«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2009-09-24 | #172, 2009-09-25 | #173, 2009-09-26


ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ. «ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ՉԻ ՀԱՋՈՂՎԻ ՄԵԶ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԹՈՒԼԱՑՆԵԼ»

Երեկ Արարատի մարզ աշխատանքային այցի ընթացքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց «Մասիս տոբակո» ընկերության գործարան, ծանոթացավ արտադրական հզորություններին, շրջեց գործարանում, զրուցեց ղեկավորության ու աշխատողների հետ: Այցի ընթացքում ՀՀ նախագահին ուղեկցում էին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը, Արարատի մարզպետ Վարդգես Հովակիմյանը: Գործարանում նրանց ուղեկցում էր ընկերության նախագահ Հրանտ Վարդանյանը:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին արտահանվել է, ընդհանուր առմամբ, 30 հազար 968 արկղ (յուրաքանչյուրը 500 տուփ տարողությամբ) ծխախոտի արտադրանք` 3 միլիոն 408 հազար 632 դոլար արժողությամբ: Պատրաստի արտադրանք արտահանվում է ԱՄՆ, Ռուսաստան, Շվեդիա, Վրաստան եւ այլ երկրներ:

Ծխախոտի «Մասիս տաբակ» ֆաբրիկան աշխատում է առանց ընդհատումների, տնտեսական ճգնաժամը չի անդրադարձել նրա գործունեության վրա: Այդ մասին լրագրողներին հայտարարեց «Գրանդ հոլդինգի» սեփականատեր Հրանտ Վարդանյանը : Նրա խոսքերով, գործարանում աշխատում են 1600 բանվոր եւ 1050 սեզոնային աշխատող:

«Ամեն ինչ կարելի է հաղթահարել, եթե մտածված ես աշխատում: Մենք մեր աշխատանքի ընթացքում երբեք չենք դիմել կառավարությունՙ ֆինանսական օգնություն ստանալու համար», ասաց Հրանտ Վարդանյանը` հավելելով, որ թութունը մթերվում է գյուղացիներից 73 դրամով մեկ կիլոգրամի համար:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը, ապա Վարդանյանը համարում է, որ սահմանի բացումը մեծ հնարավորություններ կստեղծի Հայաստանի ծխախոտի արդյունաբերության համար, քանի որ թուրքական շուկան շատ մեծ է:

«Այն մտահոգությունը, որ հայտնում են մեր գործարարները, թե թուրքական էժան ապրանքը կխեղդի տեղի արտադրողին, սխալ է: Ես կարծում եմ, որ կառավարությունը համապատասխան ուղղումներ կանի օրենսդրության մեջ մաքսային քաղաքականության մասով եւ դրանով կապահովի հայկական ապրանքների պաշտպանությունը դեմպինգային գներից», նշեց Հ. Վարդանյանը:

Հ. Վարդանյանի խոսքերով` «Ուկրաինայից անորակ կոնֆետ է ներկրվում, եւ սիգարետ, որ նախկին Խորհրդային Միության տարածքում են արտադրվում, եւ երկար տարիներ մեզ փորձում են շուկայում թուլացնել, սակայն ոչինչ չի ստացվում: Թուրքիային էլ չի ստացվի: Դա մեծ շուկա է, ոչ զարգացած տնտեսությամբ», նկատեց նա:

Հրուշակեղենի իր ղեկավարած ընկերության արտադրությունը եւս չի տուժել: Դա, ըստ Հրանտ Վարդանյանի, մրցակցությանը պատրաստ լինելու արդյունք է: «Մասիս տոբակո» ընկերությունը սեզոնին աշխատանքով է ապահովում շուրջ 900 մարդու, որոնցից 520-ը մշտական աշխատողներ են:

Նախագահը եղավ «Վիրջինիա», «Բեռլեյ», «Սամսուն» չորացված ծխախոտատեսակների ընդունման կետում, ֆերմենտացիոն արտադրամասում: Գործարանի բակում տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ:

Ն. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4