Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի (ՀԱԱՊ) նախաձեռնությամբ երեկ Երեւանի «Գորիս» առեւտրի կենտրոնում բացվեց սիրիական ապրանքների ցուցահանդես, որտեղ իրենց արտադրանքն էին ներկայացրել շուրջ 40 սիրիական ընկերություններ: Մասնավորապես, ներկայացված էին պլաստիկ իրեր, սննդամթերք, դեղագործական եւ կոսմետիկական ապրանքներ, կաշվե իրեր, կոշիկներ, հագուստ եւ տեքստիլ արդյունաբերական այլ արտադրանք, սարքավորումներ եւ այլն:
Բացելով ցուցահանդեսը, Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը նշեց, որ կարծես երեկ լիներ, երբ նման ցուցահանդես էր բացվել Հալեպում, եւ հայ արտադրողներն էին իրենց արտադրանքը ներկայացնում Սիրիայի շուկայում: ՀԱԱՊ նախագահը կարեւորեց նման միջոցառումները, որոնք ոչ միայն գործարարներին հնարավորություն են տալիս ծանոթանալու միմյանց եւ գործարար կապեր հաստատելու, այլեւ ջերմացնում են երկու ժողովուրդների հարաբերությունները: Մարտին Սարգսյանն ընդգծեց, որ Սիրիան այն երկիրն է, որն ապաստան է տվել Եղեռնից փրկված բազմաթիվ հայերի, այնտեղ ապրող հայերը Սիրիան համարում են իրենց երկրորդ հայրենիքը: Նա նաեւ հիշատակեց Սիրիայի նախագահի այցը Երեւան եւ հանդիպումը Հայաստանի նախագահի հետ, որը նոր էջ բացեց երկու երկրների հարաբերությունների մեջ:
Սիրիայի էկոնոմիկայի փոխնախարար Հասան Իդն իր ելույթում նույնպես ողջունեց այս ցուցահանդեսի անցկացումը, ասելով, որ Հայաստանն իրենց համար բարեկամ երկիր է, եւ նման ցուցահանդեսներն ամրապնդում են երկու երկրների եւ ժողովուրդների կապերը: Նա նշեց, որ Սիրիայից Հայաստան եկողները եւ Հայաստանից Սիրիա գնացողներն իրենց զգում են ինչպես սեփական երկրում:
Նշենք, որ Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները շատ փոքր ենՙ մոտ 6 մլն դոլար 2008-ի արդյունքներով, որից հիմնականըՙ 5,9 մլն դոլարը, Սիրիայից արտահանումն է Հայաստան, իսկ հակառակ ուղղությամբ 2008-ին արտահանվել է ընդամենը 86 հազար դրամի ապրանք...՞
Ա. Մ.