ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ Արցախյան թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման կառավարական հանձնաժողովը հաստատել է առաջիկա հանդիսությունների ծրագիրը, համաձայն որի` Հայ առաքելական եկեղեցու Արցախյան թեմի վերաբացման 20-ամյակին նվիրված միջոցառումները կանցկացվեն սեպտեմբերի 26-28-ը: Նախատեսվում է, մասնավորապես, որ, նախ, Գանձասար վանքում տեղի կունենան ժամերգություն, անդաստան եւ խաչքարի օծում` հանդիսապետությամբ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի: Հաջորդ օրը` սեպտեմբերի 27-ին, Շուշիի Ս. Ամենափրկիչ եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ եւ հայրապետական մաղթանք: Նույն օրը Արցախի պատմաերկրագիտական թանգարանում կբացվի «Եկեղեցական գանձեր» ցուցահանդեսը, իսկ սեպտեմբերի 28-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում կներկայացվեն Արցախի թեմի հրատարակած գրքերն ու թեմի գործունեությունը արտացոլող լուսանկարներ:
Երեկոյան այդտեղ կկայանա ամփոփիչ միջոցառումը, որին կմասնակցեն հանրապետության իշխանությունների նեկայացուցիչներ, Վեհափառ հայրապետը, հրավիրյալներ: Երեկոն կեզրափակվի ազգային-հոգեւոր համերգով:
Կ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ