Ադրբեջանական քարոզչամեքենան, հատկապես «Խոջալուի ողբերգության» շուրջը, գաղափարախոսական զարմանալի հնարքներ է գործածում: Բանը հասել է այնտեղ, որ 1992 թվականի փետրվարի 26-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Խոջալու` այդ ժամանակ արդեն ռազմական բազայի վերածված ադրբեջանաբնակ գյուղի վնասազերծումը սկսել է որակել իբրեւ ցեղասպանություն:
Եթե նախկինում այս թեմայի շուրջը ադրբեջանական արծարծումներն արվում էին հիմնականում Խոջալուի տարեդարձի առնչությամբ, այն էլ` զուտ տեղի ունեցած ողբերգության շեշտադրումներով, ապա այժմ դրանք հետեւողական բնույթ են կրում` ընդհուպ դպրոցներում ուսումնական առարկայի թեմա դարձնելով: Խնդիրը, սակայն, հետեւողականության մեջ չէ, ոչ էլ այն, որ Խոջալուում կատարվածը բազմաթիվ անհերքելի փաստերով ապացուցվել է որպես ազերական թակարդ իր իսկ ցեղակիցների նկատմամբ: Հատկանշականն այն է, որ հարեւան երկրում ցեղասպանություն են որակում մի իրադարձություն, որը տեղի է ունեցել իր կողմից չճանաչված պետական կազմավորման տարածքում:
Ցեղասպանությունը միջազգային իրավունքի տեսանկյունից ենթադրում է ազգային, էթնիկական, ռասայական, կրոնական որեւէ խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման նպատակով իրականացված համապատասխան գործողություններ, եւ եթե ելնենք այս տրամաբանությունից, ստացվում է, որ Խոջալուի իրադարձությունները տեղի են ունեցել կամ ադրբեջանական իշխանությունների (քանի որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն իր տարածքն է համարում), կամ էլ ԼՂՀ իշխանությունների իրականացրած միջոցառումների արդյունքում: Երկրորդ դեպքում, արդյոք, չի՞ նշանակում, թե Ադրբեջանը սրանով ճանաչում է ԼՂՀ պետական գոյությունը:
Ի դեպ, նույն այդ ժամանակաշրջանում հայ ինքնապաշտպաններն անվտանգության նկատառումներով ստիպված են եղել վնասազերծել ԼՂՀ տարածքում գտնվող ադրբեջանական ուրիշ ռազմական հենակետեր եւս, որտեղ ապրողները պատերազմական գործողությունների հետեւանքով նույնպես լքել են այդ բնակավայրերը, իսկ մեծ հաշվով` նաեւ ֆիզիկական ու նյութական կորուստներ կրել: Հարեւան երկրում այդ մասին կարծես թե լռում են, թե՞ միայն Խոջալուն բավական է, որ կարողանան հայերին մեղադրել չկատարած հանցանքի մեջ:
Թե իրականում ինչ է տեղի ունեցել Խոջալուում, կարելի է պարզել` առաջնորդվելով թեկուզեւ ադրբեջանցիների «մեծ եղբայր» թուրքերի առաջարկած հայտնի տարբերակով, այսինքն` ստեղծել ղարաբաղցի ու ադրբեջանցի պատմաբաններից բաղկացած հանձնաժողով եւ ձեռնամուխ լինել փաստերի ուսումնասիրությանը: Սակայն, եթե Հայոց ցեղասպանության պարագայում հայկական կողմը համատեղ պատմական ուսումնասիրությունների կարիք չունի, քանզի Արեւմտյան Հայաստանում Օսմանյան կայսրության իրականացրած ոճիրն անհերքելի իրողություն է, որն արդեն ճանաչել են աշխարհի տասնյակ երկրներ, ապա Խոջալուի պարագայում ԼՂՀ իշխանությունները թերեւս չհրաժարվեն Խոջալուի դեպքերի համատեղ ուսումնասիրությունից: Անշուշտ, ղարաբաղյան կողմի փաստարկները խիստ ծանրակշիռ են լինելու, բայց Ադրբեջանը նման քննարկումների հազիվ թե համաձայնի ոչ միայն այն պատճառով, որ չի կարողանա ղարաբաղցիների փաստարկներին դիմադարձել, այլեւ որ դրանով իսկ ստիպված կլինի ճանաչել ԼՂՀ-ն իբրեւ ինքնուրույն պետական կազմավորում:
Այլ մոտեցում չկա. կամ Ադրբեջանը պետք է հրաժարվի անհիմն մեղադրանքներից, կամ էլ, ինչպես հայտնի հեքիաթում է ասվում. «թող մի կոտ ոսկին տա»` ճանաչի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ու նրա հետ նստի քննարկումների: Ուրիշ հեքիաթներ, առաջին հերթին ադրբեջանական ժողովրդի համար, պետք չեն:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ