«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#171, 2009-09-24 | #172, 2009-09-25 | #173, 2009-09-26


ՌՈԲԵՐՏ ՍԱՀԱԿՅԱՆՑ. «ԵՍ, ՄՈՒԼՏԻՊԼԻԿԱՑԻԱՆ ԵՎ ՄԵՆՔ»

«Ես կամուրջ կկապեի երկու մարդու միջեւ. Լեւ Ատամանովի, ով սկսեց, եւ Ռոբերտ Սահակյանցի, ով փայլուն կերպով շարունակեց հայկական մուլտիպլիկացիան»:

Գարրի Բարդին

***

«Շատերը պնդում են, որ արվեստը եւ մշակույթը չպետք է քաղաքականացված լինեն: Դա միֆ է. չկա որեւէ ստեղծագործություն, որ իր վրա չկրի այս կամ այն քաղաքական, գաղափարական կնիքը: Որ հասարակարգում էլ ապրելու լինենք, միեւնույն է` դրանից խուսափելն անհնար է... Մի՞թե քաղաքականությամբ չէին զբաղվում Թումանյանը, Իսահակյանը: Մի՞թե քաղաքականությունից հեռու էր Մարտիրոս Սարյանը»:

***

«Իմ ֆիլմերը ժամանակագրական տեսքով հավաքելով մի ամբողջական ժապավենի մեջ, դարձել են իմ կենսագրությունը, կյանքի ու մարդկանց նկատմամբ իմ ունեցած վերաբերմունքի պատմությունը: Եվ եթե ափսոսում եմ «վատնած» ուժերիս համար` քաղաքական եւ հրապարակախոսական ֆիլմերի վրա, կմեղադրեմ ոչ թե ինձ, այլ այն վիճակին, որը ստիպում է արձագանքել ամեն մի պրոբլեմային եւ կոնֆլիկտային իրականությանը»:

***

«Մուլտիպլիկացիա... Երեւի թե ես պետք է անպայման մտնեի այս աշխարհը: Դեռեւս չորս-հինգ տարեկան մանչուկ` արդեն սկսել էի նկարել: Նկարում էի հիմնականում ծաղրանկարային ոճով, եւ ահա մի անգամ նկարեցի ծաղրածուի գլուխ. չորս նկարներ, որոնք պատկերում էին գլխի շարժման չորս դիրք: Տասնմեկ տարեկանում թղթից ժապավեն սարքեցի, նկարազարդեցի եւ ամրացնելով կարի մեքենայի թափանիվի վրա, ստացա շարժման պատկերներ: Դպրոցն ավարտել էի, երբ մի օր մայրս ասաց, որ հեռուստատեսությամբ լսել է, թե «Հայֆիլմը» հրավիրում է երիտասարդ նկարիչների` մուլտիպլիկատորի մասնագիտություն սովորելու համար: Երբ ներկայացա, ինձ ընդունեց Վալենտին Պոդպոմոգովը: Այդ ժամանակ նա նկարահանում էր իր չորրորդ ֆիլմը` «Փարվանան»: Այսօր դժվարանում եմ ասել` ով էր Վալենտին Պոդպոմոգովը իմ կյանքում. իմ ուսուցի՞չը: Գուցե: Դժվարանում եմ, բայց նա այն մարդն էր, որի հետ հեշտ էր շփվելը, հեշտ էր աշխատելը... Նա անսահման կենսախինդ էր, կատակասեր, պատմություններ էր հորինում` իրական, ոչ իրական... Լավ զրուցակից էր, լավ խորհրդատու: Նա այն մարդն էր, որ ցանկացավ մուլտ նկարել` նկարեց: Եվ վերածնեց հայկական մուլտիպլիկացիան: Ու երբ որոշեց թողնել, թողեց այնպես հանգիստ, ինչպես հանգիստ սկսել էր... Նա իսկական արվեստագետ էր, եւ ես հպարտ եմ, որ ինձ մուլտիպլիկացիա է բերել Պոդպոմոգովը: Մենք նրանից սովորեցինք թե մուլտ նկարահանելու գաղտնիքները, թե առողջ կատակն ու ուրախ հումորը: Մեր խումբը մինչեւ այսօր էլ ապրում եւ աշխատում է այդպիսի մթնոլորտում: Դա մեզ օգնում է լավ աշխատել եւ լավ հասկանալ միմյանց»:

***

«Ի՞նչ է ինձ համար մուլտիպլիկացիան... Իմ մտքերը, ասելիքը պարզապես արտահայտելու միջոց: Ես ցանկություն չունեմ նկարչությամբ կամ իմ ռեժիսուրայով զուտ արվեստ ցուցադրել, իմ պարզ ցանկությունն է ասելիքս հասցնել հանդիսատեսին: Իմ մուլտիպլիկացիան մոտ է ժուռնալիստիկային կամ գրականությանը: Եթե գրել կարողանայի այնպես, ինչպես նկարում եմ, ապա կգրեի հրապարակախոսական հոդվածներ կամ պատմվածքներ, հեքիաթներ` իմ մտքերը կկիսեի ընթերցողներիս հետ:

Կգտնվեն մարդիկ, հատկապես մուլտարվեստով չզբաղվող «մասնագետներ», որոնք կմեղադրեն ինձ. իրենց գործն է... Ես գտնում եմ, որ իմ ստեղծածի մեծ մասը հրապարակախոսական ֆիլմեր են: Գրիչի փոխարեն իմ ձեռքին մատիտն է: Ես քայլում եմ ժամանակի հետ` ժամանակի զարկերակը ափիս մեջ»:

***

«Խորհրդային մեծ կայսրության փլուզում, Ղարաբաղյան շարժում, երկրաշարժ, պատերազմ, պուտչ.. Ես չէի կարող մատիտ բանեցնել ու նկարել նապաստակներ, արջուկներ ու շտապել փառատոների: Ինչ արած, որ իմ այդ ժանրի ֆիլմերը մոռացվում են.. Բայց չէ որ դրանց գոյությունը խիստ անհրաժեշտ է հենց այդ- կոնկրետ ժամանակաշրջանում: «Ամեն ինչ լավ է» ֆիլմը նկարել եւ ավարտել էի նախքան պուտչը: Կինոյի տանը այն ցուցադրվեց բառիս բուն իմաստով պուտչի նախօրեին: Ոմանք չէին հավատում եւ պնդում էին, որ նկարել եմ դրանից հետո, ոմանք էլ հիացած էին իմ կանխատեսումով...

«Ընտրություններ» ֆիլմով, նկարված Ռուբեն Հախվերդյանի «Նախագահական ընտրություններ» հայտնի երգի մոտիվներով, ես իմ վերաբերմունքը ցուցադրեցի անխուսափելի կործանման գնացող ՀՀՇ-ական դատարկ, սնամեջ «գաղափարախոսության» հանդեպ: Եվ մենք ունեցանք ՀՀՇ-ականության տապալումը»:

Ըստ Սերգեյ Գալստյանի «Կախարդական գորգ» գրքի պատրաստեց ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4