Երեկ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասնեց ՀՀ նախագահի «Համահայկական ուղեւորության» նպատակը եւ խորհուրդը:
«Նախագահի «Համահայկական ուղեւորության» նպատակն է հանդիպել եւ լսել հայկական սփյուռքի մոտեցումներն ու կարծիքները այնպիսի կարեւոր հարցի շուրջը, ինչպիսին է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Առաջին անգամ ՀՀ նախագահը կատարում է վերպետական, համազգային մի ուղեւորություն, որի նպատակն է լինել բոլոր այն հայաշատ կենտրոններում, որտեղ ձեւավորվում է հայկական սփյուռքի հանրային կարծիքը: Ուղեւորության շրջանակներում ՀՀ նախագահը կայցելի Նյու Յորք, Փարիզ, Լոս Անջելես, Բեյրութ, Դոնի Ռոստով քաղաքներ, որտեղ կկայանան տարածաշրջանային հանդիպումներ», ասաց Վիգեն Սարգսյանը:
Նա նշեց, որ այցելության շրջանակներում երկկողմանի քաղաքական հանդիպումներ չեն նախատեսվում: Պարոն Սարգսյանը շեշտեց, որ այցի հիմնական եւ միակ նպատակը սփյուռքի հետ շփումն է, յուրաքանչյուր քաղաքում նախագահը կանցկացնի ավելի քիչ, քան քսանչորս ժամ: Միակ բացառությունը կլինի Լոս Անջելես քաղաքը, որտեղ, բացի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպումից, կկայանա հանդիպում լրագրողների հետ Լոս Անջելեսում գործող հայկական հեռուստատեսությունների համար:
Վիգեն Սարգսյանն ավելացրեց նաեւ, որ «Համահայկական ուղեւորության» հրավերներն ուղղված են երկու խմբերի` համահայկական կառույցներին եւ սփյուռքի գործիչներին:
Այն հարցին, թե արդյոք նախագահը հանդիպումներ նախատեսո՞ւմ է Թուրքիայի հայերի հետ, Սարգասյանը պատասխանեց. «Լավ հարց է, պետք է նայենք, այս պահին չեմ տիրապետում»:
Ն. Մ.