Դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի պետի`անվտանգության գծով տեղակալ Գրիգոր Թովմասյանը: Վերջինս կասկածվում է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով` «կաշառք ստանալը» նախատեսված արարք կատարելու մեջ:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով 8 տարի ազատազրկման դատապարտված եւ ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ Անդրանիկ Պողոսյանը հայտարարություն է տվել, որ պատիժը կրելու ընթացքում առավել բարվոք խուց տեղափոխվելու դիմաց նույն հիմնարկության պետի` անվտանգության գծով տեղակալ Գրիգոր Թովմասյանը 2008 թվականի հունիսին իրենից ստացել է 700 ԱՄՆ դոլար կաշառք:
Ն. Մ.