«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2009-10-02 | #178, 2009-10-03 | #179, 2009-10-06


ԱՐՄԵՆԱԿԱՆ-ՌԱՄԿԱՎԱՐԱԿԱՆԸ ՀԱՆԳԻՍՏ ՈՒԺԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Մենք իշխանամետ չենք կարող լինել, չենք էլ եղել, որովհետեւ իշխանություն չենք եղել, եւ ես չեմ կարծում, որ մոտիկ ապագայում իշխանություն կլինենք: Մենք չենք եղել արմատական ընդդիմություն եւ չենք էլ լինի, այլ` կընդդիմանանք, կընդդիմախոսենք այն հարցերում, որտեղ գործադիր իշխանությունները կթերանան կամ կսխալվեն, եւ կքաջալերենք-թիկունք կկանգնենք այն բոլոր ձեռնարկումներին, որտեղ իշխանությունները կաշխատեն ճիշտ, արդյունավետ, ի շահ մեր ժողովրդի: Մենք պետականամետ կուսակցություն ենք, մենք հանգիստ ուժի կուսակցություն ենք, եւ կմնանք այդպիսին», այս միտքը հնչեցրել է Արմենական-ռամկավար ազատական կուսակցության վարչության անդամ Հակոբ Ավետիքյանը (երեկվանից արդեն` ատենապետ) Առնո Բաբաջանյան ֆիլհարմոնիկ սրահում, հոկտեմբերի 3-ին բացված Արմենական-ռամկավար ազատական կուսակցության միավորիչ համաժողովի միավորիչ արարողությանը: Այդ համաժողովին ներկա էին բազմաթիվ պատվիրակներ սփյուռքից, Ռամկավար ազատական կուսակցության մի շարք շրջանակների (Կանադայից, ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Շվեյցարիայից եւ այլ երկրներից) ներկայացուցիչներ, Հայաստանի խորհրդարանական կոալիցիայի եւ ոչ խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ:

Մինչ այդ կուսակցության ատենապետ Արմեն Մանվելյանը (երեկվանից` փոխատենապետ) ազդարարել էր միավորիչ համաժողովի բացումը, Մայր աթոռի լուսարարապետ, գերաշնորհ Արարատ եպիսկոպոս Գալթագչյանը Տերունական աղոթք էր ասել:

Համաժողովն իր ուղերձով ողջունել էր նաեւ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Նշելով, որ մեր երկրի պատմության մեջ ավելի քան մեկ դար ՌԱԿ-ը հայրենասիրական, ողջախոհ, հավասարակշիռ ու գործնական քաղաքականությամբ ուրույն տեղ է զբաղեցրել ազգային-քաղաքական երանգապնակում, մանավանդ 1990-ականներից հետո հայրենիք վերադարձի եւ քաղաքական կյանքի աշխուժությանը մասնակից լինելու փաստը, ապա մոտակա անցյալի վայրիվերումներին անդրադարձ անելով` նախագահ Սարգսյանն իր ուղերձում լիահույս էր, որ այս միավորիչ համագումարից հետո ռամկավարները կկարողանան գործել միասնականությամբ, ուժերի համախմբմամբ եւ համախոհության ոգով` վերահաստատելով համբավ ունեցող կուսակցության տեսլականը. «Միասին մենք մեծ աշխատանք ունենք անելու` հանուն պետության, ժողովրդի եւ նրա միասնության», ասել էր նախագահն իր ուղերձում:

Համաժողովի մասնակիցներին ուղղված սրտի խոսք ասաց ՌԱԿ նահապետ, կուսակցության տարբեր թերթերի նախկին խմբագիր Նուբար Բերբերյանը (Բոստոն), իսկ ՌԱԿ-ում ստեղծված իրավիճակին իր ելույթում անդրադարձավ ՌԱԿ կենտրոնական վարչության երկարամյա ատենապետ, պրոֆեսոր Արշավիր Գյոնջյանը: Նա հիշատակեց կուսակցության անցյալի լավագույն ներկայացուցիչներին` Վահան Թեքեյան, Արշակ Չոպանյան, Գերսամ Ահարոնյան, Բարունակ Թովմասյան, Հայկաշեն Ուզունյան, Հրաչյա Սեդրակյան, ապաՙ ներկա դերակատարներին, ովքեր շարունակում են նախորդների հայրենաշեն ուղին` Նուբար Բերբերյան, Երվանդ Ազատյան, Հակոբ Ավետիքյան եւ այլք. «ՌԱԿ-ն իր գոյության ընթացքում հերոսական պայքար է մղել` պահպանելու կապերը Մայր հայրենիքի եւ Մայր աթոռի հետ: Շատերն են խանգարել այդ ձեռնարկին, բայց մեզ հաջողվել է այդ կապը պահպանել ու զարգացնել, եւ պատմությունը ապացուցել է մեր ազգային այդ քաղաքականության ճշմարտացիությունը», նկատեց Ա. Գյոնջյանը:

Նորից անցնելով Հակոբ Ավետիքյանի ելույթին, ով երեկ ընտրվեց Արմենական-ռամկավար ազատական կուսակցության ատենապետ, առանձնացնենք այն դիտարկումը, թե սփյուռքի տարածքում 90 տարի, հակառակ բազում փորձերի, չստեղծվեց 4-րդ կուսակցությունը, այլ մնացին երեք ավանդականները, ինչը ցույց է տալիս ոչ միայն սփյուռքահայության ավանդապաշտ կեցվածքը, այլեւ այն, որ քաղաքական դաշտը հագեցած է եւ հագեցած մնում է. «Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը` 90-ականներին վերադառնալով Մայր հայրենիք, Հայաստանի հողի վրա վերընձյուղելով Ռամկավար ազատական կուսակցությունը, Թեքեյան մշակութային միությունը, թերթը, հետագայում` Թեքեյան կենտրոնը, դա արդյունք էր մեծագույն խանդավառության, մեծագույն նվիրման», ասաց նա` հիշելով, որ Հայաստանի անկախության հռչակման հայտարարությունը ստորագրած 6 կուսակցություններից մեկը եղավ ՌԱԿ-ը: Նա հիշեց նաեւ Ռամկավար ազատական կուսակցության պառակտումները` ՀՀՇ-ի իշխանությունից սկսած մինչեւ տարբեր անհատների կողմից, 2003-ի պարտությունը խորհրդարանական ընտրություններում. «Ռամկավար ազատական կուսակցությունը, որն ուներ թվով երկրորդ մեծագույն պատգամավորական խմբակցությունը ԱԺ-ում, որոշակիորեն ընդդիմադիր կեցվածքներ, հետագայումՙ 2003 թվականի ընտրություններին, երբ ՌԱԿ-ը Հայաստանում լավագույնս պատրաստված էր, 8 հազարից ավելի անդամ ուներ, շուրջ 80 կուսակցական կառույցներ, մի շարք քաղաքներում իր գրասենյակները` Երեւանի կենտրոնական գրասենյակի հետ զուգահեռ, եւ հրաշալիորեն քարոզարշավ էր մղել, ընտրություններում պարտություն կրեց: Հավանաբար այն պատճառով, որ ընտրությունները, ընտրական ինստիտուտը Հայաստանում դժբախտաբար վերածվել են ֆինանսատնտեսական գործարքների բորսայի, սակարանի, որին պատրաստ չէր մեր կուսակցությունը... Ահա այդ պարտությանը հետեւած հուսախաբության մթնոլորտից օգտվելով` մի քանի ժուլիկներ իրենց ձեռքն առան կուսակցությունը, եւ քայքայումն սկսվեց ամբողջական կերպով: Գոնե ինչ-որ բան անեին: Քայքայումը տարածվեց բոլոր մարզերում, իրենց մեջ, նրանք իրար չեզոքացրին, եւ մնաց մեկ ժուլիկ` ամենատգետը եւ ամենաանկիրթը, որ շարունակում է վարկաբեկել կուսակցությունը»: Այդ բոլորի արդյունքում երեք համապետական իրարահաջորդ ընտրություններին ռամկավարները չմասնակցեցին:

Հ. Ավետիքյանը հասավ գլխավորին` հավատավոր ռամկավարների խումբը, գլխավորությամբ հին գվարդիայի անդամների, ընթացիկ տարվա մայիս ամսին ձեռնարկեց կուսակցության վերստեղծումը Հայաստանումՙ այն կոչելով Արմենական-Ռամկավար ազատական կուսակցություն` ոչ միայն հարգելու համար ՀՀ համապատասխան օրենքի տառը, այլեւ վերադառնալու համար արմատներին, այն ազնիվ, զուլալ ակունքներին, ինչը ջերմությամբ ընդունվեց բոլոր նախկին սառած-քայքայված շրջանակների կողմից` ընդամենը 3 ամսվա ընթացքում արդեն կուսակցությունն ունի 16-17 ակումբ Երեւանում եւ Հայաստանի մարզերում: Միավորման նպատակները պարզելով` Հ. Ավետիքյանը նշեց կուսակցության գործունեությունն արդիականացնելու, ժամանակակից եվրոպական կուսակցական ինստիտուցիոնալ աշխատանքներ Հայաստանում կիրառելու անհրաժեշտության մասին, նաեւ նշեց կենտրոնական գրասենյակն այստեղ հաստատելու, ասպարեզը երիտասարդության առաջ լայն բացելու հեռանկարը:

Համագումարը ողջունեցին կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցչները: Մինչ նրանց խոսքը ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գեւորգյանը շեշտեց` իր գիտակցության մեջ մնացել էր մեկ բառ` միավորիչ, ճիշտ ժամանակին է այդ միավորումը տեղի ունենում, քանի որ այսօր առավել, քան երբեւէ, մեր ժողովրդին այդ միավորումը խիստ անհրաժեշտ է:

Հանրային խորհրդի եւ ԱԺՄ կուսակցության նախագահ Վազգեն Մանուկյանը դիմեց ներկաներին. «Դուք մեծ պատմություն ունեք, մեծ ճանապարհ եք անցել... եւ դեռ մեծ ճանապարհ ունեք անցնելու: Հատկանշական է, որ այս իրադարձությունը կատարվում է այն ժամանակ, երբ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սկսվում է մի նոր իրավիճակ... մենք մի պարզ ճանապարհի առաջ ենք կանգնած, եւ էդ ճանապարհը պահանջելու է ոչ միայն միասնականություն, որ չմոռանանաք մեր արմատները, հետապնդենք այն խնդիրները, որոնք մինչեւ այս հետապնդում էինք, իսկ այս նոր իրավիճակում օգտվենք նոր առավելություններից, որը տալիս է այս իրավիճակը եւ նաեւ դիմակայելու համար այն խնդիրներին, որոնք մեր առջեւ կանգնելու են. մեզ պետք է ոչ միայն միասնականություն, մեզ պետք է նոր որակ», ասաց նա` ավելացնելով, թե ճանաչելով մասնակիցներից շատերին` գիտի, որ այդ մարդիկ կարող են նոր որակ ապահովել: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, թե հենց անվանումը` արմենականությունը, նշանակում է մեկ անգամ եւս գնալ դեպի արմատներ, ավելի ոգեկոչված, համարձակ գալ իրողությունների դաշտ եւ կոչնակ դառնալ այսօրվա խնդիրներին.«Ձեր գոյությունը հնարավորություն կտա հասարակությանն ու մեզ բոլորիս մեր արյունը կենդանացնելու»: Եւ ավելացրեց, թե ՀՀԿ-ն միաբանող, միավորիչ կուսակցություն է եւ ազգայնական բազմաթիվ բաղդատումներ կունենա միավորիչ համագումարի ընդհանուր գաղափարախոսության հետ:

ԲՀԿ-ն ներկայացնող Արամ Սաֆարյանը նշեց, թե իր կուսակցությունը տնտեսության մեջ ազատական արժեքներ դավանող, հասարակական կառուցվածքում ավանդական արժեքների ջատագով քաղաքական ուժ է. «Այս ծիրի մեջ մենք պատրաստ ենք Արմենական-ՌԱԿ-ի հետ համագործակցելու` համազգային կարեւորության խնդիրների լուծման ուղղությամբ», ասաց` համագործակցության երկու ուղի նշելով` ներքին քաղաքականության եւ Ցեղասպանության ճանաչման խնդրում:

ԱԻՄ-ի հիմնադիր նախագահ Պարույր Հայրիկյանը շատ կարեւորեց իր մասնակցությունը մի համագումարի, որը պետք է նպաստի ազգի միավորմանը. «Երկու օրինաչափ գործունեության մասնակից ենք, մեկնՙ այն, որ չափից ավելի բազմակուսակցական Հայաստանում տեղի է ունենում միավորում, եւ երկրորդ` կուսակցությունները պետությունում են գործում, դրանից դուրս կուսակցություն չի լինում»:

Կարծիքներ

  Հարություն Արզումանյան, ԱՄՆ եւ Կանադայի Թեքեյան միության վարչության անդամ . «Պատմական օր է ասիկա, ոչ միայն կուսակցության եւ Թեքեյանի շրջանակներու համար, այլեւ ամբողջ հայ ժողովուրդի համար, որովհետեւ, ինչպես տեսաք բոլորի խոսքերուն մեջ, վերածնունդն է սա, վերադարձ արմատներուն մինչեւ Արմենական կուսակցություն, որ առաջին հայկական կուսակցությունն էր, հիմնված 1885-ին: Այս շարժումը վստահաբար պիտի միացնե այն բարոյական զորավոր ուժը, որ այս կուսակցություններն ունեցած են անցյալին մեջ, հավասարակշռության եւ արդարամտության վերստեղծումն է, որ տեղի պիտի ունենա: Գործնական սպասումս է` Սփյուռքի եւ Հայաստանի մեջ մեր գործունեությունները համադրել ի նպաստ մեր հայրենիքի, ի նպաստ մեր ժողովրդի: Սա եղած է արդեն մեր նշանաբանը միշտ, բայց վերջին թերեւս 10-15 տարիներու ընթացքին դժվարություններ, անհամաձայնություններ տեղի ունեցան` ներքին, քիչ մըն ալ արտաքին: Կհուսանք, թե այսօրվընե ետք պիտի վերստեղծվի նախկին համաձայնությունը, եւ պիտի հաղթահարենք նախկին դժվարությունները:

  Հակոբ Վարդիվառյան . «Կսպասեինք, որ այսօրը պիտի ծներ եւ ծնավ, եւ վստահ եմ, որ իր դրական ներդրումը պիտի բերե այս կազմակերպությունը` ե՛ւ Հայաստանի մեր կառույցներեն ներս, եւ մանավանդ` Սփյուռքի մեր կառույցներուն մեջ: Բարի հաջողություն եւ բարի երթ կմաղթենք»:

  Երվանդ Ազատյան . «Ըսեմ, որ հպարտ եմ այսօր այս միավորման միջոցառումով, որուն համար երկարատեւ մենք պայքարեր ենք` ըլլա Հայաստանի մեջ, ըլլա Սփյուռքի, եւ այսօր այդ պայքարը հասած է իր պտղաբերմանը: Ես ինքավստահությամբ կդիմագրավեմ ապագան: Այսօր շատ խոսվեցավ մեր արմատներու, մեր պատմության, մեր իրագործումներու մասին, բայց այդ բոլորը մեզի հիմք կուտան, որ մենք այսօրվան կուսակցություն ըլլանք, արդիական կազմակերպություն, ավելի միասնական, եւ ավելի գործնական նպատակներու հետապնդող, քան թե սկզբունքներու, երազներու, որոնք եւս իրենց տեղը ունին, բայց մեր ժողովուրդը շատ կապված է տեսական կամ երազատեսական ծրագիրներու. մենք միշտ եղած ենք գործի, գործնականության կուսակցություն, եւ կուզեմ, որ մեր ապագան էլ ադով բնորոշվի»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4