Սեպտեմբերի 28-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ «Հայփոստի» միջեւ ստորագրվեց նոր դրամահավաք կազմակերպելու հուշագիր: Այդ հուշագրով հիմնադրամը եւ «Հայփոստը» ամրագրեցին իրենց պատրաստակամությունները` համատեղ ջանքերով իրականացնելու կանխիկ դրամով հանգանակություններ` Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, 2009-ի հոկտեմբերի 1-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի անունից հուշագիրը ստորագրեց գլխավոր տնօրեն Արա Վարդանյանը, «Հայփոստի» կողմից` գլխավոր տնօրենի պաշտոնակատար Արման Խաչատուրյանը:
Արա Վարդանյանը, խոսելով անցած 1-1,5 տարվա իրականացրած ծրագրերի մասին, ասաց, որ ավարտված ծրագրերի շարքին կարելի է դասել Դիտավանի, Լուսահովիտի գազամատակարարումը, Ակնաղբյուր գյուղի ոռոգման ցանցի կառուցումը, Խաշթառակ գյուղի ամբուլատորիայի վերանորոգումը եւ այլն: «ԼՂՀ-ում մեր ավարտված ծրագրերից նշեմ 15 մլն դոլար արժողությամբ հիվանդանոցի կառուցումը, Մարտունու շրջանի Բերդաշեն եւ Սպիտակաշեն գյուղերի ջրամատակարարման ապահովումը, մի շարք դպրոցների կառուցումներ», մեջբերեց Վարդանյանը:
Ընթացիկ ծրագրերի մեջ թվարկվեցին Ստեփանակերտի թիվ 11 դպրոցի կառուցումը, Հադրութի շրջանի մի քանի գյուղերի ջրամատակարարման վերականգնումը` Արցախում եւ Խաշթառակ-Լուսահովիտ-Դիտավան գյուղերի ոռոգման ցանցերի կառուցումը, մի քանի այլ գյուղերի ջրամատակարարումը, գազամատակարարումը, էլեկտրամատակարարումը, ճանապարհների հիմնանորոգում Հայաստանում:
«Այժմ մենք իրականացնում ենք շուրջ 40 ծրագրեր, որոնց թվում է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի, Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու կառուցումը: Ընհանուր առմամբ, սակայն, մեր հիմնական «ուղղությունը» սահմանամերձ շրջաններն են», նշեց Վարդանյանը:
«Հայփոստը» շատ ուրախ է համագործակցելու «Հայաստան» հիմնադրամի հետ: Ուզում եմ նաեւ ասել, որ նվիրատվության չափը ամենեւին կարեւոր չէ, կարեւորը մեր քաղաքացիների ցանկությունն է` մասնակցելու այս ազգանվեր գործին», իր խոսքում նշեց «Հայփոստի» գլխավոր տնօրենի պաշտոնակատար Խաչատուրյանը:
Իսկ պարոն Վարդանյանը նկատեց. «Վերջին 3 տարիների ընթացքում մեր ընդհանուր հանգանակությունների 50-60 տոկոսը արվել են Հայաստանից եւ ԼՂՀ-ից, իսկ անցյալ տարի, հիմնականում «Հայփոստի» հետ մեր հաջող համագործակցությունից հետո, այս թիվը հասել է 90 տոկոսի: «Արցախփոստի» հետ սկսած մեր համագործակցության արդյունքում, այս տարվա դրամահավաքին մասնակցելու նմանատիպ հնարավորություն կունենան նաեւ արցախցիները»:
Վարդանյանի տեղեկացմամբՙ «Հայաստան» համահայկական հինադրամը իր գոյության 17 տարիների ընթացքում իրականացրել է 1000-ից ավել խոշոր եւ նույնքան փոքր ծրագրեր` հանգանակելով շուրջ 200 մլն դոլար գումար: «Անցյալ տարի մասնակցել են 12000 ՀՀ քաղաքացիներ, իսկ «Հայփոստի» միջոցով կատարված նվիրատվությունները կազմել են 12 մլն դրամ, որից ամենախոշորը եղել է Գյումրիից` 500000 հազար դրամ, իսկ ամենաքիչը եղել է 10 դրամ», նկատեց Վարդանյանը:
Այս տարի ե՛ւ հիմնադրամը, ե՛ւ «Հայփոստը», անկախ ֆինանսական ճգնաժամից, նախատեսում են այս թվերի աճ. «Մեր բիզնեսմենները սկսել են գիտակցել, որ հնարավոր չէ ապահովել աճ` իրենց բիզնեսի համար, եթե շուրջ բոլորդ մարդիկ վատ են ապրում, բացի այդ, ՀՀ նախագահը միշտ օգնում է մեզ, մենք էլ վերահսկում ենք մեր իրականացրած ծրագրերը», շեշտեց պարոն Վարդանյանը:
Հարցին, թե այդ պարագայում, ինչո՞վ եք պայմանավորում արդեն կառուցված ճանապարհների քայքայումը, Վարդանյանը պատասխանեց, որ դա ոչ թե իրենց, այլ տվյալ ճանապարհը պահպանողների մեղքն է. «Յուրաքանչյուր շինարարական աշխատանքի վրա ժամանակի ընթացքում առաջանում են խնդիրներ: Իսկ դա շինարարների մեղքը չէ»:
Բանախոսը խոսեց նաեւ այն հարցի մասին, թե ո՞ւր են «կորչում» այն բարեգործները, որոնք հայտնվելով հեռուստատեսային մարաթոնի ժամանակ, այնուհետեւ «անհետանում» են. «Նրանք ընդամենը իրենց սեփական շինարարական ընկերություններն ունեն եւ նախընտրում են ինքնուրույն զբաղվել իրենց նվիրատվություններով, սակայն դա էլ կատարվում է մեր վերահսկողությամբ: Մարաթոնի վերաբերյալ էլ ասեմ, որ այս տարի նախատեսում ենք անցկացնել նաեւ Մոսկվայում եւ Փարիզում, ի դեպ, ԱՄՆ-ում անկացրած մեր մարաթոնը 3 լավագույններից է` իր տեսակի մեջ», շեշտեց պարոն Վարդանյանը:
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ