ԵԽԽՎ-ն սեպտեմբերի 29-ին քննարկում էր «Ռուսաստանի եւ Վրաստանի պատերազմը» զեկույցը, որն, ըստ էության, նախորդում է ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու առնչությամբ քննարկմանը: Այդ քննարկումը նախատեսված է այսօր :
ԵԽԽՎ պատգամավորներից Ռուսաստան-Վրաստան հարցով համազեկուցող Լուք Վան դեն Բրանդեն հայտարարեց, թե Վրաստանի տարածքային ամբողջականությունը ամենակարեւոր տարրն է: Զեկույցի համաձայն, որ նաեւ ընդունված բանաձեւն է, շատ փոքր, աննշան առաջընթաց է գրանցել Ռուսաստանը, զգալի առաջընթաց` Վրաստանը:
Բրանդեի ներկայացմամբ, լավագույն ելքը երկխոսությունն է`
իրական առաջընթաց արձանագրելու համար: «Ներկա դրությամբ լարվածության մեծացում կա, Ժնեւի քննարկումներում առաջընթաց կա, բայց անընդունելի է սահմանների փակ վիճակը, մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի անիրագործելիությունը եւ այլն», հայտարարեց համազեկուցողը:
Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների կտրվածքով օգոստոսյան պատերազմի հետեւանքների քննարկումը ավելի շուտ հակառուսական տրամադրությունների տարբեր արտահայտությունների շարք էր հիշեցնում: Վրաստանը, ստացվում էր, կատարել է բոլոր պարտավորությունները կամ գրեթե կատարել է, մինչդեռ Ռուսաստանը, ըստ եվրոխորհրդարանականների, թքած ունի Եվրոպայի խորհրդի վրա:
Արտահայտություններում եւս խտրականություն չէր դրվում: Ասենք, թե Եվրոպան անատամ է, քանի որ անդամներից մեկը կարող է արհամարհել ԵԽԽվ բանաձեւերն ու ԵԽ պահանջները, այն հիմնական արժեքները, որոնք համարվում են ԵԽ հիմքը:
Նաեւ առաջարկներ էին հնչում, թե հարկ է օգնել, օժանդակել Վրաստանին, որ գտնվում է ծանր վիճակում, իսկ Ռուսաստանի հանդեպ խիստ լինել, այլապես Վրաստանի հետ պատահածը տեղի կունենա նաեւ ուրիշների հետ: Ով ինչ ուներ պատմության մեջ, որ որեւէ կերպ առնչվել է Ռուսաստանին, հիշեցվում էին, հատկապես բալթյան երկրներն ու սոցիալիստական ճամբարն իր ժամանակին կազմած երկրների ներկայացուցիչները: Ընդհանրական էր մոտեցումը, թե Եվրոպայի խորհուրդը չպետք է առաջնորդվի գազի ու նավթի առաջնահերթություններով, այլ իր որոշիչ «խոսքն» ասի Ռուսաստանի պահվածքի առնչությամբ :
Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունն էլ, իր հերթին, ներկայացնում էր, որ պատերազմը սանձազերծել էր Վրաստանը, եւ «Ռուսաստանը փրկել է Հարավային Օսիայի ժողովրդին ոչնչացումից»:
Ինչեւէ, բանաձեւի նախագիծը, որ քվեարկության դրվեց ուշ երեկոյան, ընդունվեց 80 կողմ եւ 36 դեմ քվեարկությամբ, ի թիվս այլ պահանջների, ամրագրում է, թե Ռուսաստանը մինչեւ տարեվերջ պետք է անսահմանափակ հասանելիություն տա ԵՄ դիտորդների համար ինչպես Հարավային Օսիայում, այնպես էլ Աբխազիայում, երաշխավորի վրացի բնակչության համար ազատ տեղաշարժը «անջատված երկու տարածաշրջանների վարչական սահմաններով», նաեւ ՌԴ-ն պետք է նախաձեռնի էթնիկ զտումների դեպքերի վստահելի հետաքննություն:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Ստրասբուրգ