«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2009-09-24 | #172, 2009-09-25 | #173, 2009-09-26


«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԴԺԳՈՀԵՑ ԻՐԵՆ ԳԵՐԻՇԽՈՂ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ

«Արմենտելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն երեկ, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախօրեին կայացրած որոշման կապակցությամբ հանդես եկավ հայտարարությամբ: Խոսքը հանձնաժողովի կողմից տվյալների փոխանցման միջազգային տարանցման շուկայում «Արմենտելին» գերիշխող դիրք ունեցող ճանաչելու որոշման մասին էր:

«Արմենտելի» գլխավոր տնօրենը մտահոգություն հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ որոշումներ կայացնելիս երկու անկախ պետական մարմիններՙ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, կիրառում են տարբեր չափանիշներ եւ մեթոդաբանություն: «Դա երկրի ներդրումային միջավայրում անորոշություն եւ անկանխատեսելիություն է առաջացնում», նշեց նա: Այնուհետեւ Իգոր Կլիմկոն նշեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության վերոնշյալ որոշումն ընդունվել է ինտերնետ պրովայդերների բողոքների հիման վրա: Նա ասաց, որ շարունակաբար խոսվում է ինտերնետ ծառայության ձեռքբերման գնի մասին, բայց չի նշվում, որ ընկերությունը մեծ միջոցներ է ծախսում այն մինչեւ վերջնական սպառողին հասցնելու համար: Ինչը, ըստ «Արմենտելի» գլխավոր տնօրենի, հանձնաժողովը պետք է հաշվի առնի:

Հաջորդ խնդիրը, որ առանձնացրեց «Արմենտելի» ղեկավարը, տեղական պրովայդերների կողմից մեծածախ ինտերնետի գինը դոլարով նշելու հանգամանքն է, մինչդեռ Հայաստանում գործարքները իրականացվում են դրամով, իսկ պայմանագրերում նշված գումարը պայմանավորված չէ դոլարի փոխարժեքով: «Այսպիսով «Արմենտելն» իր վրա է կրում փոխարժեքի տատանման բոլոր ռիսկերը հատկապես ճգնաժամային պայմաններում», ասաց Իգոր Կլիմկոն, շարունակելով, որ ներկայումս պրովայդերներին տրամադրվող ինտերնետի գինը կազմում է 255000-359000 դրամ առանց ԱԱՀ-ի: Ներկայիս փոխարժեքով այն կազմում է 662 դոլարից 934 դոլար: Ավելի ուշ «Արմենտելի» ղեկավարը նշեց, որ պրովայդերները նշում են 900-1400 դոլար գները, իսկ դրանք արդեն փոխվել եւ նվազել են սեպտեմբերի 15-ից: Ըստ Իգոր Կլիմկոյի` վերջին 1-2 տարում մեծածախ ինտերնետի գներն իջել են 10 անգամ:

«Ընկերությունը չի՞ ընդունում, որ ինքը գերիշխող դիրք ունի ինտերնետի շուկայում» հարցին Իգոր Կլիմկոն եւ ընկերության իրավաբան Դավիթ Սանդուխչյանը պատասխանեցին, որ հանձնաժողովը ինտերնետի սպառման շուկայում չպետք է ընկերությանը համարեր գերիշխող դիրք ունեցող: Իգոր Կլիմոյի կարծիքով, այստեղ հեռահաղորդակցության ոլորտի օրենսդրության թերություն կա:

«Արմենտելի» գլխավոր տնօրենը ողջունեց նոր ընկերությունների մուտքը շուկա, ասելով, որ որքան շատանան մեծածախ ինտերնետ մատակարարողները, այնքան կէժանանա ներմուծման մեծածախ գինը: Իգոր Կլիմկոն հայտնեց, որ ներկայումս ինտերնետը Հայաստանում պայթուցիկ տեմպերով տարածվում է, եւ ընկերության հաճախորդների թիվը 4,5 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի թվի համեմատ:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4