Դասական երաժշտության «Վերադարձի փառատոնը», որ մեկնարկեց սեպտեմբերի 22-ին, երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը ներկայացրեց փառատոնային երրորդ համերգըՙ «Հայաստան-Բուլղարիա. երաժշտական կամուրջներ» խորագրով: Ծրագիրը, որ կազմվել էր բուլղարական 12 կամերային նվագախմբերի կատարմամբ բուլղարացի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները ունկնդրելուց հետո, ներառում է 8 կոմպոզիտորի 8 երաժշտական կտավ:
«Համերգը շարունակությունն է հայ-բուլղարական համագործակցության երաժշտության ասպարեզում, այն սկսվել է 1961-իցՙ երկու երկրների կոմպոզիտորների միությունների նախաձեռնությամբ եւ ընդհատվել Խորհրդային Միության փլուզմանը զուգահեռ: Նախորդ տարվա ամռանը, բարեբախտաբար վերականգնվել ու ակտիվացել է այդ համագործակցությունը, ինչի շնորհիվ էլ հունիսի 15-ին Սոֆիայում կայացավ համերգՙ հայկական ժամանակակից երաժշտության», երեկ համերգին նախորդած հանդիպման ընթացքում տեղեկացրեց Հայկական երաժշտական համաժողովի նախագահ Լեւոն Չաուշյանը :
Բուլղարիայի կոմպոզիտորների միության նախագահ Վաիսլավ Զաիմովը հավաստիացրեց. «Բուլղարիայում շատերն են զբաղվում երաժշտություն հիշեցնող ինչ-որ բան ստեղծելով, սակայն իրական կոմպոզիտորները քիչ են: Այնուամենայնիվ ժամանակակից երաժշտությունը մեր երկրում ստեղծվում, բայց անհրաժեշտ չափով չի կատարվում: Կա դեռեւս չճանաչված գործեր կատարելու երաժիշտների քիչ դրսեւորվող ցանկությունը, բայց նման իրավիճակի պատճառը մշակույթի ոլորտում պետական քաղաքականության բացակայությունն է, որ բերեց նաեւ պետական հեռուստառադիո ալիքներից գիտահանրամատչելի եւ մշակութային հաղորդուների փակման»:
Մշակութային ու ստեղծագործական միությունների ձեռնարկած միջոցներն էլ, Զաիմովի կարծիքով, շոշափելի արդյունքներ չեն տալիս, քանի որ անջատ են: Նմանատիպ միջոցառումներից բանախոսը նշեց բուլղարական ժամանակակից երաժշտության ամենամյա փառատոնը, որ կազմակերպում է կոմպոզիտորների միությունը եւ ամեն անգամ ներկայացնում շուրջ 120 գործ:
«Փառատոնն օգնում է ժամանակակից կոմպոզիտորներին հանրությանը ներկայացնելու իրենց գործերը, իսկ երիտասարդ երաժիշտներինՙ հանդես գալու ասպարեզ տրամադրում: Եվ որքան էլ հաջողում է այդ գործում, այնուամենայնիվ չի կարող լրացնել ողջ պակասը»,- կարծիք հայտնեց բուլղարացի կոմպոզիտոր Յորդան Գոշեւը :
Նկատի ունենալով Հայաստանի եւ Բուլղարիայի խնդիրների համանմանությունը մշակույթի ոլորտում եւ կոմպոզիտորների միությունների աշխատանքը համեմատելով` Չաուշյանը նշեց. «Հարկ եմ համարում նշել, որ անկախ ներկայացված դժվարություններից, Բուլղարիայի կոմպոզիտորների միությունը մեծ աշխատանք է իրականացնում: Եվ որքան էլ համադրելի են մեր երկրների կոմպոզիտորների միությունների խնդիրները, այնուամենայնիվ որեւէ համադրություն չկա այդ երկու կազմակերպությունների գործունեության ծավալների առումով»:
«Վերադարձի փառատոնի» շրջանակներում հաջորդՙ չորրորդ համերգը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` մենակատարներ Կորյուն Ասատրյանի (սաքսոֆոն, Գերմանիա) եւ Էնրիկե Ուգարտեի (ակորդեոն, Իսպանիա) մասնակցությամբ:
ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ