«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#174, 2009-09-29 | #175, 2009-09-30 | #176, 2009-10-01


ԹՈՒՐՔԵՐԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՙ ՈՉ ՄԻ ԶԳԱՑՄՈՒՆՔ...

Հովհաննես Չիլինկիրյանի «Թուրքերուն (իբր թէ) չգիտցած իրականութիւնները» երկրորդՙ լրամշակված հրատարակության շնորհանդեսը կատարվեց երկու օր առաջ ազգային գրադարանում: Գիրքը տպագրվել է Մեծ եղեռնի եւ Հայոց ազատամարտի «Ուխտատուն» թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ, ԵՊՀ տպագրատանը, հայերեն եւ թուրքերեն (նախորդ հրատարակությունները եղել են նաեւ ֆրանսերենով, անգլերենով, ռուսերենով) կազմել եւ խմբագրել են Բեյրութի «Նայիրի» հանդեսի գլխավոր խմբագիր Ժիրայր Նայիրին, Երեւանից պատմ. գիտությունների դոկտոր Վլադիմիր Պետրոսյանը: Սույն ժողովածուն ընդգրկում է 2001-2009 թվականների հայ-թուրքական հարաբերություններին առնչվող, Հայոց ցեղասպանությունը ժխտող գրեթե բոլոր երեւույթների, իրողությունների, թուրքական մամուլի, պետական գործիչների ելույթներիՙ Հ. Չիլինկիրյանի անդրադարձ-հոդվածները, որոնք ժամանակին տպագրվել են Բեյրութի «Նայիրի» հանդեսում: «Սարսափելի անիրաւութեան դէմ ընդվզումի այս աղաղակը» հավատարիմ է հեղինակի որդեգրածՙ թուրքերի հետ հարաբերություններում ոչ մի զգացմունք, միայն առողջ դատողություն, սառնասրտություն, միայն փաստարկներ սկզբունքին:

Հովհ. Չիլինկիրյանըՙ հայ բանաստեղծ, 1915 թ. զոհերից Ռուբեն Սեւակի եղբորորդին, ծնվել է Կ. Պոլսում, ականատես է եղել 1955 թվականի դեպքերին, երբ տեղի ունեցան թուրքական հերթական վայրագությունները. քաղաքի փողոցներում հայտնվեց խուժանըՙ այրելով ու ավերելով հույների ու հայերի տներ, ոչնչացնելով եկեղեցիներ: 1970-ականներին նա տեղափոխվեց ֆրանսիական Նիս քաղաք եւ մինչեւ այսօր ապրում է այնտեղ: Հրապարակախոս-պատմաբան է, սփյուռքում հայտնի է իր ազգային-հասարակական գործունեությամբ, մեկենասությամբ:

Ազգային գրադարանում կայացած հավաքին Հովհաննես Չիլինկիրյանին եւ նրա այս ժողովածուն ներկայացրեց գրքի խմբագիրըՙ Վլադիմիր Պետրոսյանը : «Երբ նրան հարցնում ենՙ քանի տարեկան ես, նա պատասխանում էՙ երեսուն: Երբ զարմանում են (ծնվել է 1924 թ.), նա ասում է, որ ինքը ծնվել է այն օրը, երբ Թուրքիայից հեռացավ»:

Հովհ. Չիլինկիրյանն այս տարվա մայիսին 30 տարվա բացակայությունից հետո Գարեգին 2-րդ կաթողիկոսի հրավերով այցելեց Հայաստան: Թեքեյան մշակութային միությունում նրա հետ հանդիպում կազմակերպվեց: Բայց, ինչպես նկատեց օրվա հիմնական բանախոսը, քանի որ այդ օրը հանրային (ելույթային) ուշադրությունը սեւեռվեց Ռուբեն Սեւակի մասին վեպի հեղինակին, նա փորձեց ավելի հանգամանորեն ներկայացնել Հովհաննես Չիլինկիրյանին: Ըստ գրքի խմբագրի, Չիլինկիրյանի հոդվածների ուշադրության կենտրոնում հայ-ռուսական հարաբերություններն (հեղինակի ռուսական կողմնորոշումներով) ու Հայոց ցեղասպանության հարցերն են: «Նա առաջին պատմաբաններից մեկն է, որ զուգահեռ անցկացրեց հրեական Հոլոքոսթի եւ մեր ցեղասպանության միջեւ: Չիլինկիրյանը մի հետաքրքրական եզրահանգման է եկելՙ եթե Ցեղասպանություն չի եղել, այդ ինչպե՞ս է Արեւմտյան Հայաստանը դատարկվել հայերից, իսկ Հոլոքոսթից 6 մլն հրեա է ոչնչացվել եւ բնաջնջված ժողովուրդը ստեղծել է իր պետությունը»:

Ըստ նրա, ցեղասպանության ճանաչման հարցի պահանջը սխալ է, քանի որ դրանով այն վիճահարույց է դառնում. նա առաջարկում է դնել հայոց պահանջատիրության հարցը: Այս մոտեցումներով է պայմանավորված նաեւ նրա վերաբերմունքը ԱՍԱԼԱ-ին: Հովհ. Չիլինկիրյանը տարիներ առաջ ստեղծել է մի հանձնախումբ, որ համակարգում է այցելություններ տարբեր քաղաքներում ձերբակալված ԱՍԱԼԱ-ի անդամներին եւ մեծ աշխատանքներ կատարում նրանց վիճակը թեթեւացնելու, նրանց աջակցելու ուղղությամբ:

Հովհ. Չիլինկիրյանի գործունեության մի կարեւորագույն ասպեկտը հորեղբորՙ Ռուբեն Սեւակի գործը, նրա գաղափարները պահպանելն ու զարգացնելն է եղել: Նիսում նա ստեղծել է Ռ. Սեւակին նվիրված հիշատակի տուն, հավաքել արխիվային բազմաքանակ նյութ, որի մի զգալի մաս հանձնել է Երեւանի գրականության եւ արվեստի թանգարանին: Որպես նկարահավաքորդ, նա հայ ծովանկարիչների բազմաթիվ նկարներ ունի, ի թիվս դրանցՙ նաեւ Հովհ. Այվազովսկու երեք գործ: Դրանց Հայաստան տեղափոխելու նրա ցանկությունը արդեն երկար տարիներ չի իրագործվումՙ թանգարանային շենքի բացակայության պատճառով: Բարեբախտաբար, Ամենայն Հայոց Հայրապետի նախաձեռնությամբ «Խրիմյան Հայրիկ» թանգարանի ցուցասրահներից մեկը տրամադրվելու է Չիլինկիրյանի այս նվիրատվությանը: Նրա աջակցությամբ լույս են տեսել հայագիտական շուրջ 30 գրքեր, նա մշտապես աջակցում է նաեւ Երեւանի Ռուբեն Սեւակի անվան դպրոցին:

Բանախոսն անդրադարձավ նաեւ Ռուբեն Սեւակի կյանքային հետաքրքրական դրվագներին, նրա գերմանուհի կնոջՙ Յաննի սկզբունքային եւ հավատավոր կեցվածքին: «Յաննին, լինելով գերմանացի, մինչեւ կյանքի վերջ գերմաներեն չխոսեց, չընդունեց գերմանական քաղաքացիություն, մինչեւ վերջ ապրեց Նանսենի անձնագրով, երեխաներին չսովորեցրեց գերմաներեն, այլ միայն ֆրանսերեն»: Սա գերմանական դեսպանատնից մերժվելու նրա պատասխանն էր, որին նա դիմել էր ամուսնուն փրկելու խնդրանքով:

Ազգային գրադարանը Հովհ. Չիլինկիրյանին շնորհեց «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալՙ «Ազգային-հասարակական եւ պատմագիտական անբասիր գործունեության, սփյուռքում հայագիտությունը զարգացնելու, հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդմանը նպաստելու, ցեղասպանության ճանաչման գիտական պայքարի եւ Հայաստանյայց առաքելական եկեղեցուն անձնապես աջակցելու, Ռուբեն Սեւակ մշակութային հիմնարկի ազգօգուտ արդյունքներն ապահովելու համար»:

Զգացմունքայնությամբ ընդգծված իր ելույթի մեջ Սասուն Գրիգորյանը Հովհաննես Չիլինկիրյանին համարեց Հայաստանի, Հայ դատի եւ հայ ազատագրական պայքարի ուխտանվիրյալ:

Գրքի ողջ տպաքանակը, հեղինակի ցանկությամբ, տրամադրվելու է Ազգային գրադարանին, Ռ. Սեւակի անվ. դպրոցին:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4