«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը շարունակում է իր մտահոգությունները շարադրել ստորեւ թարգմանաբար ներկայացվող հոդվածում:
Նախորդ հոդվածներում ներկայացրել էի օգոստոսի 31-ին հրատարկված հայ-թուրքական արձանագրությունների հիմնական բացասական կողմերը: Մտահոգությունները վերաբերում էին երկու անընդունելի նախապայմանների, որոնցից մեկը Թուրքիայի տարածքային ամբողջականության ճանաչումն էր, իսկ մյուսը` մասնագետների համատեղ հանձնաժողովի ստեղծումը` քննարկելու պատմական արխիվները, որն այնքան էլ քողարկված ակնարկ չէր վերանայելու Հայոց ցեղասպանության հարցը:
Ստորեւ առավել հանգամանալից գնահատականս եմ ներկայացնում` նշելով տասը պատճառներ, թե ինչու Հայաստանի կառավարությունը չպիտի նախաձեռներ նման քայլ, եւ թե ինչու չպետք է ստորագրի եւ վավերացնի այս արձանագրությունները:
1) Հայաստանի ղեկավարները սխալվեցին` փորձելով միանգամից, մեկ համաձայնագրի միջոցով լուծել զգացմունքային հագեցվածությամբ մեծ թվով հայ-թուրքական խնդիրներ: Տասնամյակների հակասությունները չեն կարող այդպիսի շտապողականությամբ արծարծվել: Հայ պաշտոնյաները պետք է չափազանց զգուշորեն եւ աստիճանաբար գործեին` սկսելով դիվանագիտական հարաբերություններ հաստատելու պարզ քայլից, որին պետք է հաջորդեր սահմանի բացումը: Առավել բարդ խնդիրները պետք է թողնվեին հետագային:
2) Քանի որ այս բանակցությունների հայտարարված նպատակը Հայաստանի հետ սահմանի բացումն էր, որը Թուրքիան փակել էր 16 տարի առաջ, պատճառ չկար նման երկար ու բարդ բանակցություններ անցկացնելու եւ մշակելու մի փաստաթուղթ, որտեղ անկապ եւ անընդունելի պայմանները չափազանց շատ են: Ավելի խելամիտ կլիներ մեկ նախադասությամբ նախագիծ կազմել, որտեղ նշվեր, որ «Հայաստանն ու Թուրքիան համաձայն են դիվանագիտական հարաբերություններ հաստատել եւ հայտարարել, որ երկու երկրների ընդհանուր սահմանը կբացվի 2010 թվականի հունվարի 1-ից»: Իրականում նման մեկ նախադասությամբ համաձայնագիր ստորագրվել է Մ. Նահանգների եւ Թուրքիայի միջեւ 1927-ին, երբ դիվանագիտական հարաբերություններ էին հաստատվում այդ երկու երկրների միջեւ:
3) Հայաստանը չպետք է որեւէ զիջում աներ, որպեսզի Թուրքիային «հրապուրեր» բացելու իր սահմանը: Քանի որ Թուրքիան տասնամյակներ շարունակ հուսահատ քայլեր է անում անդամակցելու Եվրոմիությանը, նա այլընտրանք չունի, պետք է բացի Հայաստանի հետ սահմանը: Եվրոմիությունը պահանջում է, որ բոլոր անդամ երկրները բաց սահմաններ ունենան իրենց հարեւան երկրների հետ:
4) Շտապելով 1993-ին փակել իր սահմանը` Թուրքիան իրեն զրկեց մի կարեւոր լծակից, որը նա վերստին ձեռք կբերի, եթե բացի սահմանը: Եվ մի անգամ եւս Հայաստանի գլխին դամոկլյան սրի նման կկախվի սահմանը վերստին փակելու սպառնալիքը: Նման սպառնալիքը գործնական նշանակություն կունենա հատկապես, որովհետեւ Հայաստանի բնակչությունը մեծապես կախված է Թուրքիայից ներկրված էժանագին ապրանքներից եւ սննդամթերքից: Եթե ապագայում Թուրքիան որոշի ինչ-որ պատրվակով դարձյալ փակել սահմանը, Հայաստանի ղեկավարները չեն կարողանալու ուղղել երկրի շահերի դեմ կատարված սխալը, նույնիսկ եթե նրանք չեղյալ հայտարարեն արձանագրությունները:
5) Անցյալ շաբաթ վարչապետ Էրդողանը մի անգամ եւս նշեց, որ Թուրքիան չի բացելու Հայաստանի հետ իր սահմանը, մինչեւ ղարաբաղյան (արցախյան) հարցը չկարգավորվի: Հայաստանի ղեկավարները պետք է հայտարարեն, որ չեն ստորագրելու արձանագրությունները, քանի որ Թուրքիայի պաշտոնյաները հստակ հասկացրել են, որ մտադիր չեն պահել իրենց բաժին պարտավորությունները:
6) Թոշակի անցած թուրք դեսպան Յալիմ Էրալպը վերջերս մի հարցազրույցի ժամանակ հետաքրքրական եւ կարեւոր մի բացահայտում արեց: Նա նշեց, որ արձանագրությունների վավերացման ժամանակ Թուրքիայի խորհրդարանը կարող է հայտարարել, որ դրանք ուժի մեջ կմտնեն միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Եթե նման պայման առաջադրեն թուրքերը, հայաստանյան խորհրդարանն էլ իր հերթին կարող է համապատասխան քայլ կատարել եւ պահանջել, որ արձանագրությունները ուժի մեջ մտնեն միայն այն բանից հետո, երբ Թուրքիան ճանաչի Հայոց ցեղասպանությունը, իսկ Ադրբեջանն էլ ճանաչի Արցախի հանրապետությունը:
7) Արձանագրությունները չեն ներառում որեւէ կոնկրետ թվական ստորագրման եւ վավերացման համար: Ստորագրման համար հաճախակի հնչող կամ նշվող հոկտեմբերի 12-ը կամ 13-ը ամրագրված չեն արձանագրությունների տեքստում: Ուստի Հայաստանի կառավարությունը չպետք է շտապի ստորագրելու եւ վավերացնելու դրանք: Հայաստանի առաջնորդները դեռ կարող են փրկել իրենց երկրի շահերը: Թող Թուրքիան առաջինը թարթի աչքը:
8) Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցյալ շաբաթ հաստատեց, որ իրավական ոչ մի պահանջ կամ պարտավորվածություն չկա արձանագրությունները վավերացման համար խորհրդարան ներկայացնելու: Բայց նշենք, որ վավերացման դեպքում անհարկի կմեծանա Հայաստանի ազգային շահերին հասցված վնասը:
9) Հայաստանի կառավարությունը Թուրքիայի հետ երկար բանակցությունների ընթացքում ոչ մի փորձ չարեց խորհրդակցելու սփյուռքահայերի հետ, հակառակ որ արձանագրությունները շոշափում են համահայկական խիստ կենսական հարցեր: Ամիսներ առաջ, երբ որոշ կազմակերպություններ եւ անհատներ իրենց լուրջ մտահոգություններն արտահայտեցին արձանագրությունների նախնական տեքստի վերաբերյալ, Հայաստանի իշխանությունները պարզապես անտեսեցին այդ մտահոգությունները: Մետասաներորդ ժամին քննարկումներն անցկացնելու փորձերն ապարդյուն են, քանի որ Հայաստանի արտգործնախարարը հայտարարել է, որ արձանագրությունները փոփոխության չեն կարող ենթարկվել:
10) Երբ անցյալ շաբաթվա ընթացքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում ունեցավ Երեւանում ավելի քան հիսուն հայկական քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ, հինգ ժամ տեւած «խորհրդակցությունը» անցավ փակ դռների հետեւում: Ցավոք, միայն նախագահի արտահայտած կարծիքները հրապարակվեցին: Հույս ունենք, որ երբ հոկտեմբերի սկզբներին նախագահ Սարգսյանը իր ծրագրած այցելությունները կկատարի եւ հանդիպումներ կունենա Փարիզի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի, Մոսկվայի եւ Բեյրութի հայկական համայնքների առաջնորդների հետ, այդ քննարկումները կլինեն ավելի բաց եւ թափանցիկ: Գերադասելի կլինի, որ դրանք նաեւ հեռասփռվեն:
***
Այս թեժ բանավեճի միակ չնախատեսված արդյունքն այն է, որ հայկական ամենատարբեր կազմակերպություններ միասնական դիրք բռնեցին ընդդեմ արձանագրությունների: Յուրաքանչյուրի լրջորեն փայփայած հույսն այն է, որ այս թեժ ներհայկական անհամաձայնությունը երկար չի տեւի, եւ Հայաստանի ղեկավարները կգտնեն խիզախությունն ու խոհեմությունը` հետ կանգնելու հայկական դատին վնաս հասցնող այս արձանագրությունները ստորագրելու եւ վավերացնելու իրենց որոշումից:
Թարգմ. Հ. Ծ.
Խմբ. կողմից.- Հիշեցնենք, որ ՀԲԸՄիությունը, հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւելյան եւ Արեւմտյան թեմերը, Ամերիկայի հայկական համագումարը եւ ՌԱԿ Մ. Նահանգների Արեւելյան շրջանը ու Կանադայի վարչությունը, որոշ մտահոգություններով հանդերձ, իրենց զորակցությունն արդեն իսկ հայտնել են ՀՀ կառավարության այս նախաձեռնությանը: Առաջիկա օրերին, վստահ ենք, կլինեն սփյուռքից նաեւ այլ դիրքորոշումներՙ նվազ զգացմունքային: