«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#177, 2009-10-02 | #178, 2009-10-03 | #179, 2009-10-06


ԲՅՈՒՋԵ 2010-ՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ ԱՆՓՈՓՈԽ

Կրճատվել են մնացած բոլոր եւ ավելացելՙ միայն բնակշինարարության ծախսերը

Ներկայացնելով 2010-ի պետական բյուջեի նախագիծը կառավարության նիստում եւ իր մամուլի ասուլիսի ժամանակ, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը շեշտել էր, որ այս տարվա բյուջեն նկատելիորեն պակաս է 2009-ի ծրագրվածից եւ անգամ վերաբաշխված բյուջեից (85 մլրդ դրամով): Նախարարի հավաստմամբ, բյուջեի նախագծով զգալիորեն կրճատվել են պետական ապարատին ուղղվող ծախսերը: Մասնավորեցնելով, նա նշել էր, որ պետական ապարատի համար սարքավորումների եւ տրանսպորտային միջոցների գնում ընդհանրապես նախատեսված չէ, ինչպես նաեւ նվազեցվել են գործուղումների եւ պետական-պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված ծախսերը:

Միաժամանակ, հիմնականը, որ մշտապես շեշտում են կառավարության պատասխանատուները, այն է, որ սոցիալական ծախսերը մնացել են անփոփոխ: Այսինքն, թոշակների, աշխատավարձերի, նպաստների կրճատում, անկախ նրանից, որ կտրուկ նվազել են ինչպես բյուջեի ծախսերը, այնպես էլ եկամուտները, նախատեսված չէ:

Համադրելով 2009-ի բյուջեի սոցիալական ծախսերը եւ 2010-ի ծախսերը, պարզ է դառնում, որ 2010-ին սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների համար նախատեսված է հատկացնել 241 մլրդ դրամ, իսկ աշխատավարձերի համարՙ 67,9 մլրդ դրամ, իսկ 2009-ինՙ սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների համար հատկացվել էր 243 մլրդ դրամ, աշխատավարձերի համարՙ 66,4 մլրդ դրամ: Փաստորեն, 2010-ի համար սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների համար ծախսերը նվազել են մոտ 2 մլրդ դրամով, իսկ աշխատավարձերինըՙ անգամ ավելացել 1,5 մլրդ դրամով: Պետք է նկատի ունենալ, որ 2009-ի բյուջեով եկամտային մասը նախատեսված էր 905 մլրդ դրամ, իսկ 2010-ինՙ 676 մլրդ դրամ, ծախսային մասըՙ 2009-ին 945 մլրդ դրամ, 2010-ինՙ 859 մլրդ դրամ: Ինչը նշանակում է, որ չնայած ծախսերի եկամուտների գրեթե 200 մլրդ դրամի նվազմանը, սոցիալական նպաստների եւ կենսաթոշակների ծախսը նվազել է ընդամենը 2 մլրդ դրամով, այսինքնՙ գրեթե մնացել է անփոփոխ: Աշխատավարձերի մասով նույնը կարելի է ասել, քանի որ 2010-ի բյուջեով, ինչպես արդեն նշեցինք, աշխատավարձերին հատկացված գումարը անգամ փոքր-ինչ ավելացել է: Բացի սոցիալական ծախսերից, մնացած բոլոր ուղղություններով հատկացված ծախսերը նկատելի նվազել են:

Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների համար 2010-ին հատկացվել է 119 մլրդ դրամՙ 2009-ին նախատեսված 123 մլրդ դրամի դիմաց, պաշտպանությանըՙ 116 մլրդ դրամ. 2009-ի 149 մլրդ դրամի դիմաց, հասարակական կարգին, անվտանգությանը եւ դատական գործունեությանըՙ 55 մլրդ դրամ, 2009-ի 64 մլրդ դրամի դիմաց, տնտեսական հարաբերություններինՙ 86 մլրդ դրամ, 2009-իՙ 103 մլրդ դրամի փոխարեն, շրջակա միջավայրի պահպանությանըՙ 4,8 մլրդ դրամ, 2009-ի 6,4 մլրդ դրամի փոխարեն, առողջապահությանըՙ 55 մլրդ դրամ, 2009-ի 66 մլրդ դրամի փոխարեն, հանգիստ, մշակույթ եւ կրոնինՙ 15 մլրդ դրամ, 2009-ի 19 մլրդ դրամի դիմաց, կրթությանըՙ 95 մլրդ դրամ, 2009-ի 126 մլրդ դրամի դիմաց, պահուստային ֆոնդերինՙ 22 մլրդ դրամ, 2009-ի 15 մլրդ դրամի դիմաց: Եվ միայն բնակարանային շինարարության եւ կոմունալ ծառայությունների գծով են ծախսերը նկատելի ավելացել, որտեղ 2010-ին 46 մլրդ դրամ է հատկացվել 2009-ի 18 մլրդ դրամի փոխարեն: Սա պայմանավորված է աղետի գոտում մեծածավալ շինարարության մեկնարկով:

Պետական կառավարման ապարատի ծախսերից հետաքրքրական են մեքենաների եւ սարքավորումների ձեռքբերման, պահպանման եւ նորոգման ծախսերը, որոնք 2010-ին կազմելու են 7,2 մլրդ դրամ, մինչդեռ 2009-ին այս նպատակով հատկացվել էր 21,8 մլրդ դրամ գումար: Այսինքնՙ ավելի քան 3 անգամ պակաս գումար: Ընդ որում, տրանսպորտային միջոցների եւ սարքավորումների ձեռքբերման համար 2010-ին հատկացվելու է ընդամենը 335 մլն դրամՙ 2009-ի 4,1 մլրդ դրամի դիմաց: Անշուշտ, դրական պետք է համարել գոնե ճգնաժամի պայմաններում մեր պաշտոնյաների պարբերաբար թարմացվող թանկարժեք մեքենաների այս տարվա ձեռքբերումներից հրաժարվելը: Կարեւոր է նաեւ, որ հետագայում եւս, հասարակության մեջ վատ ընդունվող բարձրտաստիճան պաշտոնյաների ծառայողական մեքենաների ձեռքբերման կարգը հստակեցվի եւ գտնվի ֆինանսական խիստ լիմիտների սահմաններում:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4