«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՍԱ ՄԵՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆՆ ԷՐ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ»

Երեկ նախագահ Սերժ Սարգսյանը մարզահամերգային համալիրում հանդիպեց Հանրային խորհրդի եւ ՀԽ հանձնաժողովների անդամների հետ: ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախագահին ներկայացրեց հայ-թուրքական արձանագրությունների քննարկման արդյունքում ձեւավորված տեսակետները (ՀԽ-ն կողմ էր արտահայտվել արձանագրությունների վավերացմանը) եւ մտահոգությունները (վերջիններս ներկայացրել էինք երեկվա «Ազգում» ): Մտահոգությունները ներկայացնող ՀԽ անդամների ելույթները լսելուց հետո նախագահ Սարգսյանն ինքն էլ ելույթ ունեցավ, պատասխանեց նաեւ հարցի ձեւով հնչած մտահոգություններին. «Եթե որեւէ մեկին թվում է, որ այդ փաստաթղթերում պետք է լինեն միայն մեր ցանկությունները, պետք է լինեն միայն ու միայն մեր իղձերի իրականացումները, ապա, ճիշտն ասած, մի քիչ պետք է իրատես լինել, այդպես լինել չի կարող, որովհետեւ մենք ոչ թե մեր հարաբերություններն այսպես նորմալ կարգավորում ենք եւ գնում ենք բարեկամանալու Թուրքիայի հետ, այլ ընդամենը փորձում ենք ստեղծել շատ թե քիչ կայուն միջավայր, որում կարող է սկսվել աշխատանքը, որով կարող է սկսվել երկխոսությունը: Սա է մեր քայլերի նպատակը: Եվ եթե մեկն ասում է` այս բառն այսպես չի գրված, այս միտքը կարող են թուրքերը մի այլ կերպ մեկնաբանել, է, մենք էլ կարող ենք այլ կերպ մեկնաբանել: Որեւէ մեկը կարո՞ղ է ինձ ցույց տալ 4-5 կետից բաղկացած միջազգային պայմանագիր, որը չի կարելի տարբեր ձեւերով մեկնաբանել: Սա է: Եվ դա արվում է ոչ թե դիտավորությամբ, այլ ընդհանրապես` ցանկացած (բան), նույնիսկ գեղարվեստական ստեղծագործություն, այստեղ նստած 100 մարդկանցից 80-ը կարող են այլ կերպ ընկալել: Որովհետեւ այդպես է: Մենք բոլորս ունենք մեր մտածելակերպը, մեր աշխարհընկալումը, եւ սա է, որ մենք բոլորս պետք է ընկալենք եւ հասկանանք...Բնական հարաբերություն ունենալու համար մենք պետք է սկսենք խոսել: Իմ ասածը սա է: Եթե որեւէ մեկը խոսելուն դեմ է, ես միայն ու միայն հարգանքով կվերաբերվեմ այդ մարդուն, եթե նա 5 տարի առաջ էլ էր դեմ, 10 տարի առաջ էլ էր դեմ, 15 տարի առաջ էլ էր դեմ:

Բայց երբ տեսնում ես, որ խոսողներից շատերի նպատակը, շատ ներողություն բառիս համար, միավոր հավաքելն է` ինչ-որ հույզերի վրա, սա արդեն դատապարտելի է», ասաց նախագահ Սարգսյանը: Ավելի ուշ նա այս թեման լրացրեց. «Երբ մարդիկ սկսում են քննադատել կոնկրետ քաղաքականությունը, ուղղակի մոռանում են, որ մի 10 տարի առաջ, երկու տարի առաջ իրենք այդ հնարավորություններն ունեցել են: Մենք ունեցել ենք խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, եւ այսօրվա մեր քննադատներից մեկը պետք է վեր կենար եւ ասեր` այս նախընտրական ծրագրերում թուրքերի հետ հարաբերություններ հաստատելու մասին դրույթն ընդհանրապես դատապարտելի է: Բա ինչո՞ւ այն ժամանակ էլ այդ հարցերի մասին չէին խոսում»: Թեեւ` առկա քննադատությանն ընդհանրապես նախագահը նորմալ է վերաբերվում: Ըստ նրա` ժողովրդագրական խնդրի հետ կապված պետք է ոչ թե ձեռնպահ մնալ Թուրքիայի հետ հարաբերությունից եւ բաց սահմանից, այլ կառուցել արդար պետություն, որպեսզի մեր երկրում «եթե չլինի էլ ժողովրդագրական բում, ապա առնվազն լինի դրա ցանկությունը»: Հայ-թուրքական հարաբերությունները կառուցվում են առանց նախապայմանի, համոզված է նախագահը:

Հանրային խորհրդի հանձնաժողովներում հնչած մտահոգությունները բարձրաձայնելով` ՀԽ նախագահ Վ. Մանուկյանը ձեւակերպեց որպես հարց եւ ուղղեց նախագահին. «Նախաստորագրված փաստաթղթերում կա՞ն նախապայմաններ»: Նախագահն արձագանքեց. «Հրապարակված փաստաթղթերում որտե՞ղ եք տեսել նախապայմաններ: Եթե այդպես լիներ, փաստաթղթում գրված կլիներ, որ նախապայմաններով են այդ փաստաթուղթը ստորագրվում: Այո, փաստաթղթերում տեղ են գտել նաեւ որոշակի դրույթներ, որոնք կոմպրոմիսի արդյունք են: Բա մեզ համար լավ բաներ չկա՞ն այդ փաստաթղթերում: Կարծիքներ են հնչում, որ, այ, եթե փաստաթղթում այս երկու կետն այսպես ձեւակերպվեր` մենք հարց չէինք ունենա: Նախ հավատացնում եմ բոլորին, որ հարցեր էլի կլինեին, նույնիսկ եթե, նորից եմ ասում, այդ փաստաթղթերը նման լինեին Թուրքիայի կապիտուլյացիայի մասին պայմանագրերի, էլի հարցեր կլինեին, հարյուր տոկոսով հարցեր կլինեին: Եվ երկրորդ, իհարկե, չեմ բացառում, որ հնարավոր է առավելագույնը պոկել: Ես չեմ բացառում, որ ապագայում հնարավոր է շատ ավելի լավ փաստաթուղթ ունենալ: Ես ուղղակի մի բանում եմ համոզված, որ մենք կարողացանք բանակցությունների ընթացքում ստանալ ահա այսպիսի փաստաթուղթ: Սա մեր հնարավորությունների առավելագույնն էր այս փուլում»: Նախագահ Սարգսյանը հավաստեց, թե թուրքերի հետ հարաբերություններ հաստատել բնավ չի նշանակում ցեղասպանությունը կասկածի տակ առնել, առավել եւս` մոռանալ. «Որեւէ նորմալ մարդ չի կարող ցեղասպանությունը մոռանալ, եւ չեն կարող լինել պատճառներ, որոնք կստիպեն այլ քայլերի գնալ», ասաց: Պատմաբանների ենթահանձնաժողովի ստեղծմամբ ցեղասպանությունը կասկածի տակ դնող մտահոգությանն էլ այսպես արձագանքեց. «Երբ ասում են, որ թուրքերն անպայման հանձնաժողովի կամ ենթահանձնաժողովի առաջին նիստին բերելու են-ցեղասպանության հարցն են դնելու` այսինքնՙ դա ի՞նչ է նշանակում` ինչի՞ այդ հանձնաժողովը ղեկավարվում է թուրքերի՞ կողմից. այդ հանձնաժողովը պարիտետային սկզբունքով ստեղծված հանձնաժողով է, որտեղ մի խումբը կարող է իրենն ասել, մյուսն` իրենը»:

ՀԽ այլ մտահոգություններին (տնտեսական էքսպանսիա, ժողովրդագրական խնդիր) ի պատասխան` նա գործարարների հետ շփումից ստացած տպավորությունը փոխանցեց. սահմանի բացումը Հայաստանի համար տնտեսապես ավելի շահավետ է լինելու, քան՜ Թուրքիայի:

Մինչ այդ էլ, միջազգային ճնշման պատճառով Թուրքիայի հետ բանակցելու մտահոգությանն էր պատասխանելՙ թե որեւէ մեկը չի պարտադրել, չի ճնշել, որեւէ մեկը չի ստիպել նրան` Թուրքիայի նախագահին Հայաստան հրավիրել:

Ըստ նրա` Հայաստանը կշարունակի ցեղասպանության միջազգային ճանաչմանը հետամուտ լինել, թեեւ չբացառեց, որ հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կդանդաղեցնի միջազգային ճանաչումը: Բայց դրա համար մեղավորը ոչ թե Հայաստանն է լինելու` իր նախաձեռնությամբ, այլ այն մարդիկ, որոնք ընդունելով, որ ցեղասպանություն եղել է, հայ-թուրքական հարաբերության գործընթացը կդարձնեն ցեղասպանությունը չճանաչելու արդարացման առիթ: Իսկ այս գործընթացը խթանելու է Թուրքիայի ներսում այդ հարցի նկատմամբ ուշադրության բարձրացումը. «Մեզ համար ո՞րն է կարեւոր` որեւէ այլ երկիր ճանաչի՞, թե՞ Թուրքիայի ներսում շատ լուրջ պրոցեսներ սկսեն»: Որ հայ-թուրքական խնդիրները լուծելու գին է պահանջվում` նախագահ Սարգսյանը քաջ գիտակցում է, ինքն էլ պատրաստ է տալու այդ գինը, քանի որ, նրա կարծիքով, արդյունքը ցույց կտա` Հայաստանի ձեռք բերածն ավելի շատ է լինելու, քան կորցրածը:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4