«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻ ՄԱՍԸ ՎԵՆԵՏԻԿՈՒՄ

Վենետիկ հասնելուն պես յուրաքանչյուր հայի նման քարտեզի վրա սկսեցի փնտրել Սուրբ Ղազար կղզին: Բարեբախտաբար, անցորդներից շատերը ծանոթ էին հայկական կղզուն եւ հուշեցին ինչպես հասնել այնտեղ. «Ամեն օր ժամը 14.45-ին 20 համարի նավը Ս. Զաքարիա նավակայանից գնում է Սուրբ Ղազար կղզի, սինյորա, եւ վերադառնում ժամը 5-ին»:

Ընդամենը քսան րոպե արագընթաց նավում, եւ ես, այցելուների մյուս խմբի հետ, հայ մշակույթի ամենակարեւոր կենտրոններից մեկում եմ: Նավից իջնելուց անմիջապես նկատեցի մեծ ցուցանակը, որի վրա հայերեն գրված էր. «Ս. Ղազար, Մխիթարեան մայրավանք: Բարի գալուստ, հայրենակից»: Այգում տեղադրված էր միաբանության հիմնադիր Մխիթար Սեբաստացու արձանը, որի մոտ լուսանկարվել էին շտապում հայ այցելուները: 1816 թվականին անգլիացի մեծ գրող Ջորջ Բայրոնը կղզում վեց ամիս ուսումնասիրել է հայոց լեզուն: Այդ մասին է հիշեցնում պատերից մեկին ամրացված ցուցանակը, որի վրա Բայրոնի հայտնի խոսքերն են կղզու մասին. «Այցելուները կհամոզվեն, որ նույնիսկ այս կյանքում կան ավելի լավ եւ հետաքրքրական բաներ»:

Սուրբ Ղազարի այցելության տոմսի արժեքը վեց եվրո է, սակայն հայ տոմսավաճառն անսխալ տարբերակում է իր հայրենակիցներին ու հայերին ներս թողնում անվճար: Նա նշեց, որ կղզի տարեկան այցելում են հարյուրավոր հայ այցելուներ, սակայն այլազգիների հետաքրքրությունը եւս մեծ է, ինչն էլ վկայում է զբոսաշրջիկների տարեցտարի աճող թիվը:

Մխիթար Սեբաստացին միաբանությունը հիմնել է 1701 թվականին, Կ.Պոլսում, սակայն 1717 թվականին թուրքերի հետապնդումից ազատվելով` հիմնավորվում են Սուրբ Ղազարում: Այս կղզում էր, որ 1512 թվականին Հակոբ Մեղապարտի շնորհիվ լույս տեսավ հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը»:

Կարծում էի, թե միաբանության հայրերից մեկը պետք է ծանոթացնի կղզու պատմությանը, մինչդեռ երիտասարդ, ժպտադեմ մի աղջիկ ներկայացավ որպես ուղեկցորդ: Զբոսաշրջիկներին նա կղզու մասին պատմում էր իտալերենով, շատ հակիրճ թարգմանելով անգլերեն: Հայերենի մասին խոսք անգամ չկար: Պարզվեց, նրա մայրը հայ է, սակայն այն հարցին, թե հայերեն խոսո՞ւմ է, ժպտալով պատասխանեց. «Մի քիչ»:

Միաբանությանը մեր ծանոթությունը սկսվեց վանքից: Այստեղ էր, որ եվրոպացի այցելուները սկսեցին պարզաբանել, թե ինչպես է, որ հայերը Հայաստանյայց առաքելական եկեղեցու հետեւորդներ են, իսկ Մխիթարյանները` կաթոլիկ:

Վանքից հետո այցելեցինք ճաշարան, ուր դարեր շարունակ ճաշել են միաբանները: Սեղաններին դրված սպասքն այնպիսի տպավորություն էր թողնում, ասես հենց հիմա պետք է ներս մտնեին միաբանները ճաշելու, ինչպես դարեր առաջ:

Մխիթարյանների գրադարանը, որ մեր հաջորդ կանգառն էր, հայ գիտության ամենախոշոր կենտրոններից է, պարունակում է 150.000-ից ավելի գրքեր: Միաբանության թանգարանում կարելի է գտնել 4000-ից ավելի հայկական ձեռագրեր:

Թանգարանի պատերը զարդարում էին Հովհաննես Այվազովսկու, Մարտիրոս Սարյանի կտավները:

Փոքրիկ դրախտ հիշեցնող կղզուց հեռանալուց առաջ այցելուների գրքում նշեցի. «Երջանիկ եմ, որ այսօր եղա հայ մշակույթի այս հայտնի կենտրոնում: Հեռանում եմ վերադառնալու ակնկալիքով»:

ՌՈՒԶԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4