«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2009-09-24 | #172, 2009-09-25 | #173, 2009-09-26


ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿԱԹԳԾՈՒՄ

«Մենք 2 օրվա ընթացքում պատրաստ կլինենք Թուրքիայի հետ աշխատելու»

«Նովոստի» միջազգային մամուլի ակումբում երեկ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենի առաջին տեղակալ Մ. Խակովը եւ ընկերության գլխավոր ինժեներ Ս. Հարությունյանը խոսեցին երկաթգծում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ նախատեսվող բարեփոխումների մասին:

«Այդ բարեփոխումները հիմնականում լինելու են տեխնիկական որակների բարելավման եւ անվտանգության մակարդակի բարձրացման ուղղություններով», շեշտեց Խակովը: Նրա հավաստմամբՙ այս տարվա ութ ամիսներին հայկական երկաթգծերի միջոցով տեղափոխվել է 1,766 տ բեռ, ինչը անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատությամբ գրեթե նույն չափն է: Բանախոսը տեղեկացրեց նաեւ, որ այս տարի` անցյալ տարիների համեմատ, նվազել են Հայաստան եկող եւ դուրս գնացող բեռնափոխադրումները. «Սակայն նկատում ենք աճ` ներքին բեռնափոխադրումների իրականացման մեջ, որոնք անցյալ տարվա համեմատ աճել են 40 տոկոսով», ասաց Խակովը:

Ուղեւորային փոխադրումները աճել են 44 տոկոսով: Բանախոսը սա հիմնականում պայմանավորեց Երեւան-Բաթում եւ Երեւան-Թբիլիսի երկաթգծերի ակտիվությամբ` հատկապես ամռան ընթացքում. «Այս տարի մեր 12 լրիվ նոր վագոններով Թբիլիսի են ուղեւորվել 27270 մարդ, իսկ, օրինակ, անցյալ տարի այդ թիվը կազմում էր 18 հազարից քիչ ավելի», նկատեց Խակովը:

Ներքին ուղեւորատեղափոխումների հիմնական ուղղություններն այս տարվա ամռան ընթացքում եղել են հիմնականում դեպի Սեւան եւ Շորժա, այս տեղափոխումների թիվը անցյալ տարվա համեմատ նույնպես աճել է:

Խոսելով ծրագրված բարեփոխումների մասին` Խակովն ասաց, որ իրենք գնում են ամբողջ համակարգի արդիականացմանը. «Այսօր Հայաստանում կան կայարաններ, որոնք արդեն 15 տարի չեն աշխատում: Այս առումով շատ կարեւորում եմ այս տարվա հոկտեմբերին մեր վերլուծական եւ դիագնոստիկական կենտրոնների ստեղծումը, որոնց միջոցով մենք հնարավորինս նվազեցնելու ենք մարդու միջամտությունը երկաթգծի աշխատանքների մեջ: Սրանց միջոցով մենք նաեւ կնվազեցնենք դժբախտ պատահարների թիվը, իսկ դրանք քիչ չեն, օրինակՙ մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Նորագավիթի դեպքը: Կոնկրետ այստեղ ես տեսնում եմ մեր սպասարկող կազմի թերացումները, նրանք պատժվել են, ոմանք էլ հեռացվել»:

Բանախոսի վկայությամբ, իրենք ստացել են մի քանի նոր էլեկտրագնացքներ, ինչպես նաեւ 1 մլրդ 2մլն ռուբլի ՌԴ-ից. «Այս գումարից 1 մլրդ-ը ուղղվելու է երկաթգծերի վերանորոգման աշխատանքներին», ասաց Խակովը:

Այժմ ընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է տանում ձմեռային փոխադրումների ապահովման, ինչպես նաեւ դեպի Գյումրի ու Վանաձոր տանող երկաթգծերի կառուցման ուղղություններով:

«Մեր հաջողություններից նշեմ, որ տեխնիկական խոտանի անցյալ տարվա 215 արձանագրությունները այս տարի «դարձել» են` 169: 74 անսարք լոկոմոտիվների թիվը նվազել է` հասնելով 40-ի», նշեց Խակովը:

«Հարավկովկասյան երկաթուղին» մտահոգված է նաեւ իր կադրերի որակով: Ըստ Խակովիՙ նրանցից միայն 17 տոկոսն են բարձրագույնավարտ. «27 տոկոսը ունի միջին, իսկ 7 տոկոսը` նախնական կրթություն», նկատեց նա: Բանախոսը խիստ կարեւորեց ՌԴ համապատասխան մասնագիտացված բուհերում 53 ուսանողների սովորելու փաստը, որոնք ուսումն ավարտելուց հետո վերադառնալու են:

Հարցին, թե որքանո՞վ կնվազի հայկական երկաթուղու «վրացական ուղվածության» ակտիվությունը հայ-թուրքական սահմանի բացումից հետո, բանախոսը պատասխանեց, որ իրենց հաշվարկներով դա կարող է լինել 25-30 տոկոսի սահմաններում. «Նույն հաշվարկներովՙ բեռնափոխադրումների առաջին փուլում մենք ակնկալում ենք 1-2 մլն տոնա բեռնափոխադրում` Թուրքիա: Նշեմ սակայն, որ կոնկրետ մենք թուրքական կողմի հետ այս ուղղությամբ բանակցություններ չենք սկսել, բայց ՀՀ կառավարության առաջին իսկ հրահանգի դեպքում մենք պատրաստ ենք 2 օրվա ընթացքում սկսել աշխատել Թուրքիայի հետ», ասաց Խակովը:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4