«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#172, 2009-09-25 | #173, 2009-09-26 | #174, 2009-09-29


ՄԱՆՈՒԵԼ ԱԴԱՄՅԱՆԻ «ՀԱՎԱՏՔԻ ՈՐԴԻՆ»` ՌՈՒԲԵՆ ՔՈՉԱՐԻ ԲԵՄԱԴՐՈՒԹՅԱՄԲ, ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆՈՒՄ

Մոտ երկու ամիս Երեւանում է լոնդոնաբնակ մանկավարժ, բանաստեղծ, թատերագիր եւ հասարակական գործիչ, ՍԴՀԿ ղեկավար մարմնի անդամ Մանուել Ադամյանը, որը նաեւ խմբագիրն է Լոնդոնի «Նոր սերնդի ձայն» ամսագրի: Ծնվել է Բեյրութում, սովորել Բեյրութի դպրոցներում, հետոՙ Երեւանում, որտեղ 1963 թվից Երեւանի պետական համալսարանում է ուսանել: Ամուսնացել է երեւանցի աղջկա հետ, Երեւանում է ծնվել նրա անդրանիկ որդին: Հետո Երեւանում ստացած կրթությունն ու գիտելիքները 15 տարի ի գործ է դրել Բեյրութում, եղել Լիբանանի Սահակ Մեսրոպյան վարժարանի տնօրեն: 1986 թ. ընտանիքով փոխադրվել է Լոնդոն, այստեղ հիմնադրել է «Կոչնակ» երկշաբաթաթերթը, ապա «Նոր սերնդի ձայն» երկլեզու ամսագիրն է հրատարակել, որը փորձում է Հայաստան-Սփյուռք կապերը զորացնել, ընթերցող շրջանակներին ծանոթացնել հայության եւ հայրենիքի հետ, նաեւ Մեծ Բրիտանիայում կատարված իրադարձություններին:

Հայրենիքում գտնվելու առիթը նախ նրա «Հավատքի որդին» պիեսի բեմականացումն էր Սունդուկյանի անվան թատրոնում, որը բեմադրել է Ռուբեն Քոչարը, իսկ պրեմիերան կայացավ սեպտեմբերի 19-ին: Մ. Ադամյանը շատ գոհ է մնացել այս բեմականացումից:

Պիեսը պատմական թեմայով գործ է, պատմում է նախաքրիստոնեական Հայաստանի` Քրիստոսի ծննդից սկսած առաջին դարում ապրող մարդկանց մասին, եւ մեծ հաշվով հոգեւորի ու աշխարհիկի (իրեն հատուկ բոլոր կրքերով) բախում է` ընթերցողի եւ հանդիսատեսի ներաշխարում առաջինի հետ գեղեցիկ հանդիպման պատրանքը ստեղծելով: Սյուժեն, կարճ, այսպիսին է. Հայաստանի հեթանոս մեծահարուստներից մեկի երեխան գնում է արտերկիր` Տարսոն, Գաղամայել փիլիսոփայի մոտ սովորելու: Քրիստոսի առաջին դարն է, երբ դեռ քրիստոնեությունը Հայաստան մուտք չէր գործել: Այդ տարիներին նույն փիլիսոփայի մոտ Սողոս անունով մի անձնավորություն էր սովորում, որը հետագայում վերանվանվում է Պողոս, նույն ինքը Հիսուս Քրիստոսի Պողոս առաքյալը` քրիստոնեության ամենաուժեղ տեսաբանը: Այդ Պողոսի հետ ընկերանում է պիեսի հերոսը` Արեգը, Պողոսի միջոցով քրիստոնեական առաջին հայացքները ստանում եւ, երբ վերադառնում է հայրենիք, իր հետ հեթանոսական Հայաստան է բերում քրիստոնեական հայացքները: Մինչ սովորելու գնալը այս տղան սիրում էր ընտանիքի բարեկամի աղջկան, երբ վերադառնում է` նրան հասկացնում է, որ աշխարհիկ կյանքից հեռանալու եւ հայրենիքում քրիստոնեությունը քարոզելու կոչումով է վերադարձել. այդպիսով` մերժում է սիրած աղջկան ու հեռանում է` շրջագայելու հայոց գավառներում, քրիստոնեություն քարոզելու: Որոշ ժամանակ հետո վերադառնում է տուն: Իր մեծ եղբայր Շահենին ամուսնացած է գտնում իր նախկին սիրածի հետ, իսկ մեծ եղբայրն էլ միշտ կասկածում է, թե Արեգը իր հին սերը պետք տածի իր կնոջ հանդեպ: Բացի այդ` մեծը միշտ կարծում էր, որ եղբայրն էլ չի վերադառնա, եւ հոր ողջ հարստությունն իրեն կմնա` մարդկային հոգու հավերժական խժռումը նյութականով: Կիրքը, խանդը, ընչաքաղցությունն ու քրիստոնեական գաղափարախոսությունը դեմ-դիմաց հանդիպում են պիեսում, ներկա դեպքում` Սունդուկյանի թատրոնի բեմում, տեղի է ունենում բախում, եւ վեճի ընթացքում մեծ եղբայրը զայրույթի գագաթնակետին սպանում է փոքրին:

Ներկայացումն ավարտվեց բուռն ծափերով, հանդիսատեսի սրտում հուզիչ պատմությունն արձագանք էր տվել, կային նաեւ թաց աչքեր` այս բոլորին անձամբ ականատես էր Մ. Ադամյանը:

Պրեմիերան, ասացինք, սեպտենբերի 19-ին էր, բեմադրիչը Ռուբեն Քոչարն էր, որ կինոռեժիսոր է թեեւ, բայց Մանուել Ադամյանի կարծիքով` հիանալի էր կատարել պիեսի բեմական ընթերցումը: Բեմադրության իրականացմանն աջակցել էին սփյուռքի նախարարությունն ու անձնապես Հրանուշ Հակոբյանը, Վեհափառ հայրապետը, փոքր նյությական աջակցություն էր ունեցել նաեւ Ռուսաստանի հայերի միության նախագահ պարոն Արա Աբրահամյանը: Մ. Ադամյանի տիկինը` Լիլի Ադամյանը, լուծել էր բոլոր կազմակերպական հարցերը` պրոդյուսերն էր: Մ. Ադամյանը հիացած էր դերասանական կազմով` Արմեն Սանթրոսյան, Արթուր Կարապետյան, Սամվել Թոփալյան (Արեգի դերը շատ հիանալի կերպավորեցՙ ըստ Ադամյանի), Նարինե Լալայան...

Հետաքրքրվեցինք` դեռեւս կարծրատիպեր կան, որ Սունդուկյանը ակադեմիական թատրոն է, երիտասարդությունն այնքան էլ չի սիրում գնալ... Հարցը կիսատ` Մանուել Ադամյանն անմիջապես հերքեց մեր ասածը. «Չէ, շատ լավ հանդիսատես էր` երիտասարդություն եւ մտավորականություն: Հաջողված բեմադրություն էր, անընդհատ հեռախոսազանգեր ստացա հետո: Հետո բեմ բարձրացրին նաեւ ինձ, իսկ սփյուռքի նախարարը պատվոգիր տվեց»:

Իսկ ե՞րբ կլինի հաջորդ ներկայացումը. «Առայժմ մտածում ենք ներկայացումը տանել արտերկիր` Միջին Արեւելք, Անգլիա. եթե Լոնդոն հնարավոր եղավ բերել` այդտեղից Փարիզ տանելը հեշտ է», մոտիկ պլաննների մասին պատմեց Մ. Ադամյանը:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4