«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2009-09-24 | #172, 2009-09-25 | #173, 2009-09-26


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՆՈՒՅՆ ԽԱՂԻ ԳԵՐԻՆ ԵՆ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Այն պահին, երբ հայոց խորհրդարանում լրջորեն կսկսեն շուռումուռ տալ հայ-թուրքական արձանագրությունների խնդիրը, երկրի նախագահը համահայկական շրջագայության կլինի երկրից դուրս` հայ գաղթօջախներում, եւ քննարկումները մի տեսակ անտեր կմնանՙ մինչդեռ այդ բոլորն արվում է գլխավոր բանակցողինՙ երկրի նախագահին ականջալուր անելու համար: Դե լավ, նրան կպատմեն, էլի, բայց այս միակ որակյալ քննարկումը (հրավիրյալների ներկայացուցչական կազմը նայելով ենք ասում) չի կարող եղանակ ստեղծել, քանի որ հայ- թուրքական արձանագրությունների քննարկումներ, որպես այդպիսիք, բազմակողմանի, ողջ լույսն ու ստվերն ի մի բերող, մինչեւ այդ լսումները այդպես էլ չեղան փաստորեն: Կարելի է ասել անգամ, այդ քննարկումները կազմակերպում են լրագրողներն իրենց նախաձեռնությամբ` հարցազրույցներ վերցնելով, մամուլի ակումբներ եւ հեռուստաեթերների հրավիրելով քաղաքական եւ մասնագետ շրջանակաների ներկայացուցիչների, խոստովանենք, սահմանափակ թվով մարդկանց: Ու հաճախ է լինում անգամ, երբ ի պաշտոնե այդ խնդիրներին անդրադառնալու պարտականությունն ունեցողները մերժում են հարցազրույցի կամ եթերի հրավերը, մի լավ ներողություն խնդրելով. կարծում ենք` ոչ այն պատճառով, որ չեն ուզում խոսել կամ ծուլանում են, այլ թվում էՙ մի բան կա, իրենք գիտեն, հասարակությունը` ոչ, եւ չեն ուզում ավելորդ անգամ աչքի ընկնել: Ոչ արտգործանախարարը, ոչ նախագահը, որ նախաձեռնել էր ֆուտբոլային դիվանագիտությունը, Հայաստանի ներսում քննարկումների (համենայն դեպս` հրապարակային քննարկումներին) չեն մասնակցում, եթե փակ կամ գաղտնի քննարկումներ կան` մենք այդ մասին տեղյակ չենք: «Ադաբրյամսի» մակարդակով հավանության նախադեպը ԳԱԱ-ից չի կարող նորմալ երեւույթ համարվել: Հավանաբար այս հարցում ճիշտ է Թուրքիայի վարչապետ Էրդողանը, երբ ասում է. «Մենք կարեւոր փուլի ենք հասել, եւ կարծում եմ, որ արձանագրությունները կկարողանանք ուղարկել մեր երկրների խորհրդարաններ, եթե որեւէ նախապաշարմունք չլինի կամ քայլերը պայմանավորված չլինեն միայն ներքին քաղաքականությամբ»: Թուրքիայի խորհրդարան արձանագրությունները կգնան հոկտեմբերի 10-11-ին: Իսկ թե հատկապես ո՞ր օրը դրանք կքննարկվեն Հայաստանի Ազգային ժողովի նիստում, դեռեւս անհայտ է: Առայժմ նկատելի է, որ ինչ-որ ձեռք զսպում է կարծես շատ լուրջ քննարկումները:

Տեսանելի կարծիքները եւս շատ հարուստ չեն: Դրանք շարունակվում են, ինչպես մի անգամ գրել էինք` «Ես` հայրենասեր, դու` հակազգային» մակարդակով, իրար խոսքակոխ անելու, միմյանց սխալ հանելու մի հատուկ ջիղով` ազգային հարցերով սեփական հաշվին միավորներ գրանցելու մոլուցքով: Հասարակ ժողովրդի մեջ էլ կարծիքները տարամետ են` կարծիքների մի գերակշիռ մասը վախենում է հայ-թուրքական սահմանի բացումից հենց` ժողովրդային մակարդակով խոսելով թուրքերի նենգությունների, Հայաստանում այս երկրից եկածների կողմից տների եւ անշարժ գույքի ձեռքբերման հավանականության մասին, մարդիկ էլ կան, որ ասում են, թե հնարավոր չէ հարեւանի հետ ընդմիշտ թշնամի լինել, շատերը հիշում են Եղեռնի զոհ գնացած իրենց նախնիներին: Մտավորականությունը հատկապես պասիվ է, եւ չի ուզում խառնվել` համարելով սա երկրի իշխանությունների եւ մասնագետների խնդիրը: Կա մարդկանց խումբ, որ ասում են, թե ամեն իրավիճակ հայ-թուրքական զարգացումներում մեզ համար կարող է նպաստավոր լինել (Գագիկ Մինասյան, ՀՀԿ): «Մինչեւ Երկիր մոլորակի վերջը մենք պետք է մնանք թշնամինե՞ր», հարցնում է ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը: Ընդհանուր առմամբ հնչում են տեսակետներ, թե արդյոք կա՞ն վտանգավոր նախապայմաններ այս արձանագրություններում, թե՞ չկան: Մի մասն այդպիսիք չեն տեսնում, հատկապես իշխանական կողմի բանախոսները, եթե չկան` ինչո՞ւ քննարկել եւ ի՞նչը փոխել: Մյուսները նախապայմաններ են տեսնում եւ վտանգներ Հայաստանի եւ ԼՂ համար, ու անպայման քննարկումների այնպիսի ձեւաչափ են դեռ համառորեն ուզում, որը հնարավոր կդարձնի փոփոխությունների առաջարկները արձանագրություններ տեղափոխել:

Բոլոր դեպքերում այս գործընթացի գլխավոր պատասխանատու երկրի նախագահը ծանր խնդրի առաջ է կանգնած: Հարցը բարդանում է նրանով, որ տարբեր աղբյուրների ամենաբազմազան տեղեկատվությունը համադրելով` տարածաշրջանի մեծ խաղացողների ծրագրերում իսկապես էլ կարելի է գտնել` արագ լուծելու նաեւ ԼՂՀ հարցը: Թե չէ Էրդողանն ինքնագլուխ հազիվ թե Նյու Յորքում ասեր. «Եկել է ժամանակը, որ Կովկասում բոլոր հակամարտությունները, այդ թվում` Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը, տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքով` հասնեն հիմնարար լուծման»: Չնայած նույն օրը ԼՂՀ արգործնախարար Գեորգի Պետրոսյանն էլ թուրքական լրատվամիջոցին ակամա պատասխան է հնչեցրել կարծես այս շտապեցումներին, թե առանց ԼՂՀ ժողովրդի կարծիքը հաշվի առնելու հազիվ թե կարգավորումն արդյունավետ ելք ունենա... եւ ճնշման ձեւերը հազիվ թե դրական արդյունք ապահովեն (նկատի ունի Ադրբեջանի ճնշման պատճառով Թուրքիայի շահագրգիռ կողմ լինելը):

Բա երկրի նախկին արտգործնախարարը, ով 10 տարուց ավել նախարար լինելով ու այս կարգի բոլոր բանակցությունների ալֆային եւ օմեգային տիրապետելով` պիտի որ վտանգների մասին ավելի վաղ բարձրաձայներ, բայց հիմա է կատարյալ շփոթության մատնում հանրությանն` ասելով, որ այս արձանագրություններով Թուրքիան միանվագ ստանում է այն, ինչ 18 տարի ուզում էր: Դեռ ավելացնում է, որ արձանագրությունները կարդալով` գալիս ես մի եզրակացության, որ այս փաստաթուղթը կամ գրվել է ինչ-որ տեղ, ինչ-որ մեկի կողմից, հավանաբար թուրքերի մասնակցությամբ եւ պարտադրվել հայկական կողմին, կամ հայկական կողմն իրոք բանակցել է այս փաստաթուղթը, բայց ինքն իրեն խորապես համոզած եւ ներշնչած լինելով, որ Հայաստանի հետագա զարգացումը եւ գոյությունն էապես կախված է միայն հայ-թուրքական սահմանի բացումից:

Դե, եթե այս բոլորն ասվում է միայն քաղաքականությունում մնալու համար, էլի ոչինչ, բայց եթե կադրային դիվանագետն ու երկար տարիներ երկրի արտաքին քաղաքականության թիվ մեկ պատասխանատուն է այսպես մտահոգված, ուրեմն կրկին վերադառնանք մեր մտքի սկզբին` երկրի նախագահը ծանր խնդրի առաջ է կանգնած. ստորագրի արձանագրությունները, վաստակելու է հանրության տարբեր` այս հարցում արմատական շերտերով ստվարացած ուժեղ ընդդիմություն, որն անընդհատ նրան հանգիստ չի տալու, չստորագրի` բայց ո՞նց չստորագրի, եթե ամեն կողմից ճնշում կա. չստորագրելու տարբերակները շատ սուղ են, եւ դրանցից գլխավորն ու աշխատողը նրա ինքնահրաժարականն է: Ահա ինչո՞ւ էր մեր երկրի ներսում հարկավոր արձանագրությունների վերաբերյալ իսկական քննարկումների կազմակերպումը: Իսկ որ քննարկումն այն չէ, կարող է տեղիք տալ այն ենթադրության, որ մենք արել էինք հենց արձանագրությունների հրապարակման օրերին. ինչ-որ պատճառով հայկական կողմը վստահ է, որ թուրքերն են վիժեցնելու արձանագրությունների ստորագրումը, եւ դրա համար չարժե մեր երկրի ներսն իրար խառնել: Մյուս կողմից էլ, եթե բանը հասնի հրաժարականի, ախր օրվա արմատական ընդդիմությունը (նկատի ունենք ՀԱԿ-ին) զրկում է երկրի նախագահին անգամ հրաժարականի շռայլություն թույլ տալ իրեն, քանի որ եթե կարգին ընդդիմություն չունես` թոշակառու եւ անընդհատ մի բանի սպասող ինչ-որ անհասկանալի զանգված է դիմացդ, ո՞նց հրաժարական տաս եւ ո՞ւմ հանձնես երկիրը, դա ավելի վտանգավոր է պետության արտաքին եւ ներքին խնդիրների առումով, իսկ նախագահները հենց սահմանադրությամբ իրենց երկրների ու ժողովուրդների անվտանգության եւ կայունության երաշխավորն են: Այնպես որ` այս հրաժարականի հնարավորությունն օգտագործելու գաղափարից երկրի նախագահը մեր ներքաղաքական հում վիճակի, այլ` համախմբված եւ կարեւոր ուժերը միավորած ընդդիմության բացակայության պատճառով (ՀՅԴ-ն դեռեւս ճանապարհ պետք է անցնի), ցանկության դեպքում անգամ երեւի չի կարողանա օգտվել:

Սակայն ջինը շշից դուրս է եկել, հազիվ թե մեծ պետությունները հրաժարվեն ախորժաբեր գործարքներից, որոնք թելադրում են մեր տարածաշրջանում խնդիրների լուծում, այդ թվում` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում, ու անգամ` ղարաբաղյան բանակցություններն ավարտին հասցնելու գայթակղությունից նրանք գուցե չհրաժարվեն: Այսինքն` Հայաստանի նախագահը, հիմա, թե ավելի ուշ, ոչ թե ավելի շատ Թուրքիայի հետ գործ ունի, այլ տարածաշջանում ներկա գերտերությունների, նրանց նախագահների ու նրանց շահերի: Որոշ իմաստով ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Թուրքիանՙ երկուսն են այդ խաղի գերին: Բայց օրինակ, երեկ ակումբային հանդիպման մասնակցող, արձանագրությունների վտանգները մատնանշող, հացադուլ անող կուսակցության` ՀՅԴ-ի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը տեսեք, թե ի՞նչ էր ասում. «Ձեր կարծիքով այս պարտադրանքից հրաժարվելու միակ տարբերակը հանրապետության նախագահի հրաժարակա՞նն է: Ինչո՞ւ եք բացառում, որ պայքարի տարբերակ է նաեւ այն, որ հանրապետության նախագահը տեսնի, որ օր օրվա վրա այս փաստաթղթի ընդդիմացողները ոչ թե իրենց անձնական, նեղ կլանային, խմբակային շահերից, այլ հանուն Հայաստանի վաղվա օրվա միավորվելու են եւ այդ պահանջները դնելով հանրապետության նախագահի առաջ` ասելու են. մենք քեզ թիկունք ենք, մերժիր այդ նախապայմաններով պարտադրված փաստաթուղթը»:

Իսկ մեզ մնում է առայժմ հետեւել, թե ուր են տանում ներհայաստանյան եւ սփյուռքյան քննարկումներն այս թեմաներով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4