Ինչպիսի՞ն է Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների մասին, այս թեմայի մասին խոսելիս երեկ «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Լիբանանի խորհրդարանի նախկին պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության անդամ Եղիա Ջերեջյանն ասաց, որ այս հարցում թե՛ սփյուռքում, թե՛ Հայաստանում միատեսակ մոտեցում չկա. «Դա ժողովուրդ-իշխանություն անվստահության մթնոլորտի արդյունքն է: Կան եզրակացություններ, որոնք բանաձեւերի մեջ չկան, բայց մարդիկ վախենում են, որ ապագան կարող է ի վնաս մեզ գնալ: Նույնիսկ մեր կուսակցության մեջ այս կապակցությամբ տարբեր տեսակետներ արտահայտվեցին»:
Արձանագրությունների վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս Ջերեջյանը նշեց, որ որեւէ զիջում ցեղասպանության հարցում, առավել եւսՙ հողային զիջում Ղարաբաղի հարցում, բացարձակապես ընդունելի չէ իրենց կուսակցության համար. «Եթե այս հարաբերությունները Թուրքիայի հետ պետք է տանեն այնտեղ, որ մի օր Հայաստանը ե՛ւ ղարաբաղյան ճակատում, ե՛ւ ցեղասպանության ճակատում զիջումներ արձանագրի, ապա մենք դեմ ենք այդ արձանագրություններին»:
Ջերեջյանը նշեց, որ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է «շրջապտույտ անել հայ համայնքներում` բացատրելու համար այս փաստաթղթերի հանդեպ Հայաստանի իշխանությունների պաշտոնական քաղաքականությունը: Բնական է, որ այդ հանդիպումներին պետք է հրավիրվեն համայնքի հիմնական ուժերի ներկայացուցիչները: Առաջին հերթին նախ պետք է լսել նախագահին: Ես կարծում եմ` այդ բացատրություններից կծնվեն նաեւ հարցումներ, թե, օրինակ, սահմանների բացումը Հայաստանի վրա տնտեսական ի՞նչ ազդեցություն կունենա: Կան տնտեսագետներ, որ վերլուծություններ են անում եւ ոչ օբյեկտիվ հարցեր են փորձում լուծել, այլ ի սկզբանե նրանք իշխանամետ կողմնորոշում ունեն եւ ուզում են ասել, թե Հայաստանի տնտեսության համար տնտեսապես օգտակար կլինի»:
Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Սեպուհ Գալփակյանն էլ նշեց, որ սփյուռքի կարծիքը, որը հայրենիքի մեջ ապրող ժողովրդի եռապատիկն է, անպայման պետք է հաշվի առնվի, եւ ինքը ողջունում է սփյուռք այցելելու նախագահի քայլը: Ըստ Գալփակյանի` այդ քայլը խիզախ քայլ է եւ քաջություն է պահանջում. «Կարծում եմՙ նախագահը շատ դժվարությունների է հանդիպելու, որովհետեւ, ճիշտ է, տարբեր տեսակետներ կան, բայց 100-ից 90-ն այսօր հստակ են, եւ Հայաստանի կողմից նման քայլն անընդունելի են համարում: Սուր քննադատություններ են լինելու եւ հատկապեսՙ Լիբանանում»:
«Սփյուռքն ավելի զգայուն է ազգային հարցերում, մանավանդ հայրենասիրության, պատմական հայրենիքի, ցեղասպանության ճանաչման եւ այլ կարեւորագույն հարցերում», նկատեց Գալփակյանը: Ըստ նրա` դրա պատճառն այն է, որ սփյուռքահայերը ցեղասպանությունից փրկվածների ժառանգներն են ու համարվում են Եղեռնի ծնունդ:
Ն. Մ.