«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#173, 2009-09-26 | #174, 2009-09-29 | #175, 2009-09-30


Yerevan Musicfest-Ը ԲԱՑՈՒՄ Է ՀԱՄԵՐԳԱՇՐՋԱՆԸ

Երեւանի երաժշտական փառատոների քարտեզը դառնում է ավելի ու ավելի հագեցածՙ Հայաստանի մայրաքաղաքին տալով արդիական քաղաքի կերպարանք: Անշուշտ, ճգնաժամի ընթացքում փառատոների անցկացումը դժվար գործ է, ուստի կազմակերպիչներին չենք կշտամբի հայեցակարգերի բացակայության համար: Եվ այնուամենայնիվ հիշեցնենք, որ փառատոնը շահում է առաջատար թեմատիկ գաղափարից, պրեմիերաներից, նոր կամ վաղուց մոռացված ստեղծագործությունների կատարումից: Ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնի մասին, ավա՜ղ, դեռ երազում ենք:

Երեւանի երաժշտական փառատոնը մյուսների համեմատությամբ ունի իր արտոնությունները. ըստ էության դա ակադեմիական երաժշտության վրա կենտրոնացող միակ փառատոնն է: Դրա լսարանը, որը սահմանափակված է դասական արվեստի նվիրյալ ունկնդիրներով, բարձր պրոֆեսիոնալիզմ է ակնկալում ոչ միայն հյուրախաղերի եկած, այլեւ տեղացի երաժիշտներից: Կարեւոր է դա մշտապես հիշել, քանի որ Yerevan Musicfest-ը հանրապետության մշակույթի նախարարության եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նախագիծն է: Ներկայիսՙ երրորդ փառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի տիկնոջՙ Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ: Գեղարվեստական ղեկավարներն են Ալեքսանդր Չաուշյանը եւ Էդուարդ Թոփչյանը:

Սեպտեմբեր-հոկտեմբերին 12 համերգներ կանցկացվեն հիմնականում Ա. Խաչատրյանի անվան համերգասրահում, շեշտելով փառատոնի սիմֆոնիկ «պրոֆիլը»: Արտերկրի մենակատարների թվում է Քիմ Քաշքաշյանը (ԱՄՆ), որը հանդես է եկել Մանսուրյանի երկի պրեմիերայի ժամանակ:

Փառատոնը բացելու պատվին Տիգրան Մանսուրյանը (ծնվ. 1939 թ.) արժանացել է իր երաժշտությամբ, որը վերջին շուրջ կես դարում դարձել է հայկական կոմպոզիտորական ստեղծագործության հայելին: Նրա գեղարվեստական հետաքրքրությունները, չնայած ոճի ընդգրկմանը եւ կոմպոզիցիայի տեխնիկային, աճում են երկու արմատից: Եվ եթե մեկըՙ համայն աշխարհի ունկնդիրների կողմից անմիջապես կռահվողը, կապված է 20-րդ դարի առաջատար արվեստի հետ, ապա մյուսըՙ հազարամյա ավանդույթով քողարկվածը, տեսանելի է միայն գիտակ ունկնդրին: Թեման չզարգացնելով նկատենք, որ Մանսուրյանի ստեղծագործության «պսակը», որը պայմանավորված է նրա վերլուծական փորձառությամբ, ինչպես նաեւ զգացական նրբերանգների սանդղակով, սահմանել է կոմպոզիտորի պատվավոր տեղն արդի աշխարհում:

Սկզբում հնչեց նվագախմբի «Պարտիտան» (1965), որը նեոկլասիցիզմի խորհրդանիշ է դարձել հայ երաժշտության մեջ: Քառամաս ստեղծագործությունն ունի կատարման իր դժվարությունները, որոնք կապված են նվագախմբային ֆակտուրայի անհրաժեշտ թափանցիկության (հատկապես միջին մասերում) եւ ռիթմի խաղի հետ, ըստ որումՙ ոչ միայն ռիթմիկ պատկերի, այլեւ երաժշտական կառույցների համամասնությունների հետ, ինչպես չորրորդ մասումՙ «Տոկկատայում»: Ցավոք, այդ խնդիրները Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը չհաղթահարեց:

Բնականաբար, դահլիճի սեւեռուն ուշադրությանն արժանացավ Մանսուրյանի Ալտի կոնցերտը Քիմ Քաշքաշյանի մենակատարմամբ, որին կոմպոզիտորը ձոնել է մի քանի երկ, այդ թվումՙ երկու կոնցերտ: Նոր երաժշտության իռացիոնալ մտայնությամբ դաստիարակված, անթերի ճաշակի տեր երաժիշտ Քիմ Քաշքաշյանը առաջին հնչյուններից (ավելի ճիշտ, բազմիցս կրկնվող մեկ հնչյունից, ինչը, ավա՜ղ, շտամպ է դարձել շատ կոմպոզիտորների համար) գերեց լսարանին: Կոմպոզիտորական խոսքի ասկետիզմը ալտահարուհուն չխանգարեց ի հայտ բերելու գործիքի տեմբրային գեղեցկությունը, որն անսովոր փայլուն էր առաջին մասին ռեպրիզայի բարձր ռեգիստրում եւ քնարական-թախծոտՙ երկրորդ եւ երրորդ մասերում:

Ալտի ու նվագախմբի 2-րդ կոնցերտը (2008), ինչպես եւ առաջինը, կոչվում է «Երեք արիա երգելու համար Արարատին բացված պատուհանից»: Թեմատիզմի մելոդիկ բնույթը, որը երկրորդ մասում զուգորդվում է միջնադարյան աշուղական երգայնության հետ (հեղինակն օգտվել է Թալինի երգային բանահյուսությունից), հարաբերակցվում է արտահայտության ընդհանուր զսպվածությանը: Իսկ սիմֆոնիկ նվագախմբի սեղմված-կրկնակի կազմը գործիքների գծագրորեն ցայտուն նկարված գծերով մատնում է Մանսուրյանիՙ կամերային երաժշտության վարպետի ծանոթ ձեռագիրը:

Հաջորդ բաժնում հնչեց Դմիտրի Շոստակովիչի ռե մինոր 5-րդ սիմֆոնիան, որի կատարումն արժանի է ամենաբարձր գնահատականի: Նվագախումբը Է. Թոփչյանի ղեկավարությամբ մեծ ոգեւորությամբ կատարեց Շոստակովիչի այդ նախապատերազմյան (1937) սիմֆոնիան: Արդյունքն անմիջապես անդրադարձավ հնչողության որակի վրա, այն զգացվում էր թե՛ անսամբլային մշակումներում եւ թե՛ տեմբրերի ընդհանուր դրամատուրգիայում: Հատկապես նշանակալի հնչեցին վշտալի երրորդ մասըՙ Largo-ն, եւ մասշտաբային չորրորդ մասը, որը ներկայացրեց ռուս հանճարեղ կոմպոզիտորի ստեղծած հոյակապ երաժշտական ալեգորիան:

Փառատոնի երկրորդ համերգի ժամանակ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի վահանակի մոտ էր Իտալիայից հրավիրված դիրիժոր Ալդո Սիսիլլոն: Ավելի շուտ վիտալիստական էությամբ, խստիվ հավասարակշռված երաժշտական կամքով դիրիժորը երեւանցիներին ներկայացրեց օպերային մի քանի հատվածՙ Ջ. Վերդիի «Ճակատագրի ուժը» եւ Ռ. Վագների «Թռչող հոլանդացին» օպերաների նախերգանքները, Ջ. Պուչչինիի «Մանոն Լեսկո» օպերայի Ինտերմեցցոն:

Իտալական եւ գերմանական օպերային երաժշտության հետ մեկտեղ այդ երեկո հնչում էր Ջ. Ռոսսինիի, Յ. Հայդնի, Կ. Մ. Վեբերի գործիքային երաժշտությունը: Մենակատարներն էին դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը (Մեծ Բրիտանիա) եւ կլառնետահար Վոլֆգանգ Մեյերը (Գերմանիա): Անհրաժեշտություն չկա ներկայացնելու Երեւանի կոնսերվատորիայի սանուհի

Ա. Չաուշյանին, որի կատարողական կուլտուրան գրավում է իր ակադեմիականությամբ: Հայտնի դաշնամուրի ու նվագախմբի ռե մինոր Կոնցերտի ոճական զսպվածությունը Չաուշյանը կառուցեց նախ եւ առաջ վաղ ստեղնագործիքային երաժշտությանը մերձեցված ձայնի բնութագրով: Բարոկկոյի, մասնավորապես Բախի ֆոնիզմը առավել շատ զգացվում էր առաջին երկու մասերում: Առանց հուզական ճնշման, բնականորեն եւ տեխնիկապես մաքուր կատարելով իր պարտիան, դաշնակահարուհին օրգանապես ներգծվեց տվյալ երեկոյի համատեքստին:

Երեկոյի գլխավոր հերոսը, անկասկած, փառաբանված կլառնետիստ Վ. Մեյերն էր, որին մենք բախտ էինք ունեցել ունկնդրելու առաջին Yerevan Musicfest-ում: Ու թեեւ Մեյերը Երեւանում նվագում է դասական գործեր, աշխարհում նա հայտնի է նաեւ որպես արդի երաժշտության կատարող: Այսպես, իր քրոջՙ դարձյալ կլառնետիստ Սաբինայի հետ նա անցյալ տարի իրականացրեց առաջատար կոմպոզիտոր Պետեր Յոգտվոշիՙ Մեյերներին ձոնած ստեղծագործությանՙ երկու կլառնետի, ակորդեոնի եւ լարային նվագախմբի Levitation-ի պրեմիերան:

Գրախոսվող երեկոյի ժամանակ Մեյերը, Ռոսսինիի «Վարիացիներից» բացի, մենակատարն էր Վեբերի կլառնետի ու նվագախմբի ֆա մինոր 1-ին Կոնցերտում: Անչափ դժվար պարտիան Մեյերի մեկնաբանությամբ ընդգծվեց տեմբրային արտահայտչականության հարստությամբ: Ոչ այլ կերպ, քան վարպետության դաս պետք է անվանել կլառնետի եւ նվագախմբի իրոք վիրտուոզ այդ երկխոսությունը, որի մոդելը կոնցերտային ժանրում այժմեական է մինչեւ օրս:

ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստաբանության դոկտոր


Նկար 1. Ալդո Սիսիլլո

Նկար 2. Անահիտ Չաուշյան

Նկար 3. Քիմ Քաշքաշյան

Նկար 4. Վոլֆգանգ Մեյեր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4