«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#170, 2009-09-23 | #171, 2009-09-24 | #172, 2009-09-25


ՀՀ ԿԲ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀ. «ՄԵԶ ՊԵՏՔ Է ՍՊԱՍԻ ՄՈՏ 15 ՏՈԿՈՍ ԱՆԿՈՒՄ ՄԻՆՉԵՎ ՏԱՐԵՎԵՐՋ»

ԵՊՀ դասախոս, Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը երեկ «Իրավունք դե ֆակտո» ակումբում անդրադառնալով ՀՀ տնտեսական իրավիճակին, նկատեց, որ այս տարվա 8 ամիսների տնտեսական ցուցանիշներն ավելի տխուր են, քան սպասելի էր:

«Այն կանխատեսումները, որ ես մի ամիս առաջ արեցի, թե օգոստոսի ընթացքում անկման տեմպը պետք է կրճատվեր` 1-1,5 %-ով, չարդարացան», նշեց Բ. Ասատրյանը:

«Եթե համեմատում ենք մեզ ԱՊՀ ուրիշ երկրների հետ, ապա արդյունաբերության անկումը ամենաբարձր տեմպերով Հայաստանում է տեղի ունենում: Սա ինձ համար եւս զարմանքի տեղիք է տալիս, որովհետեւ այն հիմնական գործոնները, որոնք պայմանավորում էին արդյունաբերության անցած տարվա անկումը` այսօր չկան», ասում է Բագրատ Ասատրյանը:

«Իմպորտի կրճատումը մեզ մոտ 7-8 ամիսների ընթացքում կազմում է 30 տոկոս, արդյունաբերության ծավալների կրճատումը` մոտավորապես 12 տոկոս: Առեւտուրն այս պարագայում աճում է: Սա ի՞նչ ֆենոմեն է. իհարկե, ասելու ենք ստվերային եւ այլն, ես ընդունում եմ: Բայց այդ ստվերը երկար ժամանակ չի կարող գործել, եւ մյուս տարվա որոշիչ գործոնը լինելու է անկումը առեւտրի ոլորտում: Որովհետեւ հնարավոր չէ, որ այդ մակրոգլոբալ թվերի պարագայում, իմպորտի եւ արդյունաբերության արտադրանքի անկման պարագայում առեւտուրը շարունակի աճել: Ես կարծում եմ, որ եթե իշխանությունների, կառավարության գործողությունները որոշակի դրական տեղաշարժերի հանգեցնեն շինարարության ոլորտում, որը խիստ կասկածելի է, ես չեմ տեսնում որեւէ նախադրյալ, որ արդյունաբերության ոլորտում էական դրական տեղաշարժեր լինեն: Սա նշանակում է, որ 2010-ին ՀՆԱ-ի անկմանը մենք պետք է սպասենք մոտավորապես 1.5-2 տոկոսի չափով»: Իսկ տարեվերջին ՀՆԱ անկումը կլինի 15%:

Հայաստանը հայ-թուրքական սահմանի բացման տնտեսական էֆեկտը կզգա լավագույն դեպքում երեք տարի անց. առաջին էֆեկտը կլինի Թուրքիայի օգտին, եւ Հայաստանը կորուստ կունենա, քանի որ սահմանի բացումից հետո թուրքական արտադրանքը կողողի Հայաստանի շուկան, որովհետեւ Թուրքիայի տնտեսությունն առավել ուժեղ է: Այսպիսի գնահատական տվեց Բագրատ Ասատրյանը:

«Եվրոպա-Թուրքիա հարաբերությոնների չկարգավորման հիմքում ընկած է այս երկրի գյուղատնտեսությունը: Եվրոպայի վախն է, որ թուրքական ապրանքները կմտնեն եվրոպական շուկաներ եւ կքանդեն նրանց գյուղատնտեսությունը: Այս խնդիրը կա նաեւ Հայաստանի համար», հավելեց Բ. Ասատրյանը:

«Բայց անկասկած է, որ գլոբալ իմաստով Հայաստանը կշահի: Գլոբալ իմաստով ելքը սա է», ասում է Բագրատ Ասատրյանըՙ նշելով, որ անհնար է փակ սահմանով զարգանալը: Սակայն, նա միեւնույն ժամանակ նկատում է, որ սահմանի բացման վերաբերյալ խոսակցությունները բովանդակազուրկ են եւ, օրինակ, տնտեսական բաղադրիչը չի քննարկվում խորությամբ: Բագրատ Ասատրյանն ասում է, որ սահմանի բացման պարագայում հարկ է հստակեցնել մի քանի հարց: Օրինակ, արդյոք գործելո՞ւ է երկաթուղին, ի՞նչ հեռանկար է այն ունենալու, ինչ նշանակություն, արդյոք դադարելո՞ւ է Կարս-Ախալքալաք երկաթուղու շինարարությունը, Թուրքիան Հայաստանի սահմանը չի՞ բացելու միայն մարդատար երթեւեկի համար, իսկ բեռներ տեղափոխող մեքենաները, որ, ասենք, Եվրոպայից ապրանք կբերեն Հայաստան, կարող են հանկարծ հանդիպել արհեստական խոչընդոտների, ասենքՙ տերմինալի անպատրաստության կամ կշեռքի փչանալու պատճառաբանությունների տեսքով: Բագրատ Ասատրյանն ասում է, որ պետք է մտածել այդ հարցերի մասին եւ սահման բացել ասելով հասկանալ ոչ թե մարդկանց տեղափոխությունը, այլ ապրանքների ճանապարհի բացումը:

«Մենք դարձել ենք դոլարային մտածող երկիր, երբ մեր արտաքին առեւտրի կողմնորոշումն արդեն շատ վաղուց դոլարային շուկաները չեն», ասուլիսում հայտարարեց Բագրատ Ասատրյանը:

Մեր երկրի արտաքին առեւտրի կառուցվածքը հետեւյալն է` 40%-ը` եվրո, 30%ը` ռուսական ռուբլի, մնացյալ 30%-ըՙ միայն դոլար:

Ըստ բանախոսի վաղուց արդեն հարկավոր էր անցում կատարել ռուսական մոդելին` երկարժութային զամբյուղին, որով ներկայումս չափվում են ռուսական ռուբլու շարժերը: Մարտից մինչ օրս դրամի արժեզրկումը եվրոյի նկատմամբ կազմել է մոտ 25%, իսկ ռուբլու նկատմամբ` 20%, ակնհայտ է որ դրամը արժեզրկվում է: Ինչ վերաբերում է վերջին շաբաթների իրադարձություններին, ապա արտարժույթի կամ դոլարի վրա ճնշումը սկսվել էր ավելի շուտ` օգոստոսի վերջից:

«ԿԲ-ն կրկին դիմեց այն նույն քայլին, այն էՙ մեր արտաքին պահուստների վատնումը: Սեպտեմբերի առաջին շաբաթը մոտ 50-60 մլն դոլար ծախսելով` շուկայում կայունություն մտավ: Բայց վերջին օրերին եւս ԿԲ-ն կրկին շուկայում միջամտությունների դիմեց», ասաց բանախոսը:

«Ազգի» այն հարցին, թե դրսից վերցված վարկերի օգտագործման արդյունավետությունը որքանո՞վ է նկատելի այսօր ՀՀ-ում, Բագրատ Ասատրյանը նշեց. «Շատ ցածր է օգտագործման արդյունավետությունը: Այն մասը, որ վերաբերում է ռուսական վարկին, որը պետք է գնար տնտեսության փոքր եւ միջին բիզնեսին` ընդամենը 10 տոկոսի չափով է գնացել: Այսինքն, մենք ռեսուրսը ստացել ենք, վճարում ենք այդ ռեսուրսի համար, բայց չենք կարողանում օգտագործել: Որովհետեւ, ես կրկնում եմ, Հայաստանի տնտեսությունը փողի պահանջ չունի, բերեք մեր բանկային համակարգը, նայեք, իրացվելի միջոցների առկայությունը, լիքը փող ունենք, եւ դրսից փող բերելը ամենալավ վճիռը չէր, մանավանդ որ այսօր մեխանիզմ չկա այդ փողը արդյունավետ ծախսելու համար: Եթե փող ներդնելու տեղ լիներ, բանկերը կմտնեին այդտեղ, բայց մենք ունենք մի տնտեսություն, որտեղ հակաշուկայական կանոններ են աշխատում»:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4