Ներկայացվեցին այս ոլորտներում արտահանման խրախուսման քայլերը
Արտահանման խրախուսման եւ ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ կառավարության ձեռնարկած քայլերին երեկ անդրադաձավ վարչապետի խորհրդական Արամ Ղարիբյանը : Կոնկրետ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող քայլերի մասին նա նշեց, որ այստեղ ներգրավված է զգալի թվով բնակչություն եւ այս ճյուղը համախառն ներքին արդյունքում (ՀՆԱ) մեծՙ 20 տոկոս ծավալ է զբաղեցնում: Դրանով հանդերձ, գյուղատնտեսության արտահանման բաժինը ՀՆԱ-ում 15-16 տոկոս է, իսկ եթե բացառվի վերամշակված պատրաստի արտադրանքըՙ 3-5 տոկոս:
Վարչապետի խորհրդականը հայտնեց, որ փոքր արտահանողների համար ապրանքի ծագման հավաստագրի տրամադրումն էապես հեշտացվել է: Նախկին 5 օրվա ընթացքում, 35 հազար դրամ արժողությամբ եւ եւս 7 այլ փաստաթղթերի պահանջի փոխարեն, այժմ մինչեւ 2,5 տոննա մթերք արտահանողները ապրանքի ծագման հավաստագիր պետք է ստանան 1 օրում, վճարելով 2 հազար դրամ եւ ներկայացնելով 4 փաստաթուղթ: Հանվել է նաեւ արտահանվող բույսերի համար առողջապահության նախարարության կողմից տրվող հավաստագրի անհրաժեշտությունը: Արդյունքում, ըստ Արամ Ղարիբյանի, այս տարվա հուլիս-սեպտեմբերին մոտ 2 անգամ ավելացել են մրգեր ու բանջարեղեն արտահանողները:
Գյուղատնտեսության արտահանման գլխավոր խնդիրը, ըստ վարչապետի խորհրդականի, գյուղացիական տնտեսությունների եւ իրացման միջեւ միջնորդ օղակի բացակայությունն է, որի պատճառով մինչեւ 50 տոկոս բերքի կորուստ է լինում: Կոնկրետ պանրագործության ոլորտում նման կառույց ստեղծելու ուղղությամբ պետությունը եւ պանրագործական ընկերությունները կոնկրետ քայլեր են արել, արդեն կա բիզնես պլանը, բանակցություններ են ընթանում ֆինանսավորման շուրջը: Արամ Ղարիբյանի հավաստիացմամբ, հաջողվելու դեպքում այդ փորձը կկիրառվի նաեւ այլ ոլորտներում:
Հաջորդ ոլորտը, որտեղ պետությունը ձգտում է աջակցել, ձկնարդյունաբերությունն է: Արտահանումը դեպի Ռուսաստան արգելվեց խոզի գրիպից հետո: Այդ հարցը վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձրացրել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստում, եւ բանակցություններով որոշվել է այդ հարցը լուծել ռուսական փորձագետների կողմից հայկական ձկնարդյունաբերական ընկերություններում ստուգումներ անցկացնելուց հետո: Արամ Ղարիբյանի համոզմամբ, այս հարցը կլուծվի 1-2 ամսից: Նա նաեւ նշեց, որ այս ոլորտը մեծ ներուժ ունի: Տարեկան արտահանվում է 5 հազար տոննա ձուկ, որը 10-20 անգամ ավելացնելու հնարավորություն կա:
«Ազգի» հարցին, թե Հայաստանի արտահանողներն ինչպե՞ս են օգտվում դեպի Եվրոմիություն արտահանելու GSP+ համակարգի արտոնություններից եւ կա՞ն որոշակի տվյալներ, Արամ Ղարիբյանը պատասխանեց, որ նման տեղեկություններ ինքը չունի, բայց խոստացավ ճշտել:
ԱՐԱ ՄԱՐՏԻՈՍՅԱՆ