«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


ԵՎ ԿՐԿԻՆ ՄՈՍԿՎԱՅԻ ՕԼԻՄՊԻՅՍԿԻ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ

Ամեն անգամ, երբ ոտք ես դնում Մոսկվայում կառուցվող եկեղեցական համալիրի շինհրապարակ, հպարտությամբ ես համակվում: Աշխարհի՞կ զգացում է: Ոչինչ: Հոգեւորի կվերածվի, երբ կդադարես ցատկոտել շինանյութերի ու աղբակույտերի վրայով:

Հայ եկեղեցու տեղի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի մոտ այս անգամ լավ առիթ եղավ ծանոթանալու համալիրի նախագծի հեղինակ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի դոցենտ Արտակ Ղուլյանի հետ: Ճգնաժամի հարուցած դժվարությունների եւ դրանց հաղթահարման «տիտանական» ջանքերի շուրջը զրույցից հետո սրբազանն առաջարկեց, որ կառույցում կատարված աշխատանքների մասին այս անգամ պատմի ինքը` ճարտարապետը: Կանգնեցինք հենց շինհրապարակի կենտրոնում:

- Ներկա փուլում հիմնականում տարվում են երեսպատման աշխատանքները, ասում է Ղուլյանը` քանի որ ներքին հարդարման աշխատանքները կարող են իրագործվել նաեւ ձմռանը: Իսկ բոլոր օբյեկտների ընդհանուր երեսպատումը, հեշտ է ասելը, կազմում է մոտ 15000 քմ: Այն իրականացնում են Հայաստանից եկած շինարարները, քանզի միայն նրանք գիտեն տուֆի մշակման «գաղտնիքները»:

Մայր տաճարում երեսպատումից բացի դեռ շատ գործ կա անելու, իսկ ահա մատուռը, որը «փոքր» է սոսկ տաճարի համեմատ, շինարարները պատրաստվում են հանձնելու առաջիկա ամիսներին: Հատուկ ուշադրություն են գրավում բազում զարդաքանդակները, խաչերն ու հարթաքանդակները: Մոտ 70-80 տոկոսով երեսպատված են վարչական մասնաշենքը եւ դպրոցը: Տարօրինակ է, բայց այս ժամանակահատվածի հիմնական դժվարությունը կապված է Հայաստանից տուֆի առաքումների ձգձգումների հետ:

- Հայ շինարարներն այստեղ, անվարան կարող եմ հավաստել, անթերի են աշխատում, եւ ես ուղղակի հիացած եմ նրանց վարպետությամբ,- շարունակում է Ղուլյանը: «Ավելին, երեւանցի մասնագետների հետ համագործակցությամբ նրանք ստեղծել են հատուկ մի հաստոց, որը զարդաքանդակի գծագիրը վերածում է քարե քանդակի: Ասել է թե` հայ եկեղեցաշինության մեջ տեղ են գտնում ժամանակակից տեխնոլոգիաներ. տվյալ հաստոցը 8 ժամում իրականացնում է մինչեւ երեք ամսվա ձեռքի որակյալ աշխատանք: Մի ուրիշ ինքնաշեն սարք էապես հեշտացնում է կամարների ու ձեւավոր տարրերի մշակումը»:

Ղուլյանը, որ շատ այլ եկեղեցիներ էլ է նախագծել, այնքան է սիրահարված իր այս ստեղծագործությանը, որ կանոնավոր կերպով այցելում է Մոսկվա եւ անմիջականորեն հետեւում շինարարության ընթացքին: Արմատական փոփոխություններ չի մտցնում, սակայն ճշգրտում կամ հարստացնում է զանազան մանրամասներ (օրինակ` մատուռը երկու կողմից զարդարող հուշաքարերի վրա որոշեց «դրոշմել» հայոց այբուբենն ու «Հայր մերը»): Իսկ երբ Մոսկվայից բացակայում է, այդ գործը լրիվ վստահում է կառույցի գլխավոր ինժեներ Համլետ Պողոսյանին : Թեեւ էլեկտրոնային կապն ամենօրյա է: «Շատ բանիմաց, աշխատասեր, բարեխիղճ մասնագետ է», ասում է ճարտարապետը:

Եզրաս սրբազանը «ի լրումն» նշեց, որ ճգնաժամը` ճգնաժամ, բայց աշխատանքները կանգ չեն առնում: Նա պատմեց, որ մի անգամ, երբ հնարավորություն չի եղել ժամանակին վճարելու աշխատավարձերը, հայ շինարարները սփոփել են նրան` ոչինչ, սրբազան ջան, դարդ մի արեք, եթե պետք լինի, ձրի էլ կաշխատենք, ասել են նրանք, ի խորոց սրտի հուզելով հոգեւոր առաջնորդին:

Անցնենք լուսանկարային լեզվին: Ինչպես տեսնում եք, Ռուսաստանի մայրաքաղաքի նշանավոր Օլիմպիյսկի պողոտայում հիրավի հառնում է եկեղեցական, բայց նաեւ ազգային-կրթական-մշակութային-համայնքային վեհաշուք մի կենտրոն:

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա


Նկար 1. Մայր տաճարը

Նկար 2. Նախագծի հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարները

Նկար 3. Արդիականն ու ավանդականը

Նկար 4. Վարչական մասնաշենքը

Նկար 5. Մատուռը

Նկար 6. Դպրոցը

Նկար 7. Աստծո զորությամբ սրբազանը կոտրում է քարը

Նկար 8. Մատուռի գմբեթը


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4