«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2009-09-24 | #172, 2009-09-25 | #173, 2009-09-26


ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ. «ԱՃԵՑՎԱԾ ԽԱՂՈՂԻ ԱՄԲՈՂՋ ԲԵՐՔԸ ՊԵՏՔ Է ՄԹԵՐՎԻ»

Երեկ ՀՀ նախագահն Արարատի մարզում այցելեց Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղ: Երեւանի կոնյակի գործարանն այս տարի մտադիր է 32 000 տոննա խաղող մթերել: Այդ մասին լրագրողներին հայտարարեց ԵԿԳ գլխավոր տնօրեն Արա Գրիգորյանը: «Այս տարի մենք 1 կգ խաղողի համար կվճարենք 130 դրամ մեր մասնաճյուղերում, մասնավորապես, Այգեվանում, իսկ Տավուշի մարզի համար կսահմանվի 120 դրամ: Ինչ վերաբերում է այն բողոքներին, թե մենք խաղողը ցածր գներով ենք մթերում, ապա ես կարող եմ ասել, որ խաղողի գինը շուկան է թելադրում», ասաց Գրիգորյանը: Նա նաեւ նշեց, որ գյուղացիների հետ պայմանագիր է կնքվում 1-3 տարով` նվազագույնը 110 դրամով:

Այնուհետեւ նախագահը եղավ Արմավիրի «ՄԱՊ» ընկերությունում, ծանոթացավ խաղող մթերող գործարանների գործունեությանը, մշակողների խնդիրներին, խորհրդակցություն անցկացրեց Արմավիրի մարզպետարանում:

Արմավիրի մարզպետարանի շենքում կայացել է խորհրդակցություն խաղող վերամշակող ընկերությունների ղեկավարների հետ:

Փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը լրագրողներին տեղեկացրեց, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են խաղողի մթերման խնդիրները:

«Խորհրդակցության ժամանակ հստակ հանձնարարություններ տրվեցին եւ խնդիրներ դրվեցին, որ այս տարի աճեցված խաղողի ամբողջ բերքը պետք է մթերվի», ասաց Գեւորգյանը:

Խոսելով մթերող ընկերություն-գյուղացի համագործակցության մասինՙ փոխվարչապետը նշեց, որ այս առումով լուրջ խնդիրներ չկան, թեեւ, նրա խոսքովՙ պայմանագրեր կնքված են ոչ բոլոր գյուղացիների եւ ձեռնարկությունների միջեւ:

«Այդ խնդիրը լուծելու համար պետք է ներգրավել բոլոր կողմերը` պետական մարմինները, մթերող ընկերությունները եւ գյուղացիներին, որ ոչ մի կիլոգրամ խաղող չմնա», ասաց Գեւորգյանը:

Անդրադառնալով միջին գներինՙ փոխվարչապետը նշեց, որ միջին գներ հայտարարելը սխալ է. յուրաքանչյուր տարածաշրջանում կոնկրետ գներ են լինելու:

ՆԱԻՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ, Արարատ-Արմավիր-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4