«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#176, 2009-10-01 | #177, 2009-10-02 | #178, 2009-10-03


«ՔԱՆԻ ԿԱ ՀԱՅ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՉՆՉԱՑՆԵԼՆ Է»

Հայ-թուրքական արձանագրություններին դեմ արտահայտվողների թվում են նաեւ քաղաքագետ Լեւոն Շիրինյանն ու հոգեբան Ալբերտ Նալչաջյանը , որոնք երեկ «Արմատ» մամուլի ակումբում կտրականապես դեմ արտահայտվեցին ոչ միայն արձանագրություններին, այլեւ հայ-թուրքական հարաբերություններին ընհանրապես:

Բանախոսները, խոսելով վերջերս Թուրքիայում լույս տեսած դասագրքի մասին, որում զետեղված քարտեզով Հայաստանը ամբողջովին ներառված է Թուրքիայի տարածքում, կարծիք հայտնեցին, որ դրանով Թուրքիան փաստորեն «ցույց է տալիս իր վաղեմի երազանքներն ու իրական նպատակները»:

Նալչաջյանի բնորոշմամբ` «հոգեբանության տեսակետից, այս քարտեզի հրապարակումը նշանակում է թշնամու սիմվոլիկ ոչնչացում,- շարունակելով` հոգեբանը նշեց,- սա անպայման ուղղված է մեզ` ստուգելու մեր ռեակցիան»:

Բանախոսը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, շեշտեց, որ եթե ինքը լիներ նախագահ, ապա անմիջապես կկասեցներ դրանց քննարկումներն ու ստորագրումը. «Թուրքի հետ անզգույշ քաղաքականություն վարելը տանում է դեպի կործանում: Այս արձանագրություններում կան դրույթներ, որոնք միանշանակ թելադրված են արտաքին աշխարհի կողմից, օրինակ, գրված է. «Պետք է վերականգնվի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխվստահությունը», հարց եմ տալիս, ե՞րբ է հայի ու թուրքի միջեւ եղել փոխվստահություն, որ հիմա էլ ուզում են վերականգնել»:

Նալչաջյանը ավելացրեց նաեւ, որ արձանագրությունների ստորագրման համար Հայաստանի իշխանությունները ենթարկվել են արտաքին ճնշումների. «Սակայն այդ ճնշումները այնպիսին չեն եղել, որ, ցանկության դեպքում, հնարավոր չլիներ «դուրս գալ տակից»»: Հոգեբանի համոզմամբ` մեր հասարակություններն էլ պատրաստ չեն սահմանների բացմանը, քանի որ «թուրքերը շարունակում են արհամարհել հայերին ու ուզում են շարունակել ցեղասպանությունը»:

Ազգային ժողովի քննարկումների վերաբերյալ պարոն Նալչաջյանը նկատեց, որ հակառակ կարծիքները ճնշում են գործադրում իշխանությունների վրա, սակայն ինքը չգիտի` կօգնի՞ այդ ճնշումը գործընթացը դադարեցնելու համար, թե՞ ոչ. «Միեւնույն է, ԱԺ-ն վավերացնելու է այդ փաստաթուղթը, ես համոզված եմ»:

Քաղաքագետ Շիրինյանն ունի իր մոտեցումները` արձանագրությունների հետ կապված, ըստ որոնց. «Չի կարելի Հայկական հարցը հանգեցնել ցեղասպանության ճանաչման հարցին, եւ երկրորդ` չի կարելի ամրագրել սահմանները»: Շիրինյանի կարծիքով` Թուրքիայի ազգային շահը պահանջում է Հայաստանի ոչնչացումը. «Եվ այն կարծիքները, որ սահմանի բացումից հետո լավ ենք ապրելու, սուտ են. Թուրքիան այդ ժամանակ իր ներքին օրենսդրությունը համապատասխանեցնելու է` մեզ հետ շփումների «առանձնահատկություններին»: Քաղաքագետի կարծիքով` Թուրքիան քաղաքական մշակույթի հստակ կողմնորոշում ունի` անկախ քաղաքական վայրիվերումներից: «Այս պատճառով մենք պետք է ոչ թե մեր շատ քաղաքական գործիչների ասած պրագմատիկ լինենք, այլ` քաղաքականապես իրատես: Բացի այդ, ո՞վ ասաց, որ մենք պարտավոր ենք լավ հարաբերություններ ունենալ մեր բոլոր հարեւանների հետ. եթե, օրինակ, իմ շենքի հարեւանը թմրամոլ է, ես, բնականաբար, չեմ շփվի նրա հետ,- նկատեց Շիրինյանը, ավելացնելով,- ես նույնպես կարծում եմ, որ հայ եւ թուրք հասարակություններն էլ պատրաստ չեն շփման, էլ չեմ ասում` փոխադարձ վստահության, որի համար Թուրքիան մեզ պարտավոր է տարածքային եւ նյութական փոխհատուցում տալ»:

Հետագա մեր անելիքների վերաբերյալ երկու բանախոսներն էլ ասացին, որ տրված ժամանակը շատ քիչ է որոշում կայացնելու համար:

«Իսկ այս պահին Թուրքիայի հետ կարելի է ունենալ միայն հյուպատոսների մակարդակով շփում` պայմանով, որ թուրքի ոտքը Հայաստան չի մտնի, քանի որ, եթե կա հայ, ապա Թուրքիայի խնդիրը Հայաստանը ոչնչացնելն է», եզրափակեց Նալչաջյանը` անհրաժեշտ համարելով նշել, թե այդ դեպքում կհամաձայնի՞ արդյոք թուրքը հյուպատոս ուղարկել Հայաստան:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4