Մարո Պետրոսյան (Հյուստոն, ԱՄՆ) - ԱՄՆ եւ Կանադայի ՌԱԿ Արեւելյան շրջանային վարչության քարտուղար, Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անդամ եւ նաեւ ԹՄՄ-ի գործադիր մարմնի ատենապետուհի:
Մարո Պետրոսյանը առաջին անգամ Հայաստան էր այցելել 1980-ին, եւ ահա 29 տարի անց կրկին այցելել է կարեւոր առաքելությամբ: Չնայած երկար ընդմիջմանը, տարիների հեռավորությունը երբեք նրան հեռու չի պահել հայրենիքի համար կարեւոր գործեր ձեռնարկելու ու դրանք իրականացնելու գործից: Իհարկե Երեւանը չի ճանաչել, ու ոգեւորված նշում էր, որ դեպի լավը շատ-շատ առաջընթաց է ապրել, տպավորված է երիտասարդների կոկիկ հագուկապով, ամեն քայլի գեղեցիկ հայուհիներ տեսնելիս: Ըստ նրա, Երեւան քաղաքը երբեք այն տպավորությունը չի տա, որ աղքատ երկրի մայրաքաղաք է, չնայած որ Ամերիկայում Հայաստանին ակնարկում են որպես 3-րդ աշխարհի երկիր:
Տկն Պետրոսյանի հետ զրույցն ընթացավ հիմնականում ԹՄՄ-ի այն ծրագրի շուրջը, որն արդեն հրաշալի կերպով իրականացվում է տարիներ շարունակ: Խոսքըՙ Հայաստանի 4 եւ Արցախի 1 դպրոցների ուսուցիչներին եւ աշխատողներին ամեն տարի դրամական օգնություն տրամադրելուն է վերաբերվում:
Մարո Պետրոսյանը նաեւ հրավիրված էր մասնակցելու ՌԱԿ-Արմենական համաժողովին, ուստի խնդրեցի իր տպավորությունները կիսել «Ազգի» ընթերցողների հետ: Մինչեւ համաժողովի բացումը, սփյուռքից ժամանած կուսակցական ընկերներով, պատմում էր տկն Պետրոսյանը, հանդիպեցինք ՌԱԿ-Արմենական վարչության անդամների հետ եւ շատ ուրախացա ու տպավորվեցի, որ ոչ միայն գիտակից, այլեւ երիտասարդ ուժ է հավաքված, որը ներշնչում է, որ այս անգամ Հայաստան մուտք գործած Ռամկավար Ազատական կուսակցությունն անպայման հաջողություններ կունենա: Համաժողովի ոգին, միտքը, որը միացնելն է ՌԱԿ-ի բոլոր շրջանակները, շատ տպավորիչ էր: Այն իր շատ կարեւոր դերն ու նշանակությունը կունենա հետագա բոլոր գործառույթներում:
Արդեն նշեցինք, որ տկն Պետրոսյանը կարեւոր առաքելություն է իրականացնում Վահան Թեքեյանի անվան կրթօջախներում եւ դպրոցներում: Հենց այդ մասին էլ զրուցեցինք: Ինը տարի առաջ ԱՄՆ-ի եւ Կանադայի ԹՄՄ կենտրոնական վարչությունը կազմեցին մի ծրագիր, եւ այն իրականացնելու համար այդ երկու երկրներում գործող բոլոր հայկական կառույցներին ուղարկեցին 6000 նամակ, որով հայտնում էին, որ կազմակերպվում է դրամահավաք Հայաստանի Թեքեյան դպրոցների ուսուցիչներին եւ աշխատողներին դրամական օգնություն տրամադրելու մասին: Բացի դրանից, Թեքեյան միությունը կազմակերպում է մի շարք միջոցառումներ եւ դրանց ընթացքում հավաքված գումարները նույնպես ուղղվում են այդ ծրագրին: Ահա այդպես էլ գոյանում են այն գումարները, որոնք ամեն տարի բաժանվում են Հայաստանի ու Արցախի դպրոցներին, պատմում էր տկն Պետրոսյանը:
Իսկ այն հարցին, թե հեշտությա՞մբ են այդ ծրագրին հայերը դրամներ տալիս եւ արդյոք իրենց խնայողությունների՞ց է տրվում, Մարո Պետրոսյանը թեթեւ ժպտաց ու ասաց. «Ամերիկայում հեշտ չէ աշխատելը, մինչդեռ դրսում ապրող մարդիկ կարծում են, որ Ամերիկայի փողոցներում դոլարները թափված են: Այդպես չէ, մարդիկ շատ ծանր աշխատանքով են իրենց գումարները վաստակում: Բայց անկախ բոլոր բաներից, հայ ժողովուրդը սփյուռքում իսկապես հայրենասեր է, ու անկախ իր դժվարություններից, բարձր է գնահատում հայրենիքին օգնելու գաղափարը, գնահատում ուսուցիչների կարեւոր աշխատանքը, որովհետեւ հենց նրանք են կրթում ու դաստիարակում մեր հայ սերունդին ու հայ քաղաքացուն, ապագա ղեկավարներին: Եվ այդ գիտակցությամբ էլ իրենց որոշ բաներից զրկելով, կարեցածին չափ դրամներ են տալիս այս ծրագիրը իրականացնելու համար: Հաճախ մարդիկ, զանգահարելով մեզ, ուզում են իմանալ, թե ո՞ւր են գնում իրենց տված գումարները ու ցանկանում ավելի մանրամասն տեղեկանալ: Եվ ամեն անգամ Հայաստան այցելած մեր պատվիրակները իրենց ձեռքով են հանձնում այդ գումարները ու այդ պահերը արձանագրում, նկարահանում: Նաեւ «Ազգ» օրաթերթը, ձեր գրություններն է տեղադրում իր կայքէջում, որով ավելի լավ տեսանելի է դառնում ծրագրի իրականացումը, որի հաջողությունն էլ հենց մարդկանց վստահությունն է: Այն նամակները, որ ուղարկում ենք ապագա նվիրատուներին, մանրամասն բացատրում ենք Հայաստանում ուսուցչի դժվարին եւ քրտնաջան եւ միաժամանակ շատ կարեւոր դերի մասին: Իսկ հետո դրամները Հայաստան բերելով, ձեռամբ հանձնում ենք ու այդ մասին կրկին շնորհակալական նամակներ ենք ուղարկում նվիրատուներին, պատմելով ու լուսանկարներով դրանք ներկայացնում: Մի խոսքովՙ ամեն ինչ արվում է ամենայն ճշտությամբ ու խիստ հսկողությամբ: Նաեւ հետագայում բոլոր նվիրատուների անունները զետեղում ենք մեր թերթերում: Նվիրատվությունը կատարում ենք տարին մեկ անգամ եւ տարեցտարի նվիրատուների թիվն ավելանում է եւ դրա շնորհիվ նաեւ ավելանում է նվիրաբերվող գումարների չափը», պատմում էր տկն Պետրոսյանը: Սկզբում ծրագիրը 120 դոլարով սկսեցինք 3 դպրոցների համար, հիմա այդ գումարը դարձել է 160 դոլար, ընդգրկելով հինգ դպրոց, որից 130 դոլար ուսուցիչներին, 30 դոլար աշխատողներին:
Հույս ունենք, որ եկող տարի, երբ կտոնենք այս ծրագրի 10-ամյակը, մեկ դպրոց էլ կավելանա եւ դա երեւի կլինի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի արվեստի դպրոցը: Նշենք, որ այս անգամ ԱՄՆ-ից ու Կանադայից ժամանած թեքեյանցիների 9 հոգանոց պատվիրակությանը իր այցը Հայաստան սկսել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Բերձորի միջնակարգ դպրոց այցելելով: Տկն Պետրոսյանն իր անջնջելի տպավորությունների մասին պատմում էր ու նշում, թե ինչպես բարձրաբերձ լեռների մեջ ծվարած 200 աշակերտ ունեցող դպրոցը, որը վերանորոգման կարիք ունի, մեծ խանդավառությամբ, հետաքրքրական մշակութային ձեռնարկով են դիմավորել հյուրերին ու ճանապարհել: Այդ այցից շատ տպավորված, պատվիրակության անդամները նոր ծրագրեր իրականացնելու առաջարկներ են արել: Հաջորդ այցերը Երեւանի եւ Գյումրիի Վահան Թեքեյանի անվան դպրոցներն էին: Երեւանի Վ. Թեքեյանի անվան դպրոցի կրթական մակարդակը հիացրել էր հյուրերին ու այդ մասին նրանք իրենց գոհունակությունն էին հայտնել տնօրենուհի Անահիտ Խալաթյանին: Հյուրերը շատ գոհ էին, որ Գյումրիում պրն Հանցմանի կողմից հրաշալի դպրոցի շենք է կառուցվել եւ նվիրվել թեքեյանցիներին:
Մեր զրույցի ավարտին, փորձեցի պարզել, թե միայն հայե՞րն են ծրագրին գումարներ տալիս, թե՞ կան նաեւ օտարներ, տկն Պետրոսյանը նշեց, որ նամակների հեղինակներին իրենք չեն ճանաչում, բայց գիտեն, որ բոլորը հայեր են եւ իրենք էլ հայերին են դիմում միայն: Եվ մտահոգված, որ Ամերիկայում միայն երկու հայկական դպրոց կա, ու նաեւ կիրակնօրյա այլ դպրոցներ, սակայն դեռ շատ խնդիրներ կան հայոց լեզվի պահպանության, հային հայ պահելու համար եւ հենց այդ ու շատ այլ ազգապահպան հարցերի եւ խնդիրների լուծումով էլ զբաղվում են Թեքեյան մշակութային միության 10 մասնաճյուղերը ԱՄՆ-ում եւ Կանադայում, տեղեկացրեց Մարո Պետրոսյանը:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ