«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#178, 2009-10-03 | #179, 2009-10-06 | #180, 2009-10-07


ԵՐՈՒՍԱՂԵՄՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆ: ՎԵՐԱԴԱՐՁ

Մաս հինգերորդ

Իր տպավորությունների հինգերորդ մասում նախկին երուսաղեմահայ Արթուր Հակոբյանը (հայոց պատրիարքարանի նախկին մամլո քարտուղար) քննարկում է այն հարցը, թե արդյոք խաղաղություն կարո՞ղ է հաստատվել արաբների եւ իսրայելցիների միջեւ: Առաջին 4 մասերը տեսնել «Ազգի» օգոստոսի 20-ի, 21-ի, 29-ի եւ սեպտեմբերի 10-ի համարներում:

Թեթեւ քամի է փչում: Գլխավերեւումս «Քուբաթ ալ Մահրա» (ժայռի գմբեթը) մզկիթի գագաթնամասն է փարոսի նման շողարձակում, ոսկեփայլ հախճասալիկները երկինք են հասցնում հազարավոր ծնկաչոք երկրպագողների աղոթքները: Սպասում եմ ուղեվարիսՙ Աբու Ֆադիին, որին Վաքֆըՙ գերագույն իսլամական խորհուրդն է նշանակել: Դոկտ. Յուսուֆ Նաթշեն, ով միաժամանակ իսլամական հնէաբանության բաժնի տնօրենն է, իր սպարտական գրասենյակում ինձ արդեն տեղեկացրել է տեղի արաբ բնակչությանն սպառնացող զարգացումներին: Իրավիճակը տխուր է: Քուբաթ ալ Մահրա եւ Ալ Աքսա մզկիթները պարփակող Հարամ ալ Շարիֆ սրբավայրը ներկայումս գտնվում է ոչ թե Վաքֆի (ինչպես եղել էր հորդանանյան տիրապետության ժամանակ), այլ Իսրայելի ոստիկանության հսկողության ներքո եւ անվտանգության նպատակներով արգելված տարածք է: Ոստիկանությունը չի ցանկանում, որ կրկնվեն պաղեստինյան երկրորդ «ինթիֆադայի» (ապստամբություն) խռովությունները: Սրբավայրի մուտքը հնարավոր է Բաբ էլ Մաղարբե կոչված դարպասից, որը մեկն է ընդհանուր 12 մուտքերից: Մինչդեռ Աբու Ֆադին ինձ սպասում էր «Առյուծի դարպասի» մոտ: Վազելով հասնում եմ նրան եւ պարզում, որ ուղեվարս շատ հաճելի մի անձնավորություն է, լավ տեղեկացված եւ զրուցասեր:

Մինչ նա ընկերակցում է ինձ եւ առաջնորդում ներս, հին քաղաքի մեկ վեցերորդ մասը կազմող այդ տարածքը հիացնում է ինձ իր գեղեցիկ, հմայիչ կառույցներովՙ ամեն մի քայլ պատմության մի նոր էջ է բացում իմ առաջ: Կարդում եմ Քուբաթ ալ Մահրայի վրա ոսկե տառերով փորագրված Ղուրանի տողերը, որոնք, ըստ «Ալ Քուդս» համալսարանի իսլամական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն դոկտ. Մուսթաֆա Աբու Սուեյի խոսքերի, նման են կանանց վզին շողշողացող մանյակի:

Մի փոքր անց եմ հանդիպում նրան, եւ լահմաջունի սեղանի շուրջը նա բացատրում է Ալ Աքսայի նշանակությունը մահմեդականների համար: Դա երկրորդ ամենասուրբ մատուռն էՙ 7-րդ եւ 9-րդ դարերի Ումմայադ խալիֆներՙ Աբդ էլ Մալիք իբն Մարուանի եւ նրա որդի Էլ Ուալիդի անշահախնդիր ջանքերի արգասիքը: «Մահմեդականների պարտականությունն է պահպանել այս վայրը որպես հոգեւոր կենտրոն», ասում է նա:

Շրջագայության ավարտին դրսումՙ ծառի շուքին կանգնած հանգստանում եմ: Դիմացս մի արաբ ընտանիք «պիկնիկ» է կազմակերպել: 4-5 տարեկան մի աղջնակ անմեղ հայացքով ինձ է նայում: Անմիջապես լուսանկարում եմ նրան, եւ նա անհետանում է: Չգիտեմՙ գեղեցիկ ժպիտը ինչ առիթով էր հայտնվել նրա դեմքին, բայց չեմ կարող չմտահոգվել նրա ապագայով: Ի՞նչ է սպասում նրան ապագայում: Նրան կամ որեւէ մի հրեա, քրիստոնյա կամ այլ դավանանքի երեխայի, որն այժմ մեծանում է աշխարհի կենտրոնը համարվող այս սուրբ քաղաքում:

Հարցը ոչ միայն ինձ, Նաթշեին եւ Աբու Սուեյին է մտահոգում, այլեւ բոլոր արաբներին, հրեաներին, քրիստոնյաներին եւ առհասարակ աշխարհին:

Երուսաղեմի ակադեմիական շրջանակները արաբ-իսրայելական հաշտեցման ջանքերի առաջին ջատագովներն են ինչպես անձնական, այնպես էլ մտավորական մակարդակներում: Եբրայական եւ «Ալ Քուդս» համալսարանների համագործակցությամբ ստեղծված http://www.jerusalem-library.org օնլայն գրադարանը վառ վկայությունն են բոլոր այն բարի կամքի տեր մարդկանց վճռականության, ովքեր գիտակցում են, որ իրենց ճակատագիրն է համատեղ ապրել այդ հողակտորի վրա: Իրականում իսրայելցիներն էին ինձ հանձնարարել հանդիպել այնպիսի պաղեստինցի մտավորականների հետ ինչպիսիք են Սարի Նուսեյբեն («Ալ Քուդս» համալսարանի պրեզիդենտը), Ալի Քլեյբոն (մարդաբան), Մոհամմեդ ալ Ալամին (պատմաբան) եւ Հայֆա ալ Խալիդին (գրադարանավար):

Պաղեստինցի մի գիտաշխատող ինձ հորդորում էր, որ խաղաղություն կարող է հաստատվել արաբների եւ իսրայելցիների միջեւ միայն այն ժամանակ, երբ արաբները ընդունեն Իսրայելի գոյությունը: «Խաղաղությունն, իհարկե, հնարավոր է երկու ժողովուրդների միջեւ, բայց երկու կողմից էլ մեծ զոհողություններ է պահանջում», ավելացնում է իսրայելցի մի մտավորական:

Նախկինում «Սեյնթ Ջորջ» դպրոցի ուսուցչուհի Հայֆա ալ Խալիդիի կարծիքովՙ խաղաղությունը չի կարող մոտալուտ լինել: Բաբ էլ Սիլսիլահ թաղամասում գտնվող 13-րդ դարի մամլուկների շենքում տեղավորված գրադարանում, որտեղ նա աշխատում է, իսլամական աշխարհի ամենաթանկարժեք ձեռագրերն են պահպանվում, ներառյալ օսմանյան շրջանի «ֆիրմանները» (որոշումները), որոնցից ամենահինը հազար տարվա վաղեմություն ունի: Խալիդիները արդեն երեք հարյուր տարի հավաքում են այդ ձեռագրերը, բայց ներկա գրադարանը հիմնվել է 1900-ին: Հայֆան ցույց է տալիս արժեքավոր մատյաններ եւ արաբական գեղագրությամբ իմ հիացմունքը երբեմն մթագնում է տարիների ընթացքում որոշ էջերի վրա առաջացած «խոռոչների» պատճառով:

Թարգմ. Հ. Ծ.


Նկար 1. Ի՞նչ ապագա է սպասում այս երեխային:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4