Վրաց սահմանապահները ձերբակալել են երկու ձորամուտցու
Սեպտեմբերի 25-ին Լոռու մարզի Ձորամուտ գյուղի բնակիչներՙ 28-ամյա Արմեն Ավանեսյանը եւ 22-ամյա Էդվարդ Հակոբյանը սովորականի նման հոտը տարել էին արոտավայր: Ժամեր անց, երբ տղաները չէին վերադարձել, գյուղում լուր էր տարածվել, թե վրաց սահմանապահները սահմանն անցնելու մեղադրանքով նրանց ձերբակալել են: Ձորամուտը սահմանամերձ գյուղ է: Գոգավան գյուղի հետ այն մեկ համայնք է կազմում: 450 տնտեսություն ունեցող համայնքի բնակիչների հիմնական զբաղմունքն անասնապահությունն է: Այդ չարաբաստիկ օրն էլ Արմենը եւ Էդվարդը անասունների ետեւից էին գնացել: Վերջին մեկ տարվա ընթացքում սա վրաց սահմանապահների կողմից գյուղացիների առեւանգման առաջին դեպքը չէ Ձորամուտում:
Այս տարվա ապրիլի 28-ին գյուղի բնակիչ, ազգությամբ ռուս Ալեքսանդր Կոլգոնովը եւս նման ճակատագրի է արժանացել, եւ արդեն 6 ամիս էՙ նրա գտնվելու վայրը հայտնի չէ: Միակ զանգը եղել է վրացի փաստաբանից: Նա Ալեքսանդրի դիմաց 3000 լարի փրկագին է պահանջել: Այս մասին հայտնեց Ալեքսանդրի կինըՙ Վարսենիկ Կուլախսզյանը: Վարսենիկը վճարելու հնարավորություն չունի: Նրա երկու տղաներից մեկը ծառայում է հայոց բանակում, իսկ տան ողջ հույսը հիմնականում կնոջ ուսերին է:
Ձորամուտ համայնքի վարչական տարածքը նշված սահմանային գծից գրեթե 1000 մետր է բաժանում: Սահման ասվածն էլ այստեղ հարաբերական է. սահմանային գիծՙ որպես այդպիսին գոյություն չունի: «Նախորդ տարիներին նման բան չի եղել,-ասում է տղաներից մեկիՙ Արմենի մայր Զոյա Պողոսյանը : -Միշտ էլ կտրել-անցել ենք այս նույն տարածքը, փայտ ենք բերել, մեզ ձեռք չեն տվել: Այս մեկ տարում են ագրեսիվացել:
Ձորամուտի գյուղապետ Արարատ Փնջոյանի կարծիքով, վրաց սահմանապահների այս մարդաորսը վերջին մեկ տարում է ակտիվացել:
- Նրանք ոչ թե սահման են պահում, այլ թփերի տակ թաքնված սպասում են, թե երբ են մերոնք գյուղից մեկ-երկու մետր հեռանալու, որ բռնեն, տանեն: Մի քանի տարի առաջ, չգիտես ինչու, նույն տարածքը հատելիս ոչ մի խնդիր չի եղել: Ես արդեն այն համոզմունքին եմ, որ սահմանակից ենք թշնամի պետության հետ: Խոսքով են միայն ասում, թե բարեկամ ազգեր ենք: Ես նման բարեկամություն չեմ ընդունում,-ասաց գյուղապետը: Իսկ թե որտե՞ղ եւ ինչո՞վ են զբաղված եղել մեր սահմանապահներն այն պահին, երբ նրանց վրացի գործընկերները հեշտ ու հանգիստ տարել են երկու հովիվներին, ոչ ոք չգիտե: Անպատասխան է նաեւ այն հարցը, թե ո՞վ էր պարտավոր գյուղացիներին զգուշացնել, որ նրանք հատում են թվացյալ, աներեւույթ սահմանը: «Ոչ փշալարերով, ոչ մի այլ կերպ սահման գծված չկա, - ասաց Էդվարդի մայրըՙ Անժելա Հակոբյանը : - Իրենք իրենց որոշել են, որ դա արդեն իրենց տարածքն է եւ տարել են երեխեքին»:
Առեւանգված բնակիչների գործով դիմումներ են ուղարկվել համապատասխան մարմիններՙ ազգային անվտանգություն, ՀՀ վարչապետին եւ սպասում են պատասխանի: Իսկ մինչ այդՙ տղաների ծնողները հուսահատության մեջ սպասում են որեւէ լուրի: Կցկտուր տեղեկություններ կան, որ նրանց Վրաստանի մայրաքաղաք են տեղափոխել: Վերջին հեռախոսազանգի ժամանակ տղաներն ասել են, որ մեքենան սպասում է եւ 10 րոպեից նրանց Թբիլիսի են տանելու: Արմեն Ավանեսյանը 3 անչափահաս երեխա ունի, որոնցից փոքրն ընդամենը 3 ամսական է, իսկ Էդվարդ Հակոբյանին տանը հաշմանդամ հայրն է սպասում:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ, Վանաձոր