրմԷյր» ընկերությունը, որ 2008 թվականին շահագործել է ընդամենը մեկ ուղղաթիռ, անտառները սրսկելու եւ այլնի համար, բյուջե վճարել է 41 միլիոն դրամ հարկ: Այսինքն, 9 ընկերություններ, որոնք շահագործել են մի քանի տասնյակ օդանավեր, ընդ որում` լավ վիճակի օդանավեր, վճարել են ավելի քիչ գումար Հայաստանի բյուջե, քան մի ընկերությունն իր մի ուղղաթիռով:

Հայաստանում գրանցված եւ գործող մյուս ընկերություններըՙ «Արմավիան» եւ «Էյր Արմենիան», վճարել են համապատասխանաբար 1 մլրդ 30 մլն եւ ավելի քան 270 մլն դրամ շահութահարկ:

Իշխան Զաքարյանը նշեց նաեւ, որ Հայաստանում գրանցված եւ արտասահմանում գործող ընկերությունների վճարած հարկերի կասկածելի քիչ ծավալը ոչ թե ավիացիայի վարչության, այլ հարկային ծառայության խնդիրն է:

Սոցիալական ներդրումների հիմնադրամում արձանագրվել է 26 մլն 334 հազար դրամի ծավալային հավելագրումՙ վերականգնման ենթակա գումար, որից վերականգնվել է 25 մլն 300 հազարին մոտ: Արդարադատության նախարարության իրականացրած շինարարական աշխատանքների ոլորտումՙ արձանագրվել է շուրջ 65 մլն դրամի չափ հավելագրում, որից ուղիղ կեսը վերականգնված է, մյուսի համար կա ժամանակացույց, որ պետք է վերականգնվի: Արդարադատության նախարարության ԴԱՀԿ ծառայությունում 3,9 մլն-ի չափ վերականգնվող գումար կա, որը ստուգման ընթացքում վերականգնվել է: Քաղավիացիայի գլխավոր վարչությունում հայտնաբերվել է մոտ 11-12 մլն դրամի չափ գումար, որը ստուգման ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է: Սպորտի եւ երիտասարդության նախարարությունումՙ երիտասարդական ծրագրերում հայտնաբերվել է 3 մլն 390 հազար 700 դրամ վերակագնվող գումար, որի համար մի մասը վերականգնվել է, մի մասն էլ վերականգնելու համար տրված է ժամանակացույց:

Ինչ վերաբերում է հայտնաբերված խախտումների վերաբերյալ գլխավոր դատախազություն դիմելու հարցին, Իշխան Զաքարյանը նշեց, որ ՎՊ նախագահն ինքնուրույն չի կարող նման որոշում կայացնել, այդ որոշումը պետք է կայացնի ՎՊ խորհուրդը:

Ասուլիսում ներկայացվեցին տվյալներ, որոնք վերաբերում են թանկարժեք քարերի եւ ոսկյա զարդերի առեւտրով զբաղվող մի քանի խանութների գործունեությանը եւ դրանց գործունեությունը վերահսկելու պարտականություն ունեցող պետական մարմինների գործողություններին:

Մասնավորապես, Իշխան Զաքարյանը նշեց, թե «Պրիմագոլդ», «Մերկուրի» եւ «Ջիանի» ոսկյա զարդերի խանութները 2008 թվականին ցույց են տվել, թե իբր ամսական ներկրել են համապատասխանաբար ընդամենը 200 գրամ, 525 գրամ եւ 17 գրամ ոսկի, իսկ 2008 թվականին իբր ներկրել են համապատասխանաբար 542 գրամ, 433 գրամ եւ 0 գրամ ոսկի:

«Մի լավ հարսանիքի ժամանակ այդ խանութներից ամեն մեկը կարող է մի քանի կիլոգրամ ոսկի վաճառել», նշեց Իշխան Զաքարյանը` ասելով, թե այդտեղ կա լուրջ խնդիր, որն ինչ-որ կերպ անպայման պետք է հաղթահարվի, եւ դրա վերջն անպայման պետք է լինի:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4