Էթիլային սպիրտի շուկայում շարունակում է գերիշխել անվանումները փոփոխող նույն ընկերությունը
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեցին մի շարք ապրանքային շուկաներում տիրող իրավիճակը: Մասնավորապես, մսամթերքի շուկայում մինչեւ 2008-ը գերիշխող էր համարվում «Գեղարդ մսամթերքի կոմբինատը»: Սակայն 2008-ին, հանձնաժողովի անցկացրած հետազոտություններով պարզվել է, որ այդ շուկայում գործող 33 ընկերությունների մեջ գերիշխող դիրք ունեցող չկա: Այստեղ իրացման առավել մեծ բաժին ունեն 3 ընկերություններՙ «Լինդան»ՙ 24,6 տոկոս, «Առդելիկատեսը»ՙ 13,2 տոկոս եւ «Մուշը»ՙ 10,9 տոկոս: Նրանցից ոչ մեկը շուկայում չունի գերիշխող դիրք, ուստի, հանձնաժողովի որոշմամբ, «Գեղարդ մսամթերքի կոմբինատը» հանվեց գերիշխողների գրանցամատյանից:
Մեկ այլՙ էթիլային սպիրտի շուկայում 2004-ի տվյալներով 86 տոկոս բաժնով գերիշխող դիրք է զբաղեցրել «Ֆլիտֆուդ» ընկերությունը, որը 2007-ին լուծարվել է եւ հանվել ռեեստրից: 2006-ի տվյալներով գերիշխող դիրք ունեցող էր ճանաչվել «Սալեքս Գրուփ» ընկերությունը, որը գրավել է շուկայի 91 տոկոսը: Հանձնաժողովի ուսումնասիրությամբ, 2008-ին շուկայում ներկրում, արտադրություն, իրացում է իրականացրել 14 ընկերություն, որոնցից արտադրության ամենամեծ ծավալն ունի «Ալեքս Գրիգ» ընկերությունըՙ 78,8 տոկոսը, որը նաեւ իրացման շուկայում առավել մեծ ծավալն ունիՙ ավելի քան 99 տոկոս: Հանձնաժողովի որոշմամբ, «Ալեքս Գրիգ» ընկերությունը գրանցվեց գերիշխողների գրանցամատյանում, «Սալեքս Գրուփը» հանվեց գրանցամատյանից: Նշենք, որ այս ընկերությունները, ինչպես նաեւ «Ֆլիտֆուդը» պատկանում են միեւնույն անձինՙ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Հանձնաժողովի երեկվա նիստում քննարկվեցին նաեւ այլ շուկաների ուսումնասիրության արդյունքներ: Մասնավորապես, տվյալների հաղորդման միջազգային տարանցման ծառայություն` ինտերնետ հասանելիության համար (մագիստրալ ինտերնետ) շուկայում գերիշխող դիրք ունեցող են ճանաչվել «Արմենտելը»ՙ 53,9 տոկոս եւ «Ֆայբերնետ Քոմյունիքեյշնը»ՙ 46,1 տոկոս: Իսկ թերթերի իրացման շուկայի գերիշխողը «Պրես Ստենդ» ընկերությունն էՙ 37 տոկոս մասնաբաժնով:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ապրանքային շուկաների կացությանը, հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը նշեց, որ հանձնաժողովի ուսումնասիրած շուկաներից 75-80 տոկոսում առկա է գերիշխող դիրք: Փաստելով, որ մեր ապրանքային շուկաներն ունեն բարձր կենտրոնացվածություն, Աշոտ Շահնազարյանն այն կարծիքը հայտնեց, որ դրա լուծումը կարող է լինել օրենքի խիստ կիրառումը, ինչպես նաեւ հակամենաշնորհային որոշ տարրերի իրականացումը:
Հայ-թուրքական սահմանի բացման մասին հարցին պատասխանելով, Աշոտ Շահնազարյանն ասաց, որ շուկաների կենտրոնացումը մի քանի ապրանքների գծով որոշ չափով կնվազի: Հանձնաժողովի նախագահի կարծիքով, սահմանի բացումը կակտիվացնի շուկան եւ դրական նշանակություն կունենա Հայաստանի համար, քանզի թուրքական ապրանքները Հայաստան անգամ փակ սահմանի դեպքում հասնում են, իսկ Հայաստանից Թուրքիա արտահանման հնարավորություններ չկան:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ