Սեպտեմբերի 30-ին, ժամը 17-ից Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց են դիմել 16 հիվանդ: Հետագայում հիվանդանոց դիմողների թիվն աճել է եւ հասել 47-ի: (Մեր տեղեկություններովՙ կան նաեւ տնային պայմաններում բուժված հիվանդներ): Ինչպես տեղեկացանք Լոռու մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Սամվել Լամբարյանիցՙ ախտորոշումը սննդային տոքսիկոինֆեկցիա է: Նա նշեց, որ պետական հիգիենիկ հակահամաճարակային Լոռու մարզային կենտրոնի մասնագետներն արագ արձագանքել են եւ նմուշներ վերցրել, այն «Արագ սննդի սպասարկման կետից», որտեղ սնվել էին ինֆեկցիոն հիվանդանոց դիմած հիվանդները:
Ինչպես պատմում է ինֆեկցիոն հիվանդանոց դիմած Աստղիկ Ղազարյանըՙ սրտխառնոց, գլխապտույտ է զգացել, սակայն սկզբում բժշկի օգնության չի դիմել:
- Տիգրան Մեծի պողոտայիՙ պետական մանկավարժական ինստիտուտի դիմաց գտնվող «Մաքսբուրգեր» սրճարանում սեպտեմբերի
29-ին հավով աղցան եմ կերել, կարծում եմՙ դրանից եմ վատացել,- ասաց Ա. Ղազարյանը: - Սրտխառնոց, գլխապտույտ ունեի, կարծում էի, մրսածություն է: Պալատում 3 հիվանդ ենք, բոլորս էլ նույն հավով աղցան ենք կերել: Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանի խոսքերովՙ հիվանդները հիմնականում նշում են, որ կերել են հավով եւ մայոնեզով պատրաստված աղցան: Այլ սննդատեսակների ցանկ եւս նշվում է, բայց մեծամասնությունը նշում է այդ սննդամթերքները:
- Բոլոր հիվանդներն օգտվել են «Մաքսբուրգեր» սրճարանից,- ասաց Ռ. Չիլինգարյանը: - Սննդային թունավորումներն արժանի են ուշադրության, եւ արվում է հնարավորինըՙ հիվանդներին շուտափույթ եւ արդյունավետ բուժելու համար:
Հոկտեմբերի 3-ին, առողջապահության նախարարության հանձնարարականով, Վանաձոր է ժամանել մասնագետների խումբ, որպեսզի իրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ:
Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանը նշեց. «Հոսպիտալացված բոլոր հիվանդներն օգտագործել են աղցանը հանրային սննդի այդ օբյեկտում: Սա խոսում է այն մասին, որ մենք գործ ունենք սննդային տոքսիկոինֆեկցիայի հետ: Հետազոտությունները շարունակվում են, կատարվում են բակային համայցերՙ տնային բուժում ստացող հիվանդներին հոսպիտալացնելու համար»:
Լրագրողների հետ ունեցած զրույցում ՀՀ գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը նշեց. «Պատճառը ջուրը չէ, օդը չէ, սնունդն է: Նախորդ օրերին հիվանդանոց ընդունվածների վիճակը բավականին լավ է, քանզի նրանք լուրջ բուժօգնություն են ստացել: Մի քանի հիվանդներ կան, որոնց վիճակը դեռեւս ուշադրության կենտրոնում է: Հիվանդները հիմնականում Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ուսանողներն են»:
Մեր հարցին, թե ժամկետա՞նց է եղել արդյոք սնունդը, գյուղատնտեսության նախարարության սննդի տեսչության պետ Գրիշա Բաղյանը պատասխանեց.
- Առայժմ հարցեր կան, որ դեռեւս պարզաբանման կարիք ունենՙ կապված տվյալ սննդի կետին սննդամթերք մատակարարողի, ինչպես նաեւ տվյալ սննդատեսակի պատրաստման հետ:
Ինչպես տեղեկացանք Ռ. Չիլինգարյանիցՙ 47 հիվանդի վիճակը կայուն է, իսկ լաբորատոր հետազոտությունների վերջնական արդյունքները պարզ կդառնան առաջիկայում:
Ըստ հանրապետական լրատվամիջոցներից մեկի պարզաբանմանՙ ուսումնասիրություններով հայտնաբերվել է, որ սնկով եւ հավի մսով աղցանը համեմվել է տեղում պատրաստված մայոնեզով, որի բաղադրիչ մասը տնային պայմաններում ստացված կովի կաթն է, ինչպես նաեւ հայտնաբերվել են այլ խախտումներ:
Նաեւ մեկ դիտարկում: Սովորաբար թունավորումների դեպքերից հետո այդ մասին խոսակցությունները մարում են, երբ բոլոր հիվանդները դուրս են գրվում հիվանդանոցից: Որեւէ խոսք չի լինում, թե սեփականատերը ինչ պատասխանատվության է ենթարկվել եւ արդյոք փոխհատուցվե՞լ են տուժողների կրած վնասները: Արժե մտածել նաեւ այս հարցերի օբյեկտիվ պատասխանների մասին:
ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ