«Հայէկոնոմբանկը» երեկ հայտարարեց մի շարք ծրագրերով վարկավորման տոկոսադրույքների իջեցման մասին։ Բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը, նշելով, որ դժգոհություններ կան բանկերի կողմից ցածր տոկոսներով վարկեր չտրամադրելու առնչությամբ, ասաց, որ այս կերպ «Հայէկոնոմբանկը» փորձում է իր բաժինն ունենալ տնտեսության վարկավորման մեջ։ Մասնավորապես, տնտեսության կայունացման ծրագով տրվող վարկերը կտրվեն 5 տարով տարեկան 15 տոկոս տոկոսադրույքից սկսած, առեւտրի խթանման վարկերը 10-12 տոկոսովՙ 1-2 տարով։
Դավիթ Սուքիասյանը տեղեկացրեց նաեւ հիպոթեկային վարկերի տոկոսադրույքների իջեցման մասին։ Անշարժ գույքի ձեռքբերման համար վարկավորման տոկոսը նվազեցվել է 2 տոկոսային կետովՙ 16 տոկոսից իջնելով 14 տոկոսի, իսկ փոխանակման, վերակառուցման եւ նորոգման համար տրվող վարկըՙ 18 տոկոսիցՙ 16 տոկոսի։ Կանխավճարը սակայն մնացել է նույնըՙ 30 տոկոս։
Կանխավճարի չափի փոփոխման հավանականության մասին մեր հարցին պատասխանելով, Դավիթ Սուքիասյանն ասաց, որ այն կիջնի այն դեպքում, երբ անշարժ գույքի շուկայում գները կայունանան եւ սկսեն աճել։ Բանկի վարչության նախագահը հայտնեց, որ հիպոթեկային վարկավորման պորտֆելը 2,5 մլրդ դրամ է կազմում եւ նպատակ կա հասցնելու մինչեւ 3 մլրդ դրամի։ Ըստ Դավիթ Սուքիասյանի, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին հիպոթեկային վարկավորման ակտիվացում է նկատվել։
Բանկի ցուցանիշների մասին խոսելով, Դավիթ Սուքիասյանն անդրադարձավ այս տարվա երրորդ եռամսյակի ցուցանիշներին, համաձայն որոնց, աճել են բանկի ակտիվները, վարկային ներդրումները, ցպահանջ ավանդները, ֆիզիկական անձանց ավանդները, իրավաբանական անձանց դեպոզիտները եւ շահույթը։ Բանկի վրա ճգնաժամի ազդեցությանն անդրադառնալով, վարչության նախագահը նշեց, որ փոխարժեքի կտրուկ փոփոխման ժամանակահատվածում բանկը ունեցավ կորուստներՙ բավականին մեծ ծավալի արտարժույթ վաճառելով իր հաճախորդներին։ Սակայն հետագայում այդ վնասը փակվեց։ Հաջորդը 4 տոկոս դարձած վատորակ վարկերն են, որոնք սկսում են նվազել։
Փոխարժեքի տատանումների եւ դրամի արժեզրկման պատճառների մասին «Հայէկոնոմբանկի» վարչության նախագահն այն կարծիքը հայտնեց, որ ներկայիս իրավիճակը մարտ ամսվա իրավիճակից շատ է տարբերվում։ Թեեւ կա դրամի արժեզրկում, բայց մեծ ցնցումներ չեն սպասվում։ Ըստ Դավիթ Սուքիասյանի, դրամի մեծ արժեզրկում չի լինի եւ հավանական է անգամ փոքր արժեւորում, քանի որ բանկերը շատ արտարժույթ են գնել եւ ստիպված են լինելու վաճառել։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ